Ինչո՞ւ է աղմկում «Ժառանգությունը»

13/10/2007

«Այս ի՞նչ արատավոր երեւույթ է արտահերթ նիստեր գումարելը: Ի՞նչն է խնդիրը, որ ուզում եք մենք ձեւականացնենք բոլոր 131-իս աշխատանքը: Մենք, ի վերջո, եկել ենք իրար հետ աշխատելու եւ քննարկելու: Բայց վերին աստիճանի չհիմնավորված եւ կասկածելի փոփոխություններով եկած օրենք է, եւ մենք, չգիտես ինչու, ուզում ենք շտապողականություն ցուցաբերել եւ արագ-արագ ինչ-որ բան անել: Չքվեարկե՞նք, ասենք, որ չե՞նք մասնակցում, սա ի՞նչ է` բոյկոտի հրավե՞ր է: Չենք բոյկոտի, բոյկոտը մեր մեթոդը չէ: Թշնամության դեմ բոյկոտ չեն անում, այլ ավելի մոբիլիզացնում են ուժերը»,- երեկ ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` նկատի ունենալով «ՀՀ բյուջետային համակարգի մասին «օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Իսկ նույն խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն էլ հայտարարել է, թե իրենք մամուլից են տեղեկացել արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշմանը, եւ միայն նախօրեին երեկոյան են ստացել օրինագծերի փաթեթները: Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց. «Ես խնդրում եմ չմեղանչել ճշմարտության դեմ, բոլորն էլ ստացել են օրենքների նախագծերը եւ օրակարգը: Էնպես որ` նման հայտարարությունները, չեմ կարծում, կառուցողականության դրսեւորումներ են»: Ի դեպ, նշենք, որ ԱԺ արտահերթ նիստեր հրավիրելն ամենեւին էլ նոր երեւույթ չեն: Այն կանոնակարգվում է ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ ԱԺ կանոնակարգով: