Եվ այսպես, առաջին քայլն արված է. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարցերի հանձնաժողովը ճանաչեց Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը: Սակայն դրանից երեք ժամ առաջ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հանդես եկավ հայտարարությամբ, թե նման քայլը վաղաժամ է եւ ներկայումս ցանկալի չէ, քանզի Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է ՆԱՏՕ-ի կազմում եւ կարեւոր գործընկեր է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Ծիծաղելի է, բայց պատմությունը կրկնվում է:
Այսօր նույն այդ տարածքներում Թուրքիան ոչնչացնում է քուրդ ժողովրդին (մարդկանց ոչնչացնելու հարուստ փորձ ունի), ինչպես 98 տարի առաջ Օսմանյան Կայսրությունն էր ոչնչացնում հայերին: Ի դեպ, ոչ առանց քրդերի օգնության: Մի՞թե Ջորջ Բուշն այս ամենին տեղյակ չէ: Մի՞թե Թուրքիայի նման պետությունը կարող է ներգրավվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, այն դեպքում, երբ բազմաթիվ երկրների կողմից նա ճանաչվել է որպես մի ողջ ազգի դեմ ցեղասպանություն իրականացրած պետություն: Ի՞նչն է պատճառը, որ Բուշն այդպես բուռն պաշտպանում է ՆԱՏՕ-ի իր գործընկերոջը: Գուցե իրո՞ք առանց Թուրքիայի հնարավոր չէ պայքարել ահաբեկչության դեմ: Կամ էլ հայերի ցեղասպանության փաստը ճանաչելը կամ չճանաչելը Բուշի համար Անկարայի վրա ազդելու հիանալի լծա՞կ է: Իսկ Անկարայի համար խաղը, որ կոչվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքար, հիանալի միջո՞ց է ազատվելու քուրդ ժողովրդից եւ հայերի պահանջներից` փոխհատուցել այն ամենը, ինչ մի ժամանակ կոչվում էր ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ: Պատասխանելով վերոհիշյալ հարցերին` կարելի է ասել, որ այստեղ ավելի շատ պրակտիկ ու անհեռատես ցինիզմ կա, քան տարածաշրջանում երկարատեւ կայունություն եւ բարեկեցիկ կյանք ապահովելու ցանկություն: Ցեղասպանության «շնորհիվ» այսօր տասնյակ երկրներում բնակվող հայերը հանգիստ չեն թողնի ոչ միայն Ջորջ Բուշին, որը միամտաբար կարծում է, թե իր կարճատես քաղաքականությունը տարածաշրջանում եւ մասնավորապես Թուրքիայում ըստ արժանվույն կգնահատվի պատմության եւ, առավել եւս, հայ ժողովրդի կողմից, այլեւ հանգիստ չեն թողնի Թուրքիային:
Պատմությունը սովորեցնում է, եթե այդ պատմությունը գիտես ու հիշում ես: Իսկ եթե չգիտես ու չես հասկանում, ապա ստացվում է ուրիշ պատմություն` տգետների պատմություն: