Մեծարգո Պարոն ՎԱՐՉԱՊԵՏ,
«07.09.2006 թ. որդիս՝ ՀՀ բնակիչ եւ քաղաքացի Արթուր Վարպետյանը, Ձեզ` այդժամ որպես ՀՀ Պաշտպանության նախարարի, դիմել էր 2002 թվից ի վեր Հայաստան իմ մուտքի արգելման հարցը հանգուցալուծելու խնդրանքով, ներկայացնելով նաեւ պահանջված բոլոր փաստաթղթերը: Ըստ մեր տեղեկության, չնայած Ձեր «Հետաքրքրվել եւ պատասխանել» մակագրված հրահանգի, ապա Ձեր իրավասու ենթակաների խոստումներին, այդպես էլ որեւէ պատասխան չենք ստացել: Այսուհանդերձ, ես եւ անաչառ ոմանք համառորեն շարունակել ենք մեր հարցապնդումները տարբեր գերատեսչություններին եւ լրատվամիջոցներին, ինչն այսօր այլեւս դառնում է քաղաքացիական գիտակցության ու խղճի խոց եւ ավելի ու ավելի ստանում հասարակական հնչեղություն: Առավել եւս, ի վերջո, ՀՀ ՆԳ Անձնագրային ու վիզաների վարչությունից ստացված խիստ անհեթեթ պատճառաբանությունից հետո (դրա վերաբերյալ որոշ արձագանքներ ստորեւ բերված են հասցեներով): Ուստի կասեցնելու համար խնդրի առավել խճողումները, վերստին հայցում եմ Ձեր միջամտությունը: Երիցս առավել, որ ես քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել եւ այսօր էլ որեւէ այլ նկրտում չունեմ` քան մնացյալ տարիներս ու ներուժս սպառելու՝ վասն տասնամյակներ ի վեր անվարձահատույց վաստակի դիմաց բռնադատված արժանապատվությունս եւ ապականված հեղինակությունս պատմության առջեւ մաքրագործելուն:
Հավատով եւ նախնական երախտագիտությամբ` Ալեքսանդր Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ
Ֆրանսահայ ազգաբան եւ էաբան Մարսել, 2007թ.