Եկ Հայաստան, չես ափսոսի

13/10/2007

«Անկեղծ ասեմ, եթե ես շատ փող ունենայի, անպայման ներդրում կանեի Հայաստանում եւ ոչ մի ուրիշ երկրում»,- Բրյուսելում կայացած գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` վստահեցնելով, թե Հայաստանում բիզնես ծավալելու առումով մթնոլորտը բարենպաստ է: Չնայած այս հավաստիացումներին, բելգիացի գործարարներից մեկը Ռ. Քոչարյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ պետք է ինքը բիզնես սկսի հենց Հայաստանում: «Հիմա եթե Հայաստանի նախագահն ասի, որ չես ափսոսի, եթե բիզնես անես Հայաստանում, դա բավարա՞ր է, թե՞ էլի բացատրություններ տամ»,- ի պատասխան՝ ասել է Հայաստանի նախագահը, եւ, ըստ «Ա1+»-ի` մեկ-մեկ թվարկել «կովկասյան վագրի» քայլերով զարգացող Հայաստանի տնտեսական աճն ու հավելել, որ Հայաստանում «հազարավոր նոր աշխատատեղեր, տնտեսության աճ, բյուջեի աճ, բնակչության եկամուտների աճ» է գրանցվում առանց բնական ռեսուրսների՝ նավթի ու գազի:

«Հայերը միշտ էլ ունեցել են բիզնես՝ շուկայական մենթալիտետ, դեռեւս խորհրդային տնտեսության պայմաններում միշտ էլ ձեւ են գտել սեփական բիզնեսն անելու»,- ավելացրել է Ռոբերտ Քոչարյանը` բելգիացի գործարարներին հիշեցնելով, որ խորհրդային առաջին համակարգիչը ստեղծվել է Հայաստանում: «Ես, 10 տարի է՝ նախագահ եմ, եւ այս տարիների ընթացքում չի եղել մեկ դեպք, որ որեւէ մի արտասահմանյան ընկերություն ձախողված լիներ Հայաստանում եւ կորուստներ ունենար Հայաստանում,- հայտարարել է նա,- Եվ եթե նույնիսկ վաճառել են, վաճառել են այնպիսի մարժաներով, որ ուղղակի փայլուն արդյունքներ ունեն, եւ բոլորը գոհ են»: Այնուհետեւ Ռ. Քոչարյանը` դիմելով բելգիացի գործարարներին, ասել է. «Ա՛յ դուք, ինչքա՞ն հարկ եք տալիս Բելգիային: Համեմատեք եւ կտեսնեք, թե ինչքան առավելություններ ունի Հայաստանը»:

Իսկ ՀՀ Առեւտրի եւ արդյունաբերության զարգացման նորանշանակ նախարար Ներսես Երիցյանը համաժողովում, որն անցկացվում է «Cercle de Lorraine» թագավորական գործարար ակումբում, ներկայացրել է Հայաստանի՝ «չափազանց դինամիկ» տնտեսության վիճակը: Իսկ Արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ով նույնպես ներկա է եղել այդ համաժողովին, մասնակիցներին հետեւյալ կոչն է արել. «Եկե՛ք Հայաստան, մեզ հետ բիզնես արեք: Դուք լավ շանս ունեք՝ Հայաստանը հրաշալի հնարավորություն է ու կամուրջ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ: Ես սկսեցի զրոյից, եւ հիմա իմ ընկերությունը Հայաստանի խոշոր ընկերություններից մեկն է»:

Արդյո՞ք հայ պաշտոնյաներին հաջողվեց համոզել բելգիացի գործարարներին՝ ներդրումներ կատարել Հայաստանում: Սփյուռքահայ գործարարներից ոմանք, ըստ «Ա1+»-ի` ասել են, թե՝ որպես հայ՝ կուզեն Հայաստանում բիզնես սկսել, եւ այն, ինչ լսեցին, ուրախացնում է իրենց, սակայն կա նաեւ այլ ինֆորմացիա. «Բերնեբերան եկող լուրեր ալ ունինք, որ դժվարություններ կուտան Հայաստանում բիզնեսի մարդկանց»,- ասել են նրանք: «Integra» ընկերության տնօրեն Ռոջեր Վան Բաալն էլ ասել է, թե այս հանդիպման հրավերը ստանալիս, Հայաստանի մասին ոչինչ չգիտեր:

«Մեր ընկերությունն աշխատում է աշխարհի տարբեր երկրներում, նաեւ՝ նախկին Խորհրդային Միության: Ես զանգեցի ԱՊՀ-ում մեր պատասխանատուին ու հարցրեցի՝ իսկ ինչո՞ւ մենք Հայաստանում չունենք գրասենյակ, նա ինձ ասաց. «Բայց Հայաստանում բիզնես չկա՛»: Ես փնտրեցի ինտերնետում եւ, չկարողացա լիարժեք ինֆորմացիա գտնել ինձ հետաքրքրող քիմիական ոլորտի մասին: Ինչ խոսք, այն, ինչ լսեցինք տնտեսության այս տեմպերով աճի մասին, տպավորիչ է: Մենք կուսումնասիրենք, կփորձենք, հուսամ, որ դա չի լինի ժամանակի ու ֆինանսների կորուստ»: