Տարածաշրջանում խախտվում է երեք երկրների միջեւ եղած ռազմական հավասարակշռությունը, եւ ոչ՝ Հայաստանի օգտին: Երեկ այս մասին հայտարարել է ամերիկահայ քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանը:
Նրա դիտարկմամբ՝ հավասարակշռության խախտումը կարող է ավելի ընդգծվել առաջիկա տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական ծախսերի մեծացման հաշվին: Քաղաքագետը վստահ է, որ ռազմական ոլորտում Ադրբեջանի ծախսերն ավելի արդյունավետ կլինեին, եթե այդ երկրի պաշտպանության նախարարը չլիներ Սաֆար Աբիեւը, ում երկարակեցությունը բանախոսը բացատրում է նրա կոռումպացվածությամբ: «Ադրբեջանի ռազմականացմանը սատարողներից մեկն ԱՄՆ-ն է: Այդ գործընթացն ավելի փոքր մասշտաբներով ընթանում է նաեւ Վրաստանում»,- նշեց նա: Ռ. Գիրագոսյանի կարծիքով՝ տարածաշրջանում ընթացող գործընթացներին զուգահեռ՝ Հայաստանը քայլեր պետք է ձեռնարկի մի քանի ուղղությամբ: «Առաջինը՝ ռազմական համակարգի բարեփոխումների դինամիկ շարունակությունն է: Այս առումով կարեւոր է ռազմական հետախուզության ոլորտը: Պետք է նշեմ, որ ոլորտի ղեկավար Բասենցի Ազոյանի մահը մեծ հարված էր Հայաստանի զինված ուժերին եւ մասնավորապես՝ ռազմական հետախուզության համակարգին»,- գտնում է նա:
Ռազմական ոլորտի բարեփոխումների երկրորդ քայլն էլ, ըստ նրա՝ պետք է լինի տեխնոլոգիաների փոփոխությունը: Վերլուծաբանը կարեւոր է համարում միջազգային տարբեր կառույցներում հայկական դիվանագիտական, քաղաքական աշխատանքը, որպեսզի հայկական բանակը համապատասխան աջակցություն ստանա այդ կառույցներից: «Այսօր տարածաշրջանում Հայաստանի բանակն ունի զուտ պաշտպանական գործառույթ եւ կարող է լինել Կովկասի կայունության գրավական»,- կարծում է նա: Միաժամանակ նա խիստ անընդունելի եւ տարօրինակ է համարում անվտանգության երաշխիքներ փնտրելու հարցում ՆԱՏՕ-ի կամ ՌԴ-ի հետ Հայաստանի՝ հույսեր կապելը:
Որպես ԱՄՆ բանակի հատուկ ջոկատների նախկին հրահանգիչ՝ Ռիչարդ Գիրագոսյանը կարեւորում է հատուկ ջոկատների, մոբիլ ռազմական խմբերի ձեւավորումը: «Հայաստանը շրջապատված է ոչ բարեկամ երկրներով, հետեւաբար՝ պետք է ունենա համարժեք արձագանքի հնարավորություն: Աշխարհագրական դիրքով ու աշխարհաքաղաքական իրադրության պահով Հայաստանը բավական նման է Իսրայելին, եւ այդ ջոկատներն ու խմբերը կարող են ձեւավորվել Իսրայելի օրինակով»,- ասում է նա: Նրան զարմացնում է նաեւ ավիացիայի նկատմամբ Հայաստանի զինուժի անտարբերությունը: Այս հարցում միակ մխիթարանքն այն է, որ ավիացիան թույլ է զարգացած նաեւ Ադրբեջանում: «Թույլ թշնամին դեռեւս լավ թշնամի չէ»,- համոզված է վերլուծաբանը: