«Նաիրիտ գործարանի» կաուչուկի գնորդներից մեկը համարվող լեհական «SAWEX» ընկերության բաժնետերերից Միլան Սուբոտիչն օրերս ժամանել էր Երեւան: Մեր տեղեկություններով, «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ Փրոփերթի լիմիթեդ» ընկերությունն այս օրերին բանակցություններ է վարել Մ.Սուբոտիչի հետ «Ռայնովիլի» բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ: Առայժմ լեհական կողմը հրաժարվել է այդ գործարքից: «Նաիրիտ գործարանի» սեփականատերերը «SAWEX»-ի հետ բանակցել են նաեւ տեղական կաուչուկի գնի բարձրացման շուրջ: Ներկայումս լեհական կողմը 1տոննա կաուչուկի համար վճարում է 3500 եվրո, որից գործարանին բաժին է հասնում 2900 դոլարը: Եվրոպական շուկայում օրեցօր բարձրանում է հայկական կաուչուկի գինն ու պահանջարկը, եւ բնական է, որ «SAWEX»-ին կարող են հետաքրքրել ոչ թե 25.000 եվրո հիմնադիր կապիտալով «Ռայնովիլի», այլեւ` «Նաիրիտի» բաժնետոմսերը, որոնք փաստացի գրավադրված են ԱՊՀ Միջպետական բանկում: