O sancta simplicitas. Ինչ ոգեւորությամբ էի կարդում այս օտարահունչ բառերն ուսանող ժամանակ: Այն պահին, երբ դու ուսանող ես, ամեն ինչ բավական պարզ է: Կա կայացած աշխարհն՝ իր բոլոր պայմանականություններով, ու կաս դու: Դու, որ ազատ ես այդ բոլոր պայմանականություններից ու պատրաստ ես հեղափոխելու ամեն ինչ: Պատրաստ ես քո դասախոսներին, անգամ ամենահարազատ մարդկանց բացատրել, որ նրանք սխալ են հասկանում ամեն ինչ: Անգամ նրանց, ովքեր քեզ այբուբեններ են սովորեցրել: Ի՞նչ կա, որ: Ոչ ոք ի վիճակի չէ գիտենալու որեւէ բան, որ դու չգիտես: Անգամ, եթե նրա ազգանունը Էյնշտեյն կամ Համբարձումյան է։ Այսօր կամ վաղը դու մի գիրք էլ կկարդաս ու, առնվազն, կհավասարվես նրանց: Ի վերջո, ամեն սերունդ իր ճշմարտությունն ունի: Բայց ոչ մի սերունդ չհանդգնեց բազմապատկման սեփական աղյուսակ ստեղծել: Հավանաբար այն պատճառով, որ գիտելիքների մի մասը համընդհանուր է: Համընդհանուր է իր բնույթով: Որքան էլ տարօրինակ լինի՝ այդ համընդհանրության պնդումը մասամբ վերաբերում է նաեւ հասարակական գիտելիքին: Հնարավոր է՝ պատմաբանները վիճելու բազում թեմաներ ունեն: Բայց որքան էլ պատմությունը ոչ ճշգրիտ գիտություն հայտարարվի, միեւնույն է, այս ոլորտում էլ կան գիտելիքներ, որոնք կասկածից վեր են: Անգամ, եթե դու մեծահարուստ ես ու քո սեփական ֆիրմայի արտադրանքի գովազդ ես պատվիրել: Հայկական հեռուստաեթերում, օրինակ, նոր գովազդ է հայտնվել: Հայրենական արտադրության, մասնագետները կասեին, խաղարկային գովազդ: Այսինքն՝ մի քանի դերասան են վարձվել, որպեսզի բեմադրեն հետեւյալ դրվագը. Ռոբին Հուդը ինչ-որ մեկի գլխին խնձոր է դնում ու նետահարելով կիսում այդ խնձորը: «Ռոբին Հուդ վիճակախաղ»,- հայտարարում է կադրից դուրս հնչող ձայնը ու գովերգում հերթական նոր վիճակախաղը: Դերասաններից զատ, այս տեսարանների նկարահանմանը, հարկավ, մասնակցել են տեսահոլովակի հեղինակը, ռեժիսորը, բազում այլ պիտանի ու անպիտան գործառույթներ ունեցող անձինք: Ի վերջո, գովազդն ունեցել է պատվիրատու, որ վերջում ընդունել է այն, այսինքն՝ հավանություն է տվել նկարահանվելիք-նկարահանվող գովազդին: Այս մեծաքանակ անձերից ոչ ոք չի հիշել, որ Ռոբին Հուդը որեւէ մեկի գլխին դրած խնձոր երբեւէ չի նետահարել: Անգլիական լեգենդի հերոսը լեգենդար այս դրվագի հետ ոչ մի կապ չունի: Որդու գլխին դրված խնձորը նետահարելով կիսել է Անգլիայից «մի փոքր» հեռու ապրող մեկ այլ ժողովրդի լեգենդար հերոս` Վիլհելմ Թելը: Բայց Շվեյցարիան հարկավ մանրուք է հայ կիսագրագետ գովազդատուի համար: Ինչպես նաեւ` գովազդ նկարահանողի ու նկարահանմանը մասնակցողների համար: Ի վերջո հո սեփական պատմությո՞ւնը չենք պղծում, այլ հեռավոր ու եվրոպական, էթնիկ առումով անհասկանալի մի ժողովրդի` շվեյցարացիների պատմությունը: Սա, իհարկե, կարող էր բավարար հիմնավորված բացատրություն լինել: Եթե, իհարկե, հերթական ու նույնքան կիսագրագետ գովազդը չվերաբերեր Հայոց պատմությանը: Եվ այսպես, հերթական «կիսագրագետ» գովազդը մեզ հեռուստաեթերից ներկայացնում է հետեւյալ պատմությունը. ոչ այն է՝ գեղջուկի, ոչ այն է՝ ժամանակակից խարդախ «հերոսի» կերպարանքով մեկը Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծին ներկայացնում է իր իսկ կայսրության տարածքում արտադրված թթվասերները: Երեք ամանում լցված թթվասերները Ռուսաստանի կայսրը փորձաքննության է ենթարկում: Երկու ամանի մեջ լցված թթվասերների մեջ կանգնեցված գդալները թեքվում են, իսկ մեկինը` ոչ: «Ահա սա է արժանի կոչվելու կայսրական»,- մոտավորապես այս տեքստն է խրոխտ կեցվածքով հայտարարում կայսրը: Վաշխառու գեղջուկի կերպարանքով մարդը շրջում է թթվասերի ամանը, ու հեռուստադիտողը տեսնում է, որ Պետրոս Մեծի «կայսրական» անվանած թթվասերն արտադրել է «Աշտարակ-կաթ» ընկերությունը: Ճիշտ այդ պահին կադրից դուրս հնչում է այդ ընկերության սլոգան-կարգախոսը` «Աշտարակ-կաթ, կաթի կայսրություն»: Ծավալներով համեստ հայկական շուկայում կայսերական մասշտաբի ամբիցիաներն ինքնին զավեշտի պես մի բան են: Բայց դե դրա հետ հայ սպառողը վաղուց հաշտվել է: Ու հիմա նոր գովազդը մարսելը հայ գրագետ մարդու համար բավական բարդ է լինելու: Հավանաբար, ի տարբերություն թթվասերի, «Աշտարակ-կաթն» իր կաթնամթերքների տեսականիով բավական լուրջ հեղինակություն ունի ներքին շուկայում: Բայց կարծես հավակնում է ամենաանտրամաբանական գովազդների պատվիրատուի կոչմանը: Թե՛ ընկերության տերերն ու ղեկավարները, թե՛ գովազդ պատրաստողները, մեղմ ասած, պատմությունը գիտություն չեն համարում: Այլապես կիմանային, որ Պետրոս Մեծի շրջանում Հայաստանը Ռուսական Կայսրության մեջ չի եղել: Արեւելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում հայտնվել է այդ կայսեր մահից մոտ 100 տարի հետո: Այն, որ մեր գովազդ պատրաստող մասնագետները գիտության հետ վատ հարաբերություններ ունեն, ակնհայտ է նրանց պատրաստած գովազդներից: Օրինակ, «Ջերմուկ Գրուպի» պատվիրած գովազդն՝ իշամեղվի մասին: Մարդիկ հավանաբար ցանկացել են ասել, որ իրենց արտադրանքի մեջ մկնդեղ հայտնաբերող գիտնականները տգետի մեկն են: Ուզել են, բայց բաց տեքստով ասելու փոխարեն՝ տխուր պատմություն են հորինել ժամանակակից բարդ սարքավորումներով իշամեղու ուսումնասիրող ու սխալվող գիտնականների մասին: Հայրենական արտադրության հեռուստագովազդները դիտելուց հետո եմ միայն հասկացել, թե ինչու էին պրոֆեսորներից ոմանք լատինական առածը երբեմն այլ կերպ թարգմանում: Հաստափոր բուհական դասագրքերում կարելի է հանդիպել «Օ սուրբ տգիտություն» տարբերակին: Իսկը մեր գովազդների մասին է: