Այս օրերին Հայաստանում է գտնվում մոսկվահայ քաղաքագետ, Ռուսաստանի հասարակական պալատի Գլոբալիզացիայի եւ զարգացման ազգային ռազմավարության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Միհրանյանը: Օրերս նա հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, հանդիպումներ է ունեցել Բաբկեն Արարքցյանի ղեկավարած «Արմատ» կենտրոնում, իսկ առաջիկայում հավանաբար կկայանա նրա հանդիպումը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:
Երեկ քաղաքագետը Մամուլի ազգային ակումբի հյուրն էր: Նրան ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին ու ՀՀ-ում ռուսաստանյան սպասվելիք «իշխանափոխության» սցենարի կրկնության հնարավորությանը: Նրա հավաստմամբ՝ Պուտինն այսօր Ռուսաստանում մոտ 70-80% վարկանիշ եւ «ժողովրդի հոր» իմիջ ունի, եւ սխալ կլինի, եթե նա թողնի-հեռանա: Ա. Միհրանյանը համոզված է, որ ՌԴ հաջորդ նախագահը կլինի նա, ում անունը կտա Վլադիմիր Պուտինը, իսկ այդ մարդը, ըստ նրա, հավանաբար կլինի ՌԴ գործող վարչապետ Վիկտոր Զուբկովը: Ա. Միհրանյանը բացառում է, որ Պուտինի օրինակով Ռոբերտ Քոչարյանն իր նախագահական ժամկետի ավարտից հետո կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, քանզի ՀՀ-ում իրավիճակը բոլորովին այլ է: Ըստ նրա, մեկ տարի առաջ գուցե Քոչարյանը նման տարբերակ ունենար, սակայն ՀՀ ԱԺ վերջին ընտրությունից հետո «այդ տարբերակը վերջացավ»: Քաղաքագետի հավաստմամբ, եթե այսօր ԱԺ-ում ՀՀԿ-ի դիրքերն ունենար «Բարգավաճ Հայաստանը» կամ ՀՅԴ-ն, ապա Ռ. Քոչարյանի՝ վարչապետ դառնալու հեռանկարը հավանական կլիներ, սակայն դա այդպես չէ: Ըստ Ա. Միհրանյանի, ԱԺ վերջին ընտրություններից հետո ՀՀ-ում բոլորը գիտեն նախագահի՝ իշխանության թեկնածուի անուն-ազգանունը: Իսկ թե ի՞նչ դեր կունենա Ռ. Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնը թողնելուց հետո, քաղաքագետը դժվարանում է ասել: «Վերջին տարիներին մեր հանդիպումները կրել են ոչ միջանձնական, այլ եղել են խմբակային հանդիպումներ, դրա համար նրա հոգու խորքի ծալքերը տնտղելու հնարավորություն չեմ ունեցել: Եվ կասկածում եմ, որ որեւէ մեկը տնտղել է, որովհետեւ նա իր բնավորությամբ շատ փակ մարդ է, եւ կասկածում եմ, որ նույնիսկ մի երկու հոգի կարող են ասել, որ ինքը իրենց հետ կիսվում է իր խորհրդավոր մտքերով: Հետո, ինչքան ես գիտեմ իր բնավորությունը, նա ավելի չոր եւ ավելի ոչ առաձգական է այդ իմաստով, եւ շատ ավելի, ասենք, ինքնաբավարար, որպեսզի հանդես գա այլ դերերում»,- ՀՀ գործող նախագահի մասին նշեց մոսկվահայ քաղաքագետը: Խոսելով ՀՀ նախագահի առաջիկա ընտրության մասին՝ Ա. Միհրանյանը նշեց, որ այդ ընտրությունների ինտրիգը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնի ի հայտ գալն է: «Ես շատ խորը հարգանք եմ տածում ՀՀ առաջին նախագահի նկատմամբ: Նա շատ մեծ դեր է ունեցել պետականության ստեղծման ընթացքում: Ես հպարտ էի, որ հայկական քաղաքական տարրը եղավ այնքան հասուն, որ 1998-ին նույնիսկ այսպիսի իշխանափոխությունը չբերեց ապակայունացման, արտաքին, զինվորական բախումների եւ այլ արդյունքների»,- նշեց նա ու հավելեց, թե դա հենց առաջին նախագահի իմաստնության արդյունք էր, քանի որ նա կարող էր նաեւ գնալ այլ քայլերի, ինչն էլ կարող էր բերել ավելի ծանր հետեւանքների: Ա. Միհրանյանի խոսքերով՝ Լ. Տեր-Պետրոսյանը լուրջ, խոհեմ մարդ է եւ չի կարող «թեթեւսոլիկ քայլեր անել»: Քաղաքագետը հուսով է, որ ամեն ինչ ուսումնասիրելուց հետո առաջին նախագահը համապատասխան որոշում կընդունի: «Այսօր ես համարում եմ, որ ինքն ունի եւ՛ բարոյական, եւ՛ քաղաքական իրավունք՝ մասնակցելու այս ընտրություններին,- հայտարարեց Ա. Միհրանյանը: Նրա խոսքերով, եթե ՀՀ առաջին նախագահն առաջադրվի, փաստորեն տեղի կունենա հանրաքվե, եւ ժողովուրդն այդպիսով կարտահայտի իր վերաբերմունքն «այն տարիների եւ այն ղեկավարության հանդեպ, համեմատած այս տարիների եւ այս ղեկավարության հետ»: «Մեր ժողովուրդը պետք է նժարի վրա դնի, թե ի՞նչն է գերակշռում, ինչպիսի՞ քաղաքական, տնտեսական, բարոյական հաղթանակներ են տարվել այն կամ այս ժամանակում, եւ ո՞ր ուժը կարող է ցույց տալ դեպի ապագա ճեղքումը, ճանապարհը,- հայտարարեց Ա. Միհրանյանն ու շարունակեց,- Ես ուրախ կլինեմ, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը լինի ռեալ քաղաքական գործոն, ով նորից իր լուման կներդնի մեր քաղաքական ավանդույթների զարգացմանը, եւ ուրախ կլինեի, եթե այս ընտրություններն 96-ի կամ 98-ի նման չլինեին բաժանող ընտրություններ, այլ հակառակը՝ բոլորին բոլորի հետ հաշտեցնող ընտրություններ: Համենայնդեպս, ինձ համար հետաքրքիր էին եւ անսպասելի Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումները Վազգեն Մանուկյանի հետ, ՀՅԴ-ի հետ: Ուրախ կլինեի, եթե հանդիպեր ՀՀԿ-ի հետ»: Քաղաքագետը գտնում է, որ թեեւ ՀՀ ԱԺ վերջին ընտրության արդյունքներից դատելով՝ Սերժ Սարգսյանի ռեսուրսներն այսօր «ճնշող են» ու կան նաեւ քաղաքական ուժեր, որոնք չեն ուզենա այսօրվա բալանսը փոխել ու նախագահի ընտրության ժամանակ կսատարեն վարչապետ Սերժ Սարգսյանին, սակայն «եթե Լ. Տեր-Պետրոսյանը կարողանա ի մի բերել բոլոր ընդդիմադիր ուժերին, դառնա միացյալ թեկնածու», կստեղծվի այնպիսի մի իրավիճակ, որ մրցակցությունն իսկապես «կարող է լինել ավելի հետաքրքիր»: Պատասխանելով դրսի «դաբրոների» մասին հարցին՝ բանախոսը նշեց, թե «չի կարելի ասել, թե Սերժ Սարգսյանը միանշանակ Ռուսաստանի թեկնածուն է, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը միանշանակ Վաշինգտոնի թեկնածուն է»: Ըստ նրա, թեեւ արտաքին աշխարհն ինչ-որ ազդեցություն կունենա, սակայն հիմնական ազդեցությունն ունենալու են ՀՀ ներքին ուժերն ու գործոնները: Նշելով, թե ինքը դեռ չգիտի՝ ՀՀ առաջին նախագահի թեկնածության վերաբերյալ Ռուսաստանի քաղաքական վերնախավի վերաբերմունքն ինչպիսին կլինի, Միհրանյանը նկատեց, որ «եթե գործող իշխանությունները որոշ սահմաններում մնում են պայմանավորվածությունների մեջ, իմաստ չկա փոխելու»: