Ղարաբաղի կուսակցությունները տարակարծիք են

12/05/2005 Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ, Ստեփանակերտ

«Կովկասյան հանգույցի» թղթակցի հետ զրույցի ժամանակ ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Մուշեղ Օհանջանյանը նշել է, որ նման քաղաքական շոուներ լինում են ամեն մի ընտրության նախաշեմին: «Վեց տարի եղել եմ ԼՂՀ ԿԸՀ նախագահ եւ կարող եմ ասել, որ միջազգային հանրության համար նման հայտարարությունները ոչ մի նշանակություն չունեն: Դեռ ավելին` դրանք համարվում են Ղարաբաղում անցկացվող ընտրությունների յուրօրինակ քարոզչություն»,- փաստել է Մ. Օհանջանյանը:

Իսկ Արցախում գործող կուսակցությունները լրջորեն պատրաստվում են ընտրություններին: Ի դեպ, 2004-ի ամռանը Ղարաբաղում կայացած մունիցիպալ ընտրությունները փորձագետները որակում են` որպես Ղարաբաղում ժողովրդավարության ապացույց, համենայնդեպս, Ստեփանակերտի քաղաքապետի եւ մի քանի համայնքների ղեկավարների ընտրություններում հաղթեցին ոչ թե իշխանության այլ ընդդիմության թեկնածուները:

Վերլուծաբանների կարծիքով, ընտրվելիք խորհրդարանին կարող է բաժին ընկնել Ղարաբաղի հիմնահարցով վճռորոշ փաստաթղթի ստորագրումը: Պատգամավորական մանդատներին հավակնող կուսակցություններն ինչպե՞ս են գնահատում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ի՞նչ դիրքորոշում ունեն հարցի վերաբերյալ: Հարցերի պատասխանները գտնելու նպատակով դիմեցինք մի քանի կուսակցությունների ներկայացուցիչների:

Վերջերս ստեղծված «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ Արթուր Թովմասյանի խոսքերով, բանակցային գործընթացում ամենակարեւոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումն է: Ադրբեջանին ենթարկվելու դեպքում, Ա. Թովմասյանի կարծիքով, Արցախը կարժանանա Նախիջեւանի ճակատագրին, այսինքն` էթնիկական զտման: «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Աշխարհի ոչ մի պետություն հենց այնպես չի հրաժարվել իր պատմական հողերից, եւ միամտություն է կարծել, որ արցախահայությունը կլինի առաջին բացառությունը»,- նկատել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահը: Բանակցային գործընթացում ԼՂՀ իշխանությունների կողմից երեւացող սխալներ չկան: Ինչպես ժողովուրդը, այնպես էլ` իշխանությունները հանդես են եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Ալիեւ ավագի մահից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակների շփումներում տեղաշարժեր չեն գրանցվել: Ուստի շարունակվում է վտանգված մնալ 1994-ի մայիսյան զինադադարը. գտնում է Արթուր Թովմասյանը: Նա միաժամանակ անխոստումնալից է համարում ուժային մեթոդով հարցի լուծումը: Սակայն խաղաղ բանակցային գործընթացում, նրա կարծիքով, կարեւոր է Ղարաբաղի մասնակցությունը:

«Շարժում 88» կուսակցության ղեկավար, Ստեփակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը նույնպես կարեւորում է Ղարաբաղի մասնակցությունը եւ գտնում, որ խոսքը, անշուշտ, Ղարաբաղինը պիտի լինի, «ու ամենեւին էլ կապ չունի, թե որտեղ է ծնվել Հայաստանի նախագահը»: Նա միաժամանակ նշեց, որ համաձայն չէ «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» արտահայտությանը եւ գտնում է, որ Ղարաբաղին բնորոշ է «եւ՛ պատերազմ, եւ՛ խաղաղություն» ձեւակերպումը: Այժմ մեր առաջնահերթ խնդիրը կարգավորումն է, սակայն միաժամանակ պիտի մտածենք խաղաղ կյանքի կառուցման ուղղությամբ. ասել է նա: «Շարժում 88»-ի նախագահը նշեց, որ փոխզիջումներ պետք են, միայն թե դրանք չվտանգեն Ղարաբաղի պետականությունը։ Է. Աղաբեկյանի խոսքերով, ներկայիս վիճակը, որը ձեռնտու է աշխարհին, դեռ կշարունակվի:

Լեռնային Ղարաբաղի նախագահի նախորդ ընտրությունների ժամանակ ՀՅԴ Արցախի կազմակերպությունը պաշտպանել է գործող նախագահ Արկադի Ղուկասյանի թեկնածությունը, հայտարարելով, որ կողմ է նրա վարած արտաքին քաղաքականությանը: Բայց 2004 թ. ամռանը Պաշտպանության բանակի բարձրաստիճան սպայի այն հայտարարությունը, որ հնարավոր է ազատագրված տարածքները վերադարձնել` ԼՂՀ կարգավիճակի փոխարեն, որը, ըստ ՀՅԴ Արցախի ներկայացուցիչ Գրիշա Հայրապետյանի, իշխանությունները չեն հերքել, բերեց նրան, որ «180 աստիճանով փոխվեց Դաշնակցության վերաբերմունքը նախագահի արտաքին քաղաքականության հանդեպ»: Գրիշա Հայրապետյանի հավաստմամբ, Դաշնակցությունը միշտ էլ պաշտպանել է այն դիրքորոշումը, որ ազատագրված տարածքները չեն կարող քննարկման առարկա դառնալ, առավել եւս` առեւտրի առարկա: «Ազատագրված տարածքները, բացի նրանից, որ Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքն են, կենսական նշանակություն ունեն` սոցիալական եւ տնտեսական: Ղարաբաղի սահմաններն արդեն ճշտված են, մնում է ամրագրել այն Սահմանադրության մեջ»,- ասել է Գրիշա Հայրապետյանը:

Անդրադառնալով վերջերս Ղարաբաղ այցելած ԵԱՀԿ փաստահավաք խմբի զեկույցի դրույթներին, ՀՅԴ եւ «Շարժում 88»-ի ղեկավարները նշել են, որ մեզ համար ամենեւին էլ ձեռնտու չէ, որ այդ տարածքներում վերաբնակեցում չի իրականացվում: Էդուարդ Աղաբեկյանը գտնում է, որ ճիշտ կլիներ չընդունել փաստահավաք խմբին, եթե նրանք պաշտոնապես չեն դիմել Ղարաբաղին:

Ի տարբերություն նախորդ ընտրությունների, հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործածության մեջ կդրվի նաեւ համամասնական ընտրակարգը. խորհրդարանի մեկ երրորդը կընտրվի կուսակցական ցուցակներով:

Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների շրջանում անցկացված հարցման ընթացքում հայտնաբերեցինք, որ հնարավոր է որոշ կուսակցություններ ընտրություններին մասնակցեն դաշինքով: «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահի խոսքերով, նրանք դեռեւս չեն բանակցել որեւէ կուսակցության հետ, բայց եւ չի բացառվում դաշինքի տարբերակը: ՀՅԴ Արցախի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ այս անգամ եւս ընտրություններին կմասնակցեն «Շարժում 88»-ի հետ դաշինք կազմելով, քանի որ երկու կուսակցությունների տեսակետները մեծամասամբ համընկնում են: Նշենք, որ 2004-ին կայացած Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Դաշնակցությունը սատարել է «Շարժում 88»-ի ղեկավար Էդուարդ Աղաբեկյանին: Վերջինս նույնպես համագործակցությունը տեսնում է Դաշնակցության հետ, ինչո՞ւ չէ, նաեւ` Կոմունիստական Կուսակցության:

Ընդհանրապես, ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են 8 կուսակցություններ, այդ թվում` այժմ ղեկավարող Արցախի ժողովրդավարական կուսակցությունը: