Նոբելյան մրցանակակիրները

16/10/2007

2007 թվականի գրականության ոլորտի Նոբելյան մրցանակակիրը դարձավ 88-ամյա անգլուհի գրող Դորիս Լեսսինգը, ով երկար ստեղծագործական ուղի է անցել։

Սկզբում նա ներշնչվել է կոմունիստական գաղափարներով, այնուհետ՝ հետաքրքրվել է ֆեմինիստական հարցերով, իսկ վերջին տարիներին ֆանտաստիկ վեպեր է գրել։ Դորիս Լեսսինգն ինքն իրեն 20-րդ դարի մարդ է համարում եւ շատ է զարմացել, երբ իրեն մրցանակ են շնորհել «արդիական եւ ժամանակակից» ձեւակերպման համաձայն։ Ի դեպ՝ Դորիս Լեսսինգը մինչ այժմ էլ իր բոլոր վեպերը տպագրական մեքենայով է տպագրում, դեռեւս չի ընտելացել համակարգչին։ Նա ծնվել է Պարսկաստանում, կյանքի կեսն ապրել է Աֆրիկայում, հետո, երբ որոշել է միայն գրականությամբ զբաղվել՝ թողել է իր ընտանիքն ու Լոնդոն է տեղափոխվել։ Նրա ստեղծագործությունները գրեթե անծանոթ են մեզ, քանի որ դրանք ոչ միայն հայերեն լեզվով, այլեւ՝ ռուսերեն լեզվով չեն թարգմանվել (որոշ բացառությամբ)։ Լեսսինգն իրեն ֆեմինիստական գրող չի համարում՝ ասելով, որ իրեն ոչ միայն կանանց, այլ՝ ընդհանրապես մարդկանց իրավունքներն են հետաքրքրում։ «Կանանց մարդկությունից չեմ առանձնացնում։ Շվեդական ակադեմիան ասել է, որ ես կանա՞նց կերպարներն եմ ուսումնասիրում։ Զարմանալի է»,- ասել է նա։

Նրա ամենահայտնի «Ոսկե օրագիր» վեպը շատերը գլուխգործոց են անվանում, իսկ «Կանոպուսը Արգուսում. արխիվներ» հինգհատորյա ֆանտաստիկ ժանրի ստեղծագործությունը հեղինակի հավաստմամբ՝ ուսումնասիրում է «ստիպողական էվոլյուցիայի» ազդեցությունը։ Վեպերում հնարված մոլորակի տերը դառնալ ցանկացող էակների պայքարն է նկարագրված։ Այդ վեպերում նա մարդուն որպես քաղաքակրթության ստորին աստիճանին կանգնած ու հոգեւորն ընկալելուն անկարող էակ է պատկերում։ «Մարդն անհաջող էքսպերիմենտ է»,- ասել է նա։

Ուշագրավ է, որ երբ Շվեդական ակադեմիայի ներկայացուցիչները փորձել են զանգահարել գրողին եւ, ավանդույթի համաձայն՝ առաջինը հայտնել նրան բարձր կոչում շնորհելու մասին, պարզվել է, որ նա ամբողջ օրը տանը չի եղել, քանի որ գնումներ է կատարել եւ չի շտապել խախտել իր ընդունված օրվա ռեժիմը։

Ինչպես հայտնի է, Նոբելյան մրցանակները ոչ միայն շատ հեղինակավոր են, այլեւ՝ ամենախոշոր գումարային պարգեւներն են. մրցանակակիրը ստանում է մեկ մլն եվրոյից ավելի գումար։ Սովորաբար լայն հանրությանը հետաքրքրում են «գրականության» եւ «խաղաղության» մրցանակները։ Այս տարի «խաղաղության» մրցանակի է արժանացել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը, ով վերջին տարիներին ակտիվորեն զբաղվում էր բնապահպանական խնդիրներով։ Նա լայնամասշտաբ կամպանիա էր ծավալել՝ կլիմայի գլոբալ տաքացման հետ կապված վտանգները կանխելու համար։ Գորն այդ թեմայով գիրք է գրել եւ «Դառը ճշմարտություն» կոչվող վավերագրական ֆիլմ է նկարահանել։