425 ադամանդներով թագ` «Միսս Հայաստան 2007»-ին

16/10/2007 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Այսօր երեկոյան տեղի կունենա «Միսս Հայաստան 2007» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթը:

Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը նշեց, որ այս տարվա մրցույթում մի շարք փոփոխություններ են կատարվել. «Մրցույթի նորություններից է փոխանցիկ թագը, որը պատրաստել է «Արտեկ» ոսկերչական ընկերությունը: Թագն արժե մոտ 7000 դոլար, սպիտակ ոսկուց է, 425 ադամանդե քար կա վրան, 14 ռուբին եւ նռնաքարեր: Այս տարվա մրցույթի լավագույն եռյակի համար անվանական մրցանակներ են սահմանված՝ արձանիկներ՝ ոսկուց, արծաթից եւ բրոնզից: Բացի գլխավոր անվանակարգերից՝ «Միսս Հայաստան 2007», «Առաջին փոխգեղեցկուհի» եւ «Երկրորդ փոխգեղեցկուհի», այս տարի կլինեն նաեւ հետեւյալ անվանակարգերը՝ «Միսս մամուլ», «Միսս նրբագեղություն», «Միսս համակրանք», որը կտրվի SMS քվեարկության արդյունքներով, «Միսս հմայք» եւ «Միսս համերաշխություն», որին աղջիկները կընտրեն իրենց միջից»:

«Միսս Հայաստան 2007» մրցույթի ժյուրիի կազմում այս տարի միջազգային ներկայացուցիչներ կլինեն՝ «Միսս Եվրոպայի» նախագահ Կորին Սպակը, ով Հայաստան է ժամանել առաջին անգամ, «Միսս Լեհաստան» ազգային գործակալության նախագահը, ինչպես նաեւ «Միսս Ուկրաինա 2006» եւ «Վիցե-միսս Եվրոպա 2006» Ալյոնա Ավրամենկոն: Ժյուրիի կազմում կլինեն նաեւ արվեստի ու մշակույթի հայ գործիչներ: Կարեն Արիստակեսյանը նշեց, որ այս տարի Հայաստանը կմասնակցի «Միսս աշխարհ» մրցույթին: Իսկ ներկայումս Ճապոնիայում անցկացվող «Միսս ինտերնացիոնալ» մրցույթին մասնակցում է նախորդ տարվա «Վիցե-միսս Հայաստան» Ռիտա Ծատրյանը:

Այս տարվա մրցույթին 200 մասնակիցներից ընտրվել են լավագույն տասնութը, ովքեր մեկ ամիս շարունակ պատրաստվել են մրցույթին. «Աղջիկները մեկ ամիս մարզվել են՝ առավոտյան վազել են, մարզանք են արել, ինչպես նաեւ՝ ունեցել են հատուկ սննդակարգ եւ գեղաքայլքով են զբաղվել: Աղջիկները բեմում նախ՝ կներկայանան ազգային տարազով, ապա՝ լողազգեստներով եւ երեկոյան զգեստներով»,- ասաց Կ. Արիստակեսյանը:

Միջազգային որոշ մրցույթների ընթացքում լինում է նաեւ «Միսս տաղանդ» անվանակարգ, երբ մասնակիցները ցուցադրում են իրենց այս կամ այն ունակությունները: «Միսս Հայաստան 2007»-ի ժամանակ նման բան չի լինի, թեեւ, ըստ պրն Արիստակեսյանի, աղջիկներից շատերը տարբեր տաղանդներ ունեն. «Մրցույթի ընթացքում կլինեն այնպիսի համարներ, որտեղ աղջիկներն ինչ-որ առումով իրենց տաղանդը ցույց կտան, բեմադրված հատվածներ կան: Բայց, օրինակ, որ հատուկ մեկը երգի, նման բան չի լինի: Կարող է շատ գեղեցիկ աղջիկ լինել, բայց, օրինակ, տաղանդավոր երգչուհի չլինի: Հիմա շատ երգիչ-երգչուհիներ կան, իսկ ես լրացուցիչ աստղեր չեմ ուզում բազմացնել»:

Կարեն Արիստակեսյանը նշեց, որ «Միսս Հայաստան» տիտղոսակրի հետ, բացի մրցույթի պայմանագրից, կնքվում է նաեւ գործակալական պայմանագիր. «Տիտղոսակրի ամենամեծ պարտականությունն այն է, որ մեկ տարի պետք է չամուսնանա, բոլոր միջազգային մրցույթներում այդպես է: Նա պետք է կարողանա իրենց շրջապատում դրսեւորել, պատշաճ, ներկայանալի տեսք ունենալ, այն արտաքինով մնալ, ինչպես որ հաղթել է, մազերը եւ արտաքինը պետք է չփոխվեն»:

Ասուլիսին ներկա էր նաեւ մրցույթի ժյուրիի անդամ «Միսս Ուկրաինա 2006» եւ «Վիցե-միսս Եվրոպա 2006» Ալյոնա Ավրամենկոն, ով նշեց, որ աղջիկների համար ամենակարեւորն այն է, որպեսզի նրանք բեմում բնական լինեն, միայն լավ բաների մասին մտածեն, չհուզվեն ու միշտ ժպտան: Իսկ այն հարցին, թե գեղեցկության մրցույթը որքանո՞վ է փոխել իր կյանքը, ուկրաինացի գեղեցկուհին պատասխանեց, որ հիմա հայրենի Ուկրաինայում իրեն ավելի շատ են ճանաչում, իր կյանքի մասին ավելի շատ բան գիտեն։ «Մրցույթից հետո ես սկսել եմ ավելի շատ ճանապարհորդել: Օրինակ, հիմա գտնվում եմ Երեւանում»,- ավելացրեց նա: Հիշեցնենք, որ «Միսս Հայաստան 2007» գեղեցկության մրցույթը կկայանա այսօր երեկոյան ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային համերգասրահում: