ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Եվրախորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովի նիստում երեկ սենսացիոն հայտարարություն է արել: Նա «բացարձակապես անպատեհ» համարելով Lեռնային Ղարաբաղի խնդիրը ՄԱԿ-ի շրջանակներում քննարկելու` Ադրբեջանի առաջարկը, հայտարարել է, թե, Հայաստանի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման բանակցությունների միակ պատշաճ տեղն է: Իսկ սենսացիան այն է, որ Օսկանյանն այնտեղ հայտարարել է, թե ԵԱՀԿ-ի շրջանակներում բանակցությունները կարգավորման լուրջ հեռանկարներ են բացահայտել, եւ, որ հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքներին» վերաբերող երեք էջանոց փաստաթղթում ընդամենը չորս հարց է մնում չհամաձայնեցված: Օսկանյանը նաեւ հայտարարել է, թե երկու երկրների ղեկավարներն առայժմ չեն կարողացել փոխհամաձայնության գալ այդ չորս հարցերի շուրջ, սակայն հույս է հայտնել, որ տարաձայնությունները կարող են հաղթահարվել մինչեւ 2008թ. փետրվարին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունները: Հիշեցնենք, որ նման հայտարարություն նախորդ շաբաթ արել էր նաեւ ԵԽ-ում Հարավային Կովկասի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Նա էլ ԼՂՀ հակամարտության շուրջ տիրող իրավիճակը բնորոշելով «փխրուն» եւ «ռիսկային», հայտարարել էր, որ իրավիճակը կարող է փոխվել 2008թ. երկու երկրներում նախատեսված նախագահական ընտրությունների շեմին: Ուշագրավ է, որ Օսկանյանի վերոնշյալ հայտարարությունից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է բանակցել «ԼՂ-ի հայերի հետ, եթե պաշտոնական Երեւանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: