Հայաստանի 2008թ. պետական բյուջեում ամերիկյան դոլարի փոխարժեքը չի դրվելու:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Թյուրըմբռնումից խուսափելու նպատակով նախորդ տարի կատարվել է օրենսդրական փոփոխություն, որի համաձայն, պետական բյուջեի հաշվարկման հիմքում չի դրվելու փոխարժեքի որեւէ կանխատեսում: «Անհնար է հաջորդ տարում կանխատեսել փոխարժեքը: Շուկայական տնտեսությունում դա պետք է տնտեսվարող սուբյեկտները անեն»,- կարծում է Տիգրան Սարգսյանը: Նախորդ տարիների բյուջեի հաշվարկման հիմքում դոլարի փոխարժեք սահմանվել է: Օրինակ, 2007թ. բյուջեն հաշվարկվել էր 1 դոլարը 357 դրամ կուրսով: Նույն վիճակն էր նաեւ նախորդ 2-3 տարիներին: Սակայն տարվա ընթացքում դոլարն ավելի շատ էր արժեզրկվում, քան տարեսկզբին հիմք էին ընդունում: Հիմա 1 դոլարը 330 դրամ արժե, եւ սպասվում է, որ մինչեւ տարեվերջ էլի կարժեզրկվի: ԿԲ նախագահը հայրենի տնտեսվարողներին խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել արտարժույթի փոխարժեքի ու գների տատանումներին, ինչպես նաեւ կարողանալ տվյալ պայմաններում կառավարել ռիսկերը: Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 2-ին հաստատեց 2008թ. պետական բյուջեի նախագիծը, որի համաձայն՝ բյուջեի եկամուտները եկող տարի կազմելու են 744,7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 820,8 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմելու է 76 մլրդ դրամ:
Տ.Սարգսյանի կարծիքով` սպառողական գների ինդեքսն այսօր գտնվում է ծրագրավորված ցուցանիշի շրջանակներում: Նա նաեւ հույս հայտնեց, որ ԿԲ-ին կհաջողվի տարին փակել գնաճի նպատակային ցուցանիշի շրջանակներում` 4+/- 1.5%:
Անդրադառնալով հացամթերքների, ձեթի ու կարագի գների աճին` Տ.Սարգսյանը նկատեց, որ այն նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ համաշխարհային շուկայում: «Հայաստանը հացահատիկի մոտ 60 տոկոսը ներկրում է, եւ բնական է, որ այդ ապրանքի միջազգային գների աճը չի կարող չազդել այստեղի գների վրա` դրանով իսկ իրենից ներկայացնելով արտաքին գնաճային ճնշում: -ասաց նա,- Դրանից բացի, ներքին գնաճային ճնշում է բնակչության օրեցօր աճող դրամական եկամուտները, ինչը պայմանավորված է տնտեսական բարձր աճով»: Ներքին ճնշումների թվին Տ.Սարգսյանը դասեց նաեւ բյուջետային լայնածավալ ծախսերը, որոնք, որպես կանոն, իրականացվում են չորրորդ եռամսյակում: «Առաջին կիսամյակում բյուջեն զսպված ազդեցություն է ունենում գնաճի վրա, իսկ երկրորդում` ընդլայնված»,- ասաց ԿԲ նախագահը:
Հիշեցնենք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը հետազոտություն էր անցկացրել հացահատիկի շուկայում եւ գների աճի առումով տվել էր նույն եզրակացությունը: Ներկայումս փորձագետներն ուսումնասիրում են ձեթի ու կարագի շուկաները: