Մոսկվայում բնակվող Ալեքսանդր Աղազարյանը, ով ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալությունից հետո հայտարարություն էր տարածել` պնդելով, թե այն գումարները, որի համար Ա. Արզումանյանին ձերբակալել էին «փողերի լվացման» մեղադրանքով, ինքն է տրամադրել, երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է այն` ավելացնելով, թե այն «գումարները, որ ես ուղարկել եմ Ալեքսանդր Արզումանյանին, բոլորը ունեն օրինական ծագում»: Հայաստանի Գլխավոր դատախազության խնդրանքով Ռուսաստանի դատախազությունն ուսումնասիրում է Ալեքսանդր Աղազարյանի ֆինանսական գործերը` թե որքանո՞վ է նա կատարում իր հարկային պարտավորությունները, եւ արդյոք նրա եկամուտները օրինակա՞ն ճանապարհով են ձեռք բերվել: Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան, երեքշաբթի օրը Երեւանում պատասխանելով Աղազարյանի գործի վերաբերյալ լրագրողների հարցին, ասել էր. «Գործը նախաքննության փուլում է, եւ ավարտից հետո արդյունքների մասին կտեղեկացնենք կողմերին»: Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ հավելել էր, թե առաջիկա օրերի ընթացքում մանրամասն տեղեկություններ կստացվեն եւ թույլատրելիության սահմաններում կփոխանցվեն լրատվամիջոցներին ու հասարակությանը: Ալեքսանդր Աղազարյանը՝ հաստատելով լուրերը, որ ՌԴ Դատախազության աշխատակիցներն իր հետ զրուցել են, ասել է. «Իհարկե, ինձ կանչել են եւ ինձ հետ զրույցներ են ունեցել: Հետաքննության շրջանակներում ես պատասխանել եմ հարցերին, որոնք իրենց հետաքրքրել են»: Նրա հավաստմամբ` ինքը բոլոր հարկերը մուծել է, եւ այն գումարները, որոնք ուղարկել է Ա. Արզումանյանին, օրինական ծագում ունեն: «Իսկ ի՞նչ ընթացքում է Դատախազության հետաքննությունը` ես, ճիշտն ասած, չգիտեմ, որովհետեւ ինձ այդ մասին չեն զեկուցում եւ ինձ այդ թեմայով չեն անհանգստացնում»,- «Ազատությանն» ասել է Ա. Աղազարյանը` հավելելով, թե` «հայկական դատախազությունը լուրջ նյութեր չունի այս գործը շարունակելու համար եւ դիմել է ռուսական դատախազությանը, որպեսզի նրանք կարողանան գտնել ինչ-որ կեղտոտ բաներ իմ նկատմամբ, բայց դա հնարավոր չէ, որովհետեւ Ռուսաստանում, համենայն դեպս, գործում է օրենքը, եւ, ինձ թվում է, ոչ մի պատվեր չեն կարող կատարել»: Ա. Արզումանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանն էլ ռադիոկայանի հետ զրույցում պնդել է, որ «ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հայաստանում որեւէ քննչական գործողություն չեն կատարում եւ, բնականաբար, չպետք է կատարեն, որովհետեւ այն քննչական գործողություններով, որոնք կատարվել են, այլեւս հերքվել է ոչ միայն քրեական գործի հարուցման հիմնավորվածությունը, այլեւ Ալեքսանդր Արզումանյանին մեղադրանք առաջադրելը»: Ըստ Արսենյանի` մոտ ժամանակներս, «մինչեւ նախագահական ընտրությունները», միանշանակ, նախաքննական մարմինը պարտավոր է քրեական հետապնդումը Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ դադարեցնել եւ խափանման միջոցը վերացնել:
Իսկ թե ինչու է Ա. Արզումանյանի պաշտպանը ՀՀ իշխանությունների հետագա գործողություններում նման «միանշանակ» համոզումներ սկսել արտահայտել` դժվար է ասել: Մեր տեղեկություններով` գոնե այս ընթացքում Հայաստանում իրավիճակի փոփոխություն տեղի չի ունեցել: