Ավագ դուստրս 8-րդ դասարանում է սովորում։ Հետեւաբար, ես արդեն 8 տարի է գիտեմ, որ դասագրքերը լինում են երկու տեսակի։ Մարդկային` սովորական դասագրքեր եւ դասագրքեր, որոնք հաստատված են ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության կողմից։ Դասագրքերի մասին պատկերացումներս ու գիտելիքներս այս տարի խորացան` կրտսեր դուստրս առաջին դասարանցի է, եւ հիմա գիտեմ, որ որքան էլ վատը լինի նախորդ գիրքը, մեր Կրթության նախարարությունը կարող է գտնել ու հաստատել ավելի անհաջողը։
Առաջին դասարանի «Մայրենին» ասվածի լավագույն ապացույց է։ Երկու հեղինակների` Ջ. Գյուլամիրյանին եւ Լ. Մարտիրոսյանին հաջողվել է անտանելիության աստիճանի հասցնել Մայրենին։ Խոսքը միայն Հայոց լեզվի աղավաղման մասին չէ։ «Մեր աշխարհում կա մի ձի, ոչ ոք նրան չի մրցի», «Ուժեղությունը լավ բան է, բայց համեստությունը ավելի լավ է» արտահայտությունների նման օրինակները շատ են։ Չարժե դրանք թվարկել։
Դպրոցական դասագիրք կազմողները չեն պահպանել անհրաժեշտ պահանջներն անգամ։ Այս դասագիրքը համաձայնեցված չի նույն դասարանի «Այբբենարանի» հետ եւ տեղ-տեղ կրկնում է այն։ Հեղինակները դասագրքում ընդգրկել են այնպիսի պահանջներ, որոնք չի կարող կատարել առաջին դասարանցին։ Այս գրքի հետ ծանոթացողը վստահաբար կարող է պնդել, որ հեղինակները անմիջական առնչություն չունեն հանրակրթական դպրոցի հետ։ Այլապես, դժվար թե 6-րդ էջում գրեին, թե Մ. Մաշտոցը «յուրաքանչյուր տառին տվեց անուն եւ թվային արժեք` Ա-1, Ժ-10, Ճ-100, Ռ-1000»։ Դժվար է պատկերացնել եռանիշ կամ քառանիշ թվերից բան հասկացող առաջին դասարանցի։ Սա կարծես թե գիտեն բոլորը, բացառությամբ գրքի հեղինակների։ Նրանք մանկական երեւակայության զարգացման սեփական մեթոդն ունեն, որի արդյունքում դասագրքում հայտնվել է «կոտոշավոր գայլ» արտահայտությունը։ Այս կարգի գլուխգործոցները դասագրքում քիչ չեն։ Հեղինակները սրանով չբավարարվելով, մայրենիի դասավանդումը զուգակցել են բարոյախրատական թեմաների հետ։
Գրքի 27-րդ էջի դասն արժանի է վերաշարադրման։ «Ճանապարհին հանդիպում են կույրը, եւ ոտքերը կտրած մի մարդ»։ Ընդունեք, որ սա արդեն հետաքրքիր է` ճանապարհին ոտքերը կտրած մարդ։ Լավ է, որ հեղինակները չեն մանրամասնել, թե անապատային այդ ճանապարհին ինչպես են հայտնվել ոտքերը կտրած մարդն ու կույրը։ Այլապես, այն Հոլիվուդին արժանի արկածային պատում կդառնար։ Հետեւենք, թե ինչպես է զարգանում սյուժեն` շոգ անապատ եւ ճանապարհին մոլորված երկու հաշմանդամ։ Մեկը չի տեսնում, մյուսը չի քայլում։ Հրաշալի մանկական տեսարան։ Հեղինակները գտնում են ինքնատիպ լուծում` «Սակայն, բարեբախտաբար, երկուսն էլ գլուխ ունեին» (գրված է գրքում)։ Պատկերացնո՞ւմ եք այս նախադասությունը` առաջին դասարանցու գրքում։ Սարսափ ֆիլմերի սյուժեներում անգամ չէին կարող կույր կամ ոտքեր չունեցող մարդիկ գլուխ էլ չունենալ։ Ըստ Ջ. Գյուլամիրյանի եւ Լ. Մարտիրոսյանի, այս հաշմանդամները տեղ են հասնում, որովհետեւ ոտքեր չունեցողը նստում է կույրի ուսերին եւ միասին գտնում են ճանապարհը։
Տրամաբանական հակասություններով լեցուն սարսափ դասից («դաս-ուժըս»` կասեին նոր հայերը) հետո հեղինակները առաջին դասարանցուն ուղղում են հետեւյալ հարցը` «Ի՞նչ է նշանակում` երկուսն էլ գլուխ ունեին արտահայտությունը»։
6-7 տարեկան երեխային նման հարց ուղղող չափահաս ու տառաճանաչ մարդու կերպարը հոգեվերլուծողներին հետաքրքի՞ր է, թե՞ ոչ` չգիտեմ։ Ինքս հոգեվերլուծող չեմ։ Բայց կուզենայի, որ Կրթության եւ գիտության նախարարության ողջ անձնակազմը հավաքարարից մինչեւ նախարար ընթերցեր 114-րդ էջի աֆղանական հումորը։ Այն միայն թյուրիմացաբար է Աֆղանստանում հորինվել եւ միանշանակ կարող է համարվել մեր Կրթության նախարարության կարգախոսը։ Չի կարելի միանշանակ պնդել, որ ազնվափայլ Ջ. Գյուլամիրյանը եւ Լ. Մարտիրոսյանը պատահաբար են դարձել այս պատումի տարածողները։ Հումոր-պատմության բովանդակությունը համահունչ է նրանց գրքին։ Իսկ պատմությունը սա է. Դեղագործը մտնում է գրախանութ։ Մի գիրք ընտրելուց հետ գրավաճառին հարցնում` արժե՞ արդյոք կարդալ այդ գիրքը։ Գրավաճառը պատասխանում է, որ ինքը չի կարդացել։ Զարմացած դեղագործը հետաքրքրվում է, թե ինչո՞ւ է գրավաճառը վաճառում գրքեր, որոնք ինքը չի կարդացել։ Գրավաճառի պատասխանը ոտքը կտրածի ու կույրի պատմության պես սահմռկեցուցիչ չէ։ Նա պատասխանում է, որ դեղագործն էլ չի խմել իր վաճառած բոլոր դեղերից։
Հնարավոր է, որ սա սրամիտ պատասխան է։ Բայց միանշանակ շիտակ է ու ազնիվ։ Չի կարելի ասել, որ այն գրքեր չկարդալու կոչ է։ Հեղինակները երեւի նպատակ չեն ունեցել աշակերտներին բացատրել, որ առեւտրով զբաղվելու համար գրքեր կարդալը պարտադիր չէ։ Հումորի բովանդակությունը կարծես մի փոքր այլ է։ Սույն դասով Կրթության եւ գիտության նախարարությունը առաջին դասարանցուն ազնվորեն տեղյակ է պահում եւ խորհրդաբանորեն հուշում, որ իր հաստատած դասագրքերը կարդալն ամենեւին էլ պարտադիր չէ։
Կրթության նախարարությունը հրապարակայնորեն շատ է մեղադրում այն ուսուցիչներին, ովքեր փորձում են հին հրատարակության մաշված դասագրքերով դասավանդել իրենց սաներին։ Նոր դասագրքերի մի մասին ծանոթանալուց հետո, այդ ուսուցիչներին ցանկացած մարդ կհասկանա եւ կարդարացնի։ Վերնագիրն ինքս չեմ հորինել։ Մայրենիի հերթական առաջադրանքների մեջ առաջին դասարանցուն տրվում է նաեւ հետեւյալ առաջադրանքը` «Ստեղծիր մի փոքրիկ պատմություն, այն ավարտիր «Վա՛յ, ձյուն գա գլխիդ» արտահայտությամբ»։ Համաձայնեք, որ իսկապես արժե ստեղծել մի փոքրիկ պատմություն Կրթության եւ գիտության նախարարության գլխին` ենթադրելով, որ նման դասագիրք կհաստատեին միայն այն մասնագետները, ում գլխին ձյունն արդեն վաղուց է եկել։