Լարրի Գագոսյանն արվեստի անառարկելի «հոտառություն» ունի

16/10/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մշակութային կյանքն ու զարգացման տենդենցները լուսաբանող «Art Review» ամսագիրն իր վերջին համարի էջերում տպագրել է մշակույթի ոլորտի ամենահեղինակավոր մարդկանց ցուցակը: Այն գլխավորում է Christie’s աճուրդի տան տնօրեն, ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսու Պինոն, իսկ երկրորդ տեղում է մասնավոր խոշոր պատկերասրահների տեր Լարրի Գագոսյանը: Երրորդ տեղում է Լոնդոնի Tate ցուցասրահի տեր սըր Նիկոլաս Սերատոն:

Լարրի Գագոսյանն արդեն մի քանի տարի շարունակ այդ ցուցակի առաջին հորիզոնականներում է, նա համաշխարհային արտ-շուկայի արքա է: Այդպես են նրան բնութագրում աշխարհի նկարիչներն ու թերթերը: Լարրի Գագոսյանը ժամանակակից գեղարվեստի շուկայում շատ բարձր հեղինակություն եւ բարձր հավակնություններ ունի: Նա ծնվել է 1945 թվականին, Կալիֆոռնիայում, հայ գաղթականների ընտանիքում: Իր առաջին փոքր ցուցասրահը բացել է Սանտա Մոնիկա քաղաքում, իսկ այժմ պատկերասրահների ցանց ունի Նյու Յորքում, Լոնդոնում, Լոս Անջելեսում: Եվ հիմնականում ցուցադրում ու վաճառում է ժամանակակից ամերիկացի եւ բրիտանացի նկարիչների աշխատանքները: «Art Review» ամսագիրը գրում է, որ ոչ ոք չգիտի, թե որտեղի՞ց է այդ չափազանց հաջողակ եւ ագրեսիվ աշխատաոճ ունեցող արտ-դիլերը ֆինանսներ ձեռք բերում եւ ինչպե՞ս է կարողանում իր պատկերասրահների դահլիճներում ցուցադրել ամենահայտնի նկարիչներին, որոնք պատիվ են համարում Gagosian Gallery-ում ցուցադրվելը: Իսկ այդ ամենը սկսվել է էժանագին վերատպումներից, որոնք երիտասարդ Գագոսյանը վաճառում էր փողոցներում: «Ես 2-3 դոլարով պլակատներ ու կոպիաներ էի գնում, դնում էի դրանք ալյումինե շրջանակների մեջ, այնուհետեւ 10-15 դոլարով վաճառում էի»,- պատմում է նա: Իսկ այժմ նրա պատկերասրահներում վաճառվող նկարների գները մի քանի մլն դոլարի են հասնում: Նա վաճառելու էքսկլյուզիվ իրավունք է ձեռք բերել այնպիսի նկարիչների աշխատանքները, ինչպիսիք են Էնդի Ուորհոլն ու Ուլյամ Դե Կունինգը: 13 տարի առաջ նա ամենախոշոր գործարքներից մեկը կատարեց եւ վաճառեց Պիտ Մոնդրիանի կտավը 10 մլն դոլարով: Սակայն արտ-դիլերը չի սիրում հրապարակել իր կատարած գործարքների գումարները. թերեւս գործարքների անանուն եւ ոչ հրապարակային լինելը շատ նկարիչների համար վստահության գրավական է դարձել: Իսկ Լարրի Գագոսյանն առաջին հերթին վստահում է իր սեփական ճաշակին ու համոզված է, որ արվեստի շուկայում լավագույններն իրենց արժանի տեղը գտնում են: Նա ինքն իրեն գնահատող գնորդի եւ նկարչի միջեւ միայն միջնորդ է համարում: Ընդհանրապես ժամանակակից նկարիչների աշխատանքների վաճառքը համարվում է արտ-շուկայի ամենառիսկային հատվածը: Որքան երիտասարդ ու անհայտ է նկարիչը, այնքան մեծ ռիսկ կա, որ նրա անունն ու կտավները կարող են եւ չհասնել գների կիզակետին, սակայն եթե նրանց սկսում ես ճիշտ պահին եւ ճիշտ վայրում գովազդել, շատ ավելի մեծ շահույթ ես ստանում, քան հայտնիների գործերի վերավաճառքից: Լարրի Գագոսյանն այդ պահն ու վայրը կարողանում է անվրեպ հաշվարկել:

Լարրի Գագոսյանը հայտնի է ոչ միայն արվեստի «հոտառությամբ», այլեւ` իր շքեղ առանձնատներով եւ նույնքան շքեղ ընկերուհիներով: Նա գիշերային ակտիվ կյանք է վարում եւ սպորտային ավտոմեքենաների շատ հարուստ հավաքածու ունի: Արտիստիկ ու էքստրավագանտ խառնվածքի տեր մարդ լինելով` Լարրի Գագոսյանը միաժամանակ «երկաթյա» բիզնեսմենի համբավ ունի: Ինչպես ասում են նրա մասին. «Նա ոչ թե գեղանկարչությունն է սիրում, այլ` գեղանկարչության վաճառքի պրոցեսը: Եվ այդ գործում նրա հավասարն աշխարհում չկա»:

Լարրի Գագոսյանը մի քանի օր առաջ Ռուսաստան է ժամանել, հարցազրույց է տվել «Կոմերսանտ» թերթին, որտեղ ասել է, որ ամուր կապեր ունի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ: «Նա կիսով չափ հայ է, այդ պատճառով էլ մենք` երկու հայերս, շատ լավ հասկանում ենք իրար: Իմ հայ լինելը նշանակում է, որ ես բարեկամական կապեր ունեմ նաեւ Ռուսաստանի հետ»,- ասել է Լարրի Գագոսյանը, ով 2007 թվականի հոկտեմբերի 18-ին պատրաստվում է առաջին անգամ Մոսկվայում «Ներթափանցում» խորագիրը կրող ցուցահանդես բացել: Ցուցահանդեսին ներկայացված բոլոր նկարիչները շատ «թանկ» են, իսկ ցուցահանդեսը բացվելու է թանկ խանութներով հայտնի մոսկովյան շրջանում` Բարվիխայում: Հատուկ կարգավիճակ ունեցող փակ ակումբներից մեկում վերստեղծվելու է Լարրի Գագոսյանի ցուցասրահների «ֆիրմային» ոճը: Այցելուները կարող են տեսնել Դեմիան Հերստի, Մարկ Ռոտկոյի, Ռոյ Լիխտենշտեյնի, Պաբլո Պիկասոյի, Խուան Միրոյի եւ Արշիլ Գորկու կտավները: Տասն օր շարունակ մոսկվացիները կարող են ցուցասրահ այցելել, իսկ հետո կտավները կրկին կվերադառնան Լարրի Գագոսյանի պատկերասրահներ: Barvikha Luxury Village-ում վստահ են, որ կտավները գնել ցանկացող շատ ռուս մեծահարուստ կոլեկցիոներներ կգտնվեն, ովքեր պետք է գնման հայտ ներկայացնեն Լարրի Գագոսյանին: Հավաքածուի ընդհանուր արժեքը մոտ 100 մլն դոլար է կազմում: