Մանուշակագույն ենք

13/10/2007

Ըստ իրավապաշտպանների` խոսքի ազատության առումով վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում հետընթաց է արձանագրվել: Նման հայտարարություն նրանք արել են երեկ կայացած ասուլիսում: Օրինակ, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մեջբերելով «Freedon House»-ի 2007 թվականի եռագույն քարտեզը, նկատել է. «Կանաչ` որտեղ խոսքի ազատությունը երաշխավորված է, դեղին` որտեղ կիսաազատ է, եւ մանուշակագույն` որտեղ խոսքի ազատությունը չկա: ԱՊՀ երկրների մեջ Հայաստանը մանուշակագույնների մեջ է»: Նրա հավաստմամբ` Հայաստանում խոսքի ազատության հետընթացը սկսվել է 2002թ., եւ այդ ջրբաժանն «Ա1+»-ի եթերազրկումն էր, քանի որ, ըստ նրա` բոլոր հեռուստաընկերությունները գտնվում են շատ խիստ վերահսկողության տակ: