Դատապարտել են

16/10/2007

Հոկտեմբերի 11-ին «Առավոտ» օրաթերթի խմբագրություն են ներխուժել մի խումբ անձինք եւ հայհոյանքներ տեղալով հարձակում գործել թերթի լրագրող Ռուզան Մինասյանի վրա` փորձելով նրանից «յուրովի» հաշվեհարդար տեսնել թերթի նախորդ օրվա հրապարակման համար:

Այդ հարձակումից Ռուզան Մինասյանը ստացել է մարմնական վնասվածք: Դեպքի կապակցությամբ երեկ պարզաբանում է ներկայացրել Ոստիկանությունը: Հիշեցնենք, որ «Առավոտը» դեպքի օրը` չկարողանալով կանխել խմբագրություն ներխուժածների հարձակումները, դիմել էր Կենտրոն Ոստիկանություն: Ըստ Ոստիկանության հաղորդագրության, հոկտեմբերի 11-ին, ժամը 14:05-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «Առավոտ» օրաթերթի խմբագրության վրա հարձակվել են: Պարզվել է, որ նույն օրը, ժ.14:00-ի սահմաններում «Առավոտի» խմբագրություն են մուտք գործել 1951թ. ծնվ. Քնարիկ Մ.-ն, 1956թ. ծնվ. Մարիամ Ճ.-ն, 1972թ. ծնվ. Թամարա Ղ.-ն, 1980թ. ծնվ. Ռուզաննա Մ.-ն, 1957թ. ծնվ. Հասմիկ Ե.-ն եւ 1959թ. ծնվ. Աղավնի Մ.-ն: Վերջիններս, մտնելով լրագրող Ռուզան Մինասյանի աշխատասենյակ՝ իրենց վրդովմունքն են արտահայտել օրաթերթի հոկտեմբերի 11-ի համարում տպագրված «Մեռածից փող չեն պահանջում» վերնագրով հրապարակման առնչությամբ, վիրավորել նրան, հայհոյել ու ստեղծել են քաշքշուկ: Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է Քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի՝ «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը», առաջին մասով, այն է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը: Լրագրողի վրա տեղի ունեցած հարձակումը երեկ դատապարտել են մի շարք լրագրողական կազմակերպություններ, կուսակցություններ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը եւ այլք: Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի Ժուռնալիստների միությունը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրենց հայտարարության մեջ գրել են. «Ամենամտահոգիչն այն է, որ քաղաքական ու օլիգարխիկ շերտերի ներկայացուցիչների, նրանց թիկնապահների կողմից ահաբեկումների, հայհոյանքների եւ հարձակումների անպատիժ մնալու հետեւանքով լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ անհանդուրժողականությունը տարածվում է դեպի հասարակության այլ խավեր, որոնց մոտ արդեն արմատավորվում է մտայնությունը, թե փաստերին, փաստարկներին ու կարծիքներին կարելի է պատասխանել բռնություններով»: Դատապարտելով տեղի ունեցածը, վերջիններս պահանջում են, որ մեղավորները, որոնք այս անգամ հայտնի են, պատասխանատվության ենթարկվեն օրենքի պահանջներին համապատասխան: Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Տեղի ունեցած հարձակումը լրագրող Ռուզան Մինասյանի վրա բնորոշ չէ ժողովրդավարացմանն ու իրավական պետությանը ձգտող երկրին: Եթե մի երկրում լրագրողի մասնագիտական գործունեությունը կարող է հանգեցնել մեր քաղաքացիների նման անհանդուրժողական վերաբերմունքի, ապա պետք է նշել, որ այդ գործողությունները վտանգում են երկրում անկախ չորորդ իշխանության կայացմանը եւ բացասաբար են անդրադառնում պետության հեղինակության վրա: Անկախ այն հանգամանքներից, թե ինչ բնույթի հրապարակում է ներկայացվել լրագրողի կողմից, խիստ դատապարտելի է կողմերից մեկի դժգոհության նման դրսեւորումը, քանի որ դժգոհության կամ անհամաձայնության դեպքում մեր երկրում գոյություն ունեն իրավական պաշտպանության քաղաքակիրթ միջոցներ»: