Ուկրաինական յուղաճարպային արտադրությամբ զբաղվող խոշոր «Կրեատիվ» ընկերությունը Հայաստանում հիմնել է հայ-ուկրաինական «Կրե-Ար» ընկերությունը: Նորաստեղծ ընկերությունը Հայաստանում զբաղվելու է յուղաճարպային արտադրանքի իրացմամբ: «Կրեատիվի» վաճառքի գծով տնօրեն Ալի Խոջաեւի հավաստմամբ` ընկերության մուտքը Հայաստան պայմանավորված է ընկերության արդյունաբերական խմբի արտադրանքի իրացման ծավալների հետագա աճով, ինչպես նաեւ հայաստանյան շուկայում սեփական արտադրանքի դիրքերի ամրապնդմամբ: Ինչ վերաբերում է Հայաստանում արտադրանքի կազմակերպմանն, ապա Ա.Խոջաեւի խոսքերով, միայն 6 տոննա իրացման շուկա ունենալու եւ հումքի բազայի առկայության պարագայում նման արտադրության կազմակերպումը երկրի ներսում շահութաբեր կլիներ, մինչդեռ, հայաստանյան շուկան չափազանց փոքր է, իսկ հումքի բազա չկա: Ի դեպ, յուղաճարպային արտադրանքի արտահանմամբ, բացի Ուկրաինայից, ներկայումս զբաղվում են նաեւ Ռուսաստանը եւ Արգենտինան, եթե որեւէ այլ երկիր նման ապրանքատեսակներ արտադրում է, ապա միայն ներքին սպառման համար: