8-ամյա Սիմոնն, ի տարբերություն իր հասակակիցների, ովքեր երազում են լավ բջջային հեռախոս կամ համակարգիչ ունենալ, երազում է լավ մարդ դառնալ եւ աջակցել ծանր վիճակում հայտնված մարդկանց:
«Մենք շատ վատ ենք ապրել, փողոցում ենք քնել, դրա համար էլ ես գիտեմ, թե ինչ դժվար ա տենց ապրելը»,- ասում է փոքրիկ տղան ու մտովի վերադառնալով իր անցյալ` տխրում է: Ասում է, որ դպրոցն ավարտելուց հետո պատշարի մասնագիտություն կսովորի, որպեսզի անտուն մարդկանց համար բնակարաններ կառուցի: «Պատշարը լավ ա, կարաս փողոցներում ապրող մարդկանց օգնես, որ իրանց համար տուն սարքեն: Համ էլ մեր տունը կսարքեմ, տեսնում եք, չէ՞, որ կիսատ-պռատ ա: Առաջ մենք ընդհանրապես տուն չենք ունեցել, դրսում ենք մնացել, հետո պապաս կամաց-կամաց ամեն տարի մի քանի պատ ա դրել ու էս տունն ա սարքել»,- ասում է նա: Սիմոնի տատիկը՝ տիկին Հայկուշն, անկախ ամեն ինչից, ժպտում է, որովհետեւ ինքն էլ է զարմանում, թե ինչպես են մի քանի տարի փողոցում ապրել ու ողջ մնացել: Ասում է՝ «Փառք եմ տալիս Աստծուն, որ կարողացանք էս 4 պատը ստեղծել, թե չէ` շատ վատ էինք: Պատկերացրե՛ք, փողոցում պալատկա ենք կպցրել ու անձրեւին, ձյանը, ցրտին դրա մեջ ենք ապրել: Անձրեւային եղանակին ցելոֆանը փռում էինք մեր վրա ու կծկվում էինք մի տեղ: Գնում, պադյեզդների լուսամուտների մոտ դրած չոր հացերը հավաքում, թրջում էի, որ երեխեքը սովամահ չլինեին»: Տիկին Հայկուշը Քանաքեռի գերեզմանատան ետնամասում գտնվող տանն ապրում է տղայի, հարսի եւ երեք թոռների հետ: Այս տարածքը նախկինում կանաչապատ այգի է եղել, սակայն հետագայում որոշում է կայացվել՝ տարածքը վարձակալության հիմունքներով տրամադրել անտուն մարդկանց: Չնայած նրանք սեփականության իրավունք չունեն, այդուհանդերձ, արդեն քանի տարի է, ինչ ապրում են այդտեղ: Տիկին Հայկուշը պատմում է, որ տարիների ընթացքում իրենց փորձել են վտարել այդ տարածքից, սակայն հետագայում հասկացել են, որ բազմանդամ այս ընտանիքը հայտնվելու է փողոցում, գնալու տեղ չունի: Ասում է՝ «Էդքան տարի դրսում ապրեցինք, հազիվ կարողացանք մի քանի պատ կառուցել, մեկ էլ եկան ու քանդեցին: Դե՛, պատկերացրեք` ի՜նչ ծանր բան ա: 8 տարի տախտակներով, հողով ծածկած տնակում ենք ապրել, մինչեւ որ նորմալ պատեր սարքեցինք ու մնացինք: Շատ դժվարություններ ունեցանք, ես էլ եմ զարմանում, թե ո՞նց գոյատեւեցինք, էլի փառք Աստծոգ»: Տղան, եթե պատահի՝ բանվորություն է անում, իսկ հարսը երեխաներին է խնամում: Տիկին Հայկուշը տարածքում գտնվող զորամասում հավաքարարություն է անում, որի դիմաց նրան ոչ թե վճարում, այլ մնացորդ հաց եւ այլ սնունդ են տալիս: Մեծ թոռը՝ Գրիգորը, մտավոր հետամնաց է, դրա համար էլ հաճախում է գիշերօթիկ դպրոց: Տիկին Հայկուշն ասում է՝ «Ինքը նորմալ երեխա ա ծնվել, արատավոր ոչ մի բան չենք նկատել: 3 տարեկանում սպազմոֆիլիայով ա հիվանդացել, լեզուն կուլ գնաց, տարանք 3-րդ մանկական հիվանդանոց: Հետո չկրկնվեց, անցավ-գնաց, բայց դպրոցում պարզվեց, որ երեխան մտավոր հետամնացություն ունի»: Ասում է, որ Գրիգորի ծնվելուց հետո իրենց դժբախտությունների շարքը սկսվել է: Ծանր տարիներին պարտքով գումար են վերցրել, այնուհետեւ՝ տոկոսները գումարվել, եւ հսկայական պարտքեր են գոյացել: Բնակարանը վաճառել, պարտքերը մարել է, եւ երեխաների հետ հայտնվել են փողոցում: «Բնակարանը վաճառելուց հետո չգիտեինք՝ ո՞ւր գնալ, ո՞նց ապրել: Մի օր պատահական եկանք էս տարածք, տեսանք՝ անմարդաբնակ ա, պալատկա խփեցինք ու մնացինք ստեղ: Պատկերացրե՛ք, որ կիսանստած էինք քնում, էդ ի՞նչ վիճակ էր, հիմա, որ հիշում եմ՝ մեր վրա զարմանում եմ, թե ոնց ենք էդքան ապրել դրսում»,- պատմում է տիկին Հայկուշն՝ ասելով, որ թեեւ հիմա էլ երեխաներին առավոտյան քաղցած ճանապարհում են դպրոց, այդուհանդերձ, գոնե ուրախ է, որ պատերի մեջ են ապրում, ոչ թե դրսում: «Թոշակն ու նպաստը ստանում, մի քիչ բան-ման ենք առնում, բայց դրանից հետո նորից նույն սնանկացած վիճակն ա»: Տիկին Հայկուշը երկու անգամ կաթված է ստացել, որովհետեւ չի դիմացել ծանր փորձություններին: Ասում է, որ ընտրությունների ժամանակ Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանն անապահով ընտանիքներին հիշել եւ գազատար խողովակը մինչեւ բակ տեղադրել է: «Ձմռանը մեր վիճակը շատ ահավոր ա, հիմա գումար չենք կարում հայթայթենք, որ գազը բերենք-հասցնենք տուն: Դրսից ծառի ճյուղեր էինք հավաքում, որ երեխեքին տաքացնեինք»,- պատմում է նա: Տիկին Հայկուշը նեղսրտում է հանրակրթական դպրոցներում տիրող դրամահավաքությունից, որովհետեւ իրենց նման սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն այդ երեւույթից շատ են ճնշվում: Ասում է՝ «Էն օրն ասում են՝ դպրոցի դասարաններում եվրոդռներ են տեղադրում, պիտի ամեն երեխայի համար 3000 դրամ վճարեք: Դե՛, պատկերացրեք, երեք դպրոցականի համար պիտի 9000 դրամ տանք, էլ չեմ ասում ֆոնդի, դասագրքերի ու չգիտեմ ինչերի համար հավաքվող գումարները: Մենք «Փարոսի» հույսին ապրող մարդ ենք, ո՞ր մեկն անենք, ասե՛ք: Եթե հանկարծ մի քիչ էլ ուշացնում ես՝ նենց են արհամարհում, որ գետինն ես մտնում»: Հեգնում է՝ ասելով, որ իր տանը դուռ չկա, բայց պարտադրում են դպրոցի համար եվրոդռների փող վճարել: Սիմոնին հարցնում եմ՝ «Եթե էդ գումարը չվճարես՝ ի՞նչ պիտի ասեն»: «Եսիմ,- ասում է,- կասեն՝ մայրիկիդ ասա, որ գումարը բերի: Անցած տարի պատուհանները դրեցին, էս տարի էլ դռների համար են փող հավաքում: 2000 դրամ էլ կոմպյուտեր առնելու համար էին ուզում»: Տիկին Հայկուշի 3 թոռները մեծանում են ծանոթ-բարեկամների տված հին հագուստներով: «Ախր պետությունն էլ մինչեւ մի բանով օգնում ա, մարդուն հիվանդ ա սարքում: Էդ «Փարոսի» թղթերը մինչեւ դասավորեցինք՝ դրանց ձեռքը գժվեցինք: Էս փոքրը որ ծնվել էր, միանվագ 35.000 դրամ պիտի տային: Գնացել եմ թաղապետարան, ասում են՝ պիտի 6 ամիս սպասեք, նոր գումարը տանք, որովհետեւ կարող ա երեխուն մի բան ա լինում, ինչի՞ հիմա տանք: Դե՛, պատկերացրե՛ք, թե ինչքան նվաստացուցիչ ու վիրավորական ա»:
Տիկին Հայկուշը զարմանալի եւ ուժեղ կին է. չնայած իրենց ծանր, անմարդկային կենսակերպին, նա միշտ ժպտում է եւ ուրախ տրամադրություն ունի: Ասում է՝ «Որովհետեւ հավատս չի գալիս, որ դիմացել ենք էն ծանր ապրումներին»: