Փակե՞լ, թե՞ խլացնել

13/10/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Գործող իշխանությունները որ խելք ունենային, հենց վաղը կվերացնեին հեռուստատեսությունների ու ռադիոների վրա սահմանված վերահսկողությունն ու թույլ կտային քննարկումներ ծավալել՝ նախագահական ընտրություններին ընդառաջ։ Միանգամից ասեմ՝ վախենալու բան չկա, անգամ օգտակար է գործող իշխանությունների համար։

Վախենալու բան չկա, որովհետեւ ընդդիմությունը՝ տարբեր տրամաչափի գործիչներով, այդ առիթը կօգտագործի ոչ թե գործող իշխանության հետ, ըստ էության, բանավեճի մեջ մտնելու նպատակով, այլ փրփուրը բերանին կհայհոյի նախկին «հանցավոր» իշխանություններին, չնայած որ նախկին «հանցավոր» նախագահը դեռ չի հայտարարել ոչ առաջադրվելու, ոչ էլ չառաջադրվելու մասին։

Ու եթե հայտարարի առաջադրվելու մասին, նրանց սկսած ա՛յդ քարոզարշավը կշարունակվի մինչեւ վերջ, այսինքն՝ մինչեւ փետրվարի տասնութի այն օրը, որտեղ նշմարվում է ընտրությունների միափուլ ավարտը։

Իսկ եթե հայտարարի չառաջադրվելը, նրանք՝ իրենց հատուկ ոճով, մի քանի օր կքննարկեն այդ հարցը եւ՝ մարտավարությունն արագ փոխելով, կսկսեն գործող իշխանության վերարտադրությանը նպաստող մի այլ գործընթաց, որը նույնպես կավարտվի փետրվարի տասնութին։

Նկատի ունենալով ընդդիմադիր հավակնորդների քանակը, կարելի է ենթադրել, որ այս գործընթացում նրանք ավելի շատ միմյանց են քարկոծելու ու հայհոյելու, քան դե ֆակտո հակառակորդին։

Վախենալու չեն նաեւ ընդդիմության՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու պատրաստ գործիչները։ Նրանց մի մասն՝ անալի, մի մասը՝ պաթետիկ, որոշ մասն էլ զգուշավոր ելույթներ կունենան՝ ստիպելով երանի տալ Տաթեւիկ Նալբանդյանի ռեպորտաժներին, որոնց ամեն նախադասությունն ու բառն ավելացնում էին Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածը։

Հետո պետք է նկատի ունենալ նաեւ համակիրների ու հակառակորդների խոսքերի կշռային անհամապատասխանությունը։ Օրինակ՝ Շավարշ Քոչարյանն ավելի պերճախոս է, քան Ստեփան Դեմիրճյանը։ Կամ՝ Արշակ Սադոյանն ավելի ճարտասան է, քան, ասենք, Արամ Զ. Սարգսյանն, ով վերջին շրջանում վատ չի խոսում։ Կամ էլ՝ օրինակ, Արամ Գ. Սարգսյանն, ում հետ մրցելիս Պետրոս Մակեյանն, ասենք, դժվար թե հաղթի։

Չէ, խոսքն ինտելեկտի մասին չէ։ Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանն ու Մակեյանն իրենց ինտելեկտով գուցե շատ էլ բարձր են Շավարշից, Արշակից ու Արամ Գ. Սարգսյանից։ Հարցը բովանդակությունն է։ Առաջինները պիտի փորձեն վերլուծելով ապացուցել, երկրորդները պիտի շարունակեն օդ կրակել՝ անցած բոլոր տարիների նման, իսկ ինչպես գիտեք, սիրելի… (քիչ էր մնում ասեի՝ հեռուստադիտողներ) ընթերցողներ, օդ կրակված խոսքերն ավելի հեշտ են ընկալվում ու մարսվում։

Օրինակ՝ էլեկտրաէներգիայի հողանցման լեգենդը տարածելու համար շատ բան պետք չէր։ Արշակ Սադոյանը կանգնում էր իր հարազատ խոսափողի մոտ ու գոռում. «Էլեկտրաէներգիաաան, հողանցեեեել եեեեն…»։ Եվ լսողը հայտարարությունն անմիջապես փաստ էր ընդունում։ Իսկ հակառակն ապացուցելու համար պետք է նկարագրել իրավիճակը, նշել թվեր, փաստեր, հղումներ անել գիտությանը։ Մի բան, ինչը շատերը չեն ընկալի։

Եվ քանի որ մեկ պարբերություն առաջ խոսք գնաց ինտելեկտի մասին, ասեմ, որ գործող իշխանությունները վախենալու հեչ բան չունեն։ Այս աժիոտաժի մեջ ամեն օր կարող են եթեր տրամադրել Հայաստանի Հանրապետության գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանին, որի «ղարաբաղյան վիկինգներ» հանրահայտ արտահայտությունը քնքույշ ու սիրելի է դարձնում գործող իշխանություններին։ Ինտելեկտի ոլորտում կարող են նաեւ մեծ ներդրում ունենալ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, ամենատարեց պատգամավոր եւ, եթե չեմ սխալվում, իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանն, ում կարծիքով՝ ռուսների բանակը յոթանասուն տարեկան է (մինչ այդ երեւի ղաչաղություն են արել) (Կարդալ Ռ. Պետրոսյանի հարցազրույցը «Ժամանակ Երեւանի» 02.10 համարում)։

Ինչպես տեսաք, վախենալու ոչինչ չկա։ Վախեցնող է միայն անձամբ Տեր-Պետրոսյանին եթեր տրամադրելը, բայց դա էլ այնքան ահավոր չէ, ինչքան կարծում են գործող իշխանությունները։ «Ուռռա՜» կամ «կորչի՛» գոռալով կարելի է խլացնել բանականության ցանկացած դրսեւորում։

Հ.Գ.
Եթե ասածս համոզիչ չթվաց, գոնե Ահարոն Ադիբեկյանին խնայելով՝ բացեն հեռուստատեսություններն ու ռադիոները, որովհետեւ խեղճ մարդն ինչքա՞ն կարող է սոցիոլոգիական հարցումներ անցկացնել եղած-չեղածից բեխաբար խմբերի մեջ՝ ժամացույցից, զապոնկայից ու գրիչից բացի, թեկնածուի արժանավորությունն ապացուցող այլ ատրիբուտներ փնտրելով։ Մնացել են միայն կոշիկների քուղերը։