Խելքի աշեցեք

16/10/2007

«Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում քաղաքական դաշտն անպայման կենթարկվի վերաձեւավորումների»,- երեկ հայտարարել է ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Վարդան Խաչատրյանը: Ինչ վերաբերում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ ՀՀԿ-ի ռազամավարությունը չի փոխվի, ապա Վարդան Խաչատրյանը վստահեցրել է, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական կշիռը կստիպի իրենց ռազմավարությունը փոխել բոլոր ուժերին: Նրա կարծիքով՝ այսօր քաղաքական դաշտի հիմնական կռվանն ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալ-չգալու խնդիրն է: «Իմ խորին համոզմամբ՝ մենք օբյեկտիվ չենք պատկերացնում, երբ խոսում ենք այս մասին: Եթե ընդդիմությունից առաջադրվի միասնական թեկնածու, ապա նրա հնարավորությունները միանգամից կկրճատվի 10 անգամ: Մենք բոլորս պատկերացնում ենք, որ քաղաքական պայքարի մեջ որքան դեր է զբաղեցնում հեռուստաէկրանը: Եթե լինելու է մեկ թեկնածու, եւ նրան հակադրվող 10 թեկնածուներ, ապա բարդությունը միանգամայն պարզ է: Եթե անգամ լինի միասնական թեկնածու, ապա տեխնոլոգիապես նա պետք է իրականացվի մրցավազքում»,- ասել է Վ. Խաչատրյանը: Վերջինս իրեն համարում է ընտրական գործընթացների խորը շերտերում եղած մարդ եւ փորձում է համոզել, որ չի կարելի ընտրություններին գնալ միասնական թեկնածուով: Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, ապա Վարդան Խաչատրյանն ասել է, թե իրենք բանակցում են յուրաքանչյուր ուժի, թեկնածուի տեսակետները, ապագայի տեսլականը պարզելու համար: «Մենք կարող ենք համագործակցել նրա հետ, ում հետ կա պատկերացնելի հեռանկարի հաջորդական քայլեր: Մենք պետք է հստակ պատկերացնենք, թե յուրաքանչյուր թեկնածու ինչ դավանանքի է»,- ասել է նա՝ հավելելով, թե «Ժառանգությունն» այնքան մանրամասն է ուսումնասիրելու բոլոր թեկնածուներին, որ ընդհուպ հարց է տալու, թե օրինակ՝ ապագա թեկնածուն կասեցնելո՞ւ է «Օպերատիվ հետախուզության գործունեության մասին» ՀՀ օրենքը, որը ԱԺ-ն պատրաստվում է ընդունել 3-րդ ընթերցմամբ եւ որն իր հետ 37 թիվ է բերելու: