Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու ծրագրից: ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հետ այսօր Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ այդ ծրագիրը կարող է վնասել ռուս-ամերիկյան հարաբերություններին:
«Իհարկե, ապագայում մենք կարող է երբեւէ որոշենք հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրել Լուսնի վրա, բայց մինչ այդ մենք կարող ենք կորցնել համաձայնությունների գալու հնարավորությունները, քանի որ դուք կիրագործեք ձեր սեփական ծրագիրը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Միաժամանակ, նա դրական նշան է համարել երկխոսությունը շարունակելու՝ ամերիկյան կողմի դիրքորոշումը, եւ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը չի շտապի իրականացնել ծրագիրը: Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկում է հրաժարվել Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղադրելու ծրագրից՝ փոխարենը առաջարկելով համատեղ օգտագործել ադրբեջանական Գաբալայի ռադարային կայանը, նաեւ պատրաստակամություն հայտնելով համատեղ օգտագործել Ռուսաստանի հարավում՝ Արմավիրում նոր կառուցվող կայանը: Կոնդոլիզա Ռայսը հանդիպման ժամանակ ասել է, թե պետք է փորձեն գտնել բոլորի համար ընդունելի համագործակցության ճանապարհ. «Որտեղ մոտեցումների տարբերություններ կան՝ մենք պետք է փորձենք հաղթահարել դրանք, քանի որ ահաբեկչության սպառնալիքների դեմ պայքարելու ընդհանուր դիրքորոշումները շատ ավելի մեծ են, քան մեզ բաժանող խնդիրները»: «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը հաղորդում է, որ 40 րոպե սպասեցնելուց հետո ընդունելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Պուտինը երկար մենախոսություն է սկսել ռուս-ամերիկյան 1987 թվականի համաձայնագրի շուրջ: Նա ասել է, թե Ռուսաստանի համար դժվար է մնալ 20 տարի առաջ ստորագրված պայմանագրի շրջանակներում, երբ մյուս երկրներն ակտիվորեն զարգացնում են փոքր եւ միջին հեռահարության հրթիռները: Կոնդոլիզա Ռայսը եւ Ռոբերտ Գեյթսը Մոսկվա են ժամանել երկօրյա այցով: Նախատեսվում են նրանց բանակցությունները նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ: Այցի օրակարգում տեղ գտած կարեւորագույն հարցերից են Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու՝ ԱՄՆ-ի ծրագիրը, Կոսովոյի կարգավիճակը: Անդրադարձ է լինելու նաեւ Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: ԱՄՆ-ի պետքարտուղարն այսօր հանդիպելու է մի խումբ իրավապաշտպանների հետ: