Փոխնախարարը դեսպանատանը չի աշխատում

12/05/2005

Մեր ունեցած տեղեկություններով` ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը, որը համակարգում է վարկային միջոցները, Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հասարակական կարգով տեխնիկական հարցերով խորհրդատու է եւ, բնականաբար, վերջերս մեծ աղմուկ հանած բազմասակագնային հաշվիչների համար անցկացվող մրցույթում որոշ դերակատարություն ունի, չնայած այն բանին, որ ինքը տվյալ հանձնաժողովի անդամ չէ: Ասում են, Արա Սիմոնյանը կողմնակից եւ շահագրգիռ է, որ մրցույթում հաղթի չինական «Սինոհիդրոն» ընկերությունը: Ինքը, սակայն, կտրուկ հերքեց այս լուրը. «Ես երբեք ոչ մի դեսպանության հետ ոչ մի կապ չեմ ունեցել: Նախկինում զբաղվել եմ միայն գիտամանկավարժական գործունեությամբ»: «168 Ժամ»-ը անդրադարձել է բազմասակագնային հաշվիչների համար տրված ճապոնական մոտ 8 մլն դոլար վարկի ու մրցույթի թեմային, եւ մենք նորից որոշ պարզաբանումներ խնդրեցինք պարոն Սիմոնյանից: Վերջինս պատասխանեց այսպես. «Քանի դեռ մրցույթը չի կայացել, իմ կողմից կոռեկտ չէ մանրամասների հետ կապված որեւէ մեկնաբանություն անել: Ես կարդացել եմ ձեր թերթի հրապարակումներն այս թեմայի հետ կապված եւ որոշ մեկնաբանությունների հետ համաձայն չեմ: Ձեր թղթակցին հրավիրում եմ ինձ մոտ` ավելի հավաստի տեղեկատվություն տալու համար»: Քանի որ սոցիալապես անապահով խավի համար մեծ նշանակություն ունեցող վարկային այս ծրագիրն ավելի քան 5 տարի ձգձգվում է, եւ հայտնի չէ, թե ինչքան էլի կձգձգվի, մեր թղթակիցն անպայման կընդունի պարոն Սիմոնյանի հրավերը, եւ «168 Ժամը»-ը նորից կանդրադառնա այս թեմային:

Ա.Ա.