2007թ. հունվար-օգոստոսին ՀՀ է ներմուծվել 63.804 տոննա շաքար` 17 մլն 630.000 դոլարի շրջանակներում (արժեքը գնահատվել է ՍԻՖ գնով` ապրանքի արժեքը մինչեւ ՀՀ սահմանը` ներառյալ ապահովագրության եւ տրանսպորտային փոխադրության արժեքը): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հայրապետյանի տեղեկացմամբ՝ շաքարի 55.565 տոննան ներկրվել է Վրաստանից` 14 մլն 903.000 դոլարի շրջանակներում. 2005թ. շաքարը հիմնականում Հայաստան է ներկրվում այդ երկրից: Բրազիլիայից այս տարի ներկրվել է 5133 տոննա` 1 մլն 228.000 դոլարի, Ռուսաստանից` 1302 տոննա` 569.000 դոլարի, Ռումինիայից` 1012 տոննա` 529.000 դոլարի, եւ այլն: Այս տարի փոքր քանակներով շաքար ներմուծվել է նաեւ Բելգիայից, ԱՄԷ-ից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Իրանից, Իտալիայից, Գերմանիայից: 2005-2007թթ. դադարեցվել է ներմուծումը Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Դանիայից, Լեհաստանից, Թուրքիայից, Կոլումբիայից, Կուբայից, սկսել է ներմուծվել Մավրիկիայից եւ Մավրիտանիայից: 2004-2007թթ. շաքարի ներկրման ծավալներն ունեցել են եւ՛ աճման, եւ՛ նվազման միտում. վերջին 4 տարիներին ամենամեծ քանակով շաքար է ներմուծվել 2005-ին` 103.269 տոննա, 2006-ին` կրճատվել գրեթե կիսով չափ` հասնելով 56.771 տոննայի: Այս տարի ծավալները կրկին աճել են` արդեն իսկ գերազանցելով նախորդ տարվա ներկրման ողջ ծավալը: Վերջին 4 տարիներին ՀՀ-ում շաքարի արտադրության ծավալները հիմնականում աճման միտում ունեն` չնայած դրանք շարունակում են դեռեւս բավականին փոքր մնալ: Այս տարի Հայաստանում արտադրվել է 1931 տոննա շաքար` 2004-ի՝ 716 տոննայի, 2005-ի` 1830 տոննայի, 2006-ի` 2210 տոննայի դիմաց: