Ներկայացրել են արած գործը

16/10/2007

Երեկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետը եւ ՀՀ ԿԲ նախագահը ներկայացրել են սեպտեմբերի 17-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, քննարկվել է «Հայփոստի» գործունեության ընթացքում ծագած խնդրահարույց հարցերից մեկի` «Նամականիշ» ՓԲԸ-ի կողմից ժամանակին թողարկված նամականիշերը «Հայփոստ» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու եւ «Նամականիշ» ՓԲԸ-ն լուծարելու վերաբերյալ տրված հանձնարարականի կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքը: Նշվել է, որ այս ընթացքում շահագրգիռ կողմերը խորհրդակցության եւ քննարկումների արդյունքում վերոնշյալ հարցերի վերաբերյալ եկել են համաձայնության: Վարչապետի մոտ այնուհետ անդրադարձ է արվել նամականիշերն անհատույց «Հայփոստին» հանձնելու, ինչպես նաեւ՝ «Նամականիշ» ընկերությունը մինչեւ 2008թ. ապրիլի 30-ը (երբ լրանում է «Նամականիշ» ընկերության եւ «Էլինետ Էնթերփրայզիս» ՍՊԸ-ի միջեւ բացառիկ իրավունքով կնքված առաքման պայմանագրի ժամկետը) լուծարելու առաջիկա աշխատանքներին: