Հասցեն՝ Ֆանարջյան 76/1

16/10/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Այս հասցեն գտնելու համար անգամ Երեւանի քարտեզը չի փրկի: Քանաքեռի գերեզմանատան ետնամասում առերեւույթ միայն ամայի տարածք է երեւում, սակայն հեռվից նշմարվող սեւ կետերն իրականում փոքրիկ հյուղակներ են, որտեղ պատսպարվել են անտուն մարդիկ: Այս տարածքում ապրող մարդիկ կարծես այն քաղաքի բնակիչները չլինեն, որտեղ էլիտար շենքեր են կառուցվում, որտեղի եռուզեռը վկայում է բնակչության կենսամակարդակի բարելավման մասին ու, որտեղ մարդիկ սկսել են այնքան լավ ապրել, որ միայն մեկ ու կես տարվա ընթացքում 22.000 մեքենա «առնող» է եղել: Այստեղ ամեն ինչ ուրիշ է, մարդիկ էլ են ուրիշ, որովհետեւ ծանր փորձությունների միջով անցնելիս ոմանք դիմացել են, ոմանք էլ…

Սուսաննան ինձ հրավիրում է իրենց «տուն», ուր մտնելուց հետո «տուն» բառը շատ ճոխ է թվում: Բոլորը հաշմանդամ են ու բոլորն ապրում են իրար օգնելու առաքելությամբ: Սուսաննայի ավագ աղջիկը՝ Սվետլանան, ճնշվում է իմ այցելությունից ու ձեռքն անընդհատ թաքցնում է հագուստի թեւքի մեջ: Մանկուց հաշմանդամ է, մի թեւը թերաճ է, դրա համար էլ ոչ մի գործատու չի ցանկանում նրան ընդունել աշխատանքի: «Ուր դիմում ես՝ ասում են՝ չենք կարա ընդունենք թեւիդ պատճառով, բայց ես էնպիսի տեղեր եմ դիմում, որ ի վիճակի եմ մի ձեռքով աշխատել: Նայում են թեւիս ու մերժում են»,- ասում է միայնակ մայր Սվետլանան, ով, եթե պատահի, ուրիշների տներն է մաքրում, որպեսզի ընտանիքին օգնի: Սվետլանան 3-րդ կարգի հաշմանդամության համար ստանում է 3600 դրամ, իսկ քույրն՝ Անահիտը, տառապում է էնցեֆալիտ հիվանդությամբ, սայլակի միջոցով է տեղաշարժվում եւ 1-ին կարգի հաշմանդամության համար ստանում է ընդամենը 5900 դրամ: «Հաշմանդամության թոշակների ու «Փարոսի» հույսին ենք, ապրելու հնար չկա»,- ասում է տիկին Սուսաննան, ով նախկինում Միքայելյանի անվան հիվանդանոցում աշխատել է որպես ռենտգեն-լաբորանտ: Ամուսինը՝ Սիմոնը, կոկորդի ուռուցք ունի, չի կարողանում խոսել, որովհետեւ ուռուցքը մեծանում է, իսկ առողջական վիճակը գնալով վատանում է: Ասում է, որ արդեն հաց էլ չի կարողանում ուտել, իսկ վիրահատության գնալու համար համարձակություն չունի, գրպանը դատարկ է: Տիկին Սուսաննան նեղսրտում է, ասում է, թե չգիտի՝ որ հիվանդին ինչպես օգնել: «Անահիտի սայլակը կոտրվել ա, սկի սայլակ չենք կարողանում ստանալ, որ գոնե բակ տանենք: 9 տարեկանում հիվանդացել ա, հիմա 32 տարեկան ա, բայց պետությունն այդ տարիների ընթացքում միայն մի սայլակ ա տվել, էն էլ կռվով-դավով: Մաղարիչ էին ուզում, բայց մի կերպ տվեցին, որովհետեւ էդ օգնությունը բերող արտասահմանցիներն Անահիտի վիճակը տեսան, իսկ, եթե նրանք տեսած չլինեին՝ անընդհատ տանել-բերելու էին: Հիմա կոտրվել ա, բայց չենք կարում նորը վերցնենք: Գիտենք, թե ինչ քաշքշուկ ու տանջանք ա, պիտի ամեն օր կանչել տան, իրան էլ պիտի բռնենք, նոր նստացնենք սայլակ, մի խոսքով՝ էնքան են տանջելու, մինչեւ էդ սայլակը տան: Հաշվի չեն առնում հիվանդի առողջական ծանր վիճակը, էնքան են չլում…»,- ասում է տիկին Սուսաննան՝ վստահեցնելով, որ Անահիտի վիճակը վատանում է, որովհետեւ նրան տան մեջ փակված են պահում, դուրս հանելու հնարավորություն չունեն: «Հիմա իրա մոտ ահավոր բաներ են կատարվում, նոպաների ժամանակ գիտակցությունը կորցնում ա, ցնցվում ա, ուղեղի վրա էլ ա շատ ազդում, արդեն նորմալ չի դատում, հիվանդությունը շատ ա խորացել»,- ասում է տիկին Սուսաննան, ում խոսքերից կաշկանդված Անահիտը հայացքով մորը հասկացնում է՝ չխոսել այդ մասին, վիրավորվում է: Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարանին կից «Կարմիր խաչ» կազմակերպությունից տիկին Սուսաննային առաջարկում են գնալ, օրը 3 անգամ սնվել իրենց ճաշարանում, սակայն այս ընտանիքն այնպիսի անմարդաբնակ վայրում է ապրում, որ օրը 3 անգամ հասնել կազմակերպության ճաշարան սնվելու համար՝ առնվազն անիմաստ կլինի: «Երբ չես կարում հիվանդիդ մի բանով օգնել՝ դա ահավոր զգացում ա: Կոմունիստների հասարակարգում հիվանդ երեխայիս համար ամեն ինչ արել եմ, որ հիվանդությունը մի քիչ թեթեւանա, իսկ հիմա սկի հացը չեմ կարում ապահովեմ: 2-3 տարի Մոսկվայի Մարոզովսկի հիվանդանոցում եմ պառկացրել, բուժել, իրա համար կարողանում էի ամեն ինչ անել, բայց կարգերը փոխվեցին, ու հիմա հիվանդիդ չես կարա պաշտպանես»,- ասում է տիկին Սուսաննան՝ վստահեցնելով, որ ձմռանը հայտնվում են անելանելի վիճակում: Ասում է, որ թաղապետարանն իր միջոցներով գազատար խողովակը հասցրել է մինչեւ բակ, սակայն չեն կարողանում համապատասխան գումարը վճարել բնակարանում գազ տեղադրելու համար: «Արդեն հասցրել են բակ, բայց 120.000 դրամ են ուզում ներս մtտցնելու համար: Դե՛, պատկերացրեք, հաշմանդամության թոշակների ու «Փարոսի» հույսին ապրող մարդը կարա՞ 120.000 դրամ հավաքել ու վճարել: Ամեն տարի ծառի ճյուղեր, անպետք փայտեր ենք հավաքել, որ տունը մի քիչ տաքացնենք, չգիտեմ ձմռանն ինչ ենք անելու: Անահիտը սառում-փայտանում ա ու ավելի վատանում ա վիճակը»,- ասում է տիկին Սուսաննան: Սվետլանան ուզում է աշխատանք գտնել, սակայն, երբ բոլորը պահանջում են բարձրահասակ, բարետես արտաքինով աղջիկներ՝ նրան տեսնելուն պես ասում են՝ «ձեռքի պրոբլեմ ունես, չենք կարա ընդունենք»: Սվետլանան շատ է վիրավորվում այդ խտրական վերաբերմունքից, որովհետեւ նա իր ուժերի վրա վստահ է, կարող է աշխատել: Ասում է՝ «Ստիպված ամիսը մեկ կամ 2 ամիսը մեկ պատահում ա, որ ուրիշի տները մաքրելու, ավլելու գործ ա լինում, անում եմ, թե չէ՝ ոչ ոք էլ չի ուզում իմ նման հաշմանդամ աշխատող: Բայց ես էլ երեխա եմ մեծացնում, երեխես ի՞նչ մեղավոր ա, որ իմ մի ձեռքը սենց ա, դրա համար չեն ընդունում աշխատանքի»: Սվետլանայի տղան՝ Ռուբենը, սովորում է 2-րդ դասարանում, որտեղ պարբերաբար գումարներ են հավաքում, սակայն Ռուբենի մայրը չի կարողանում մյուս ծնողների նման այդ գումարը վճարել, որովհետեւ ձեռքից հաշմանդամ է ու ոչ ոք չի ցանկանում նման աշխատող ունենալ. «Եթե չես էլ վճարում՝ նենց են արհամարհում, նենց են ստորացնում, որ չգիտես՝ ոնց նայես երեսներին»,- ասում է Սվետան, ով, եթե կարողանում է մի ձեռքով ուրիշների տները մաքրել, բնականաբար, կկարողանար այլ աշխատանք էլ կատարել:

8 տարեկան Ռուբենը գլուխը կախ տնային աշխատանքն է կատարում ու չի արձագանքում հարցերիս: Երեխան շրջապատված է ընտանիքի անդամներով, որոնցից ամեն մեկը տառապում է ծանր հաշմանդամությամբ: Ռուբենը տխուր է, որովհետեւ իր ընտանիքում բոլորն ուզում են իրար օգնել, բայց ոչ մեկը մյուսին չի կարողանում օգնել:

Հեռանում եմ տիկին Սուսաննայենց տանից: Անցնում եմ այն շինությունների կողքով, որտեղ արտասահմանցիների փողերով «օֆիսներ», շենքեր են վարձակալել՝ հատուկ նրա համար, որ հաշմանդամների ու անապահով խավերի կյանքի բարելավման ծրագրեր իրականացնեն: Անցնում եմ այն տասնյակ կազմակերպությունների կողքով, որոնք արտասահմանցիների փողերով Հայաստանում իբր մարդասիրություն են իրականացնում, ու արտասահմանցիներն էլ կարծում են, թե սայլակավոր Անահիտն իրենց ուղարկած մարդասիրական փողերի հասցեատերերից մեկն է: