Ժողովրդին դիտմամբ շեղում են

13/10/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ նախագահական առաջիկա ընտրությունների թեման ամենաքննարկվող քաղաքական հարցն է: Մայրաքաղաքի տաքսու վարորդներն իրենց մտահոգող հասարակական, սոցիալական, տնտեսական բոլոր հարցերը կապում են այդ ընտրությունների հետ:

«Շպիոնություն անելու ժամանակ չունենք»

Վարորդ Սեդրակի կարծիքով՝ «Մայրաքաղաքի ու մարզերի հրամանատարը նախագահ Ռոբերտ Քոչարյանն ա, իսկ քաղաքապետերն ու մարզպետերն ուղղակի կատարողներ են: Հիմա ինչքան էլ մեղադրենք քաղաքապետին՝ սխալ կլինի, որովհետեւ Քոչարյանը հրամայում ա, իսկ նա կատարում ա: Ես զարմանում եմ, թե մեր իշխանությունների երեւակայությունն ինչ հզոր ա, ու ՀՀ քաղաքացիների համար դիսկոմֆորտ ստեղծելու համար ինչ հնարամտություններ են գործի դնում: Ես մեկ-մեկ մտածում եմ, որ մեր համար հատուկ պրոբլեմներ են բստրում, որ էն լուրջ պրոբլեմների մասին մտածելու ժամանակ չունենանք ու երկրի քաղաքական հարցերի համար հավես չունենանք,- ասում է Սեդրակն ու ինքն իր ասածի վրա ծիծաղում է: -Հիշո՞ւմ եք` մի քանի ամիս առաջ մենք ձեզ ինֆորմացիա էինք տալիս, թե որ չինովնիկը ոնց ա ավտոյի ռույլին նստում ու ինչ անհամություն ա անում: Հիմա էլ ո՞վ հնարավորություն ունի կողքերը նայելու, նենց տուպիկի մեջ են գցել, որ մարդ աչքերը չռում ա, որ ավտոն մի տեղ չքսի: Դե կարա՞ք՝ հիմա էլ հարցումներ արեք: Ոչ մի վարորդ ինֆորմացիա չունի, որովհետեւ մարդիկ սկի իրանց ուղղություններին չեն կարում տիրապետեն, էլ ուր մնաց՝ ջիփերին շպիոնություն անեն: Դե՛, ասում ես, բա ո՞նց չմտածես, որ դիտմամբ են քաղաքը սենց արել, որ մարդիկ իրական պրոբլեմներից շեղվեն ու կենտրոնանան երթեւեկության վրա: Գայիշնիկներին էլ նախօրոք հանեցին, որ էս շինարարության պատճառով կատարվող վթարների, խցանումների ու տուրուդմբոցների համար ոչ մեկը պատասխանատվություն չկրի: Էն օրը մեր վարորդներից մեկին նենց էին լխկել, որ խեղճ մարդը երեխու պես լաց էր լինում, ասում էր` տունս էլ վաճառեմ՝ չեմ կարա սրա տակից դուրս գամ: Պատվեր էր եղել, խցանման պատճառով ուշացել էր: Պատվիրատուն զանգել, դիսպետչերին էր քֆրտել, նա էլ վարորդին էր անընդհատ զզվացրել, վռազացրել: Ասում ա` էնքան զանգեց, ճվճվոցը գցեց, ասեցի՝ խաչմերուկից խախտում անելով մի կերպ պրոբկից դուրս գամ, հետ ճանապարհով հասնեմ: Մի ֆիրմա ավտո խփել էր, բայց մեղավորը վարորդն էր եղել, մեքենան լրիվ ավերվել էր: Էս դեպքում էլ սերվիսի տերը ձեռքերը լվանում, ասում ա` ավտոս ստանամ, բայց էդ մարդն ի՞նչ անի, թեւաթափ եղած չգիտի՝ ո՞նց էդ ծախսերը հոգա: Լավ էր իրան բան չէր եղել, թե չէ նենց ուժեղ էին խփել, որ կարար ավտոյից էլ դուրս չգար: Հիմա համ սերվիսի ավտոն պիտի սարքի, համ էլ ում որ խփել էր: Լավ ա գոնե նա մի քիչ խղճով տղա ա եղել, տեսել ա, որ էս տարիքն առած մարդը լաց ա լինում` ասել ա` մի բան կանենք, էդքան մի նեղվի: Երկիրը երկիր լիներ՝ իսկական մեղավորին պատասխանատվության կենթարկեր, ասենք, եթե վարորդը մահանար, քաղաքապետը կամ նախագահը դրա համար պատասխանատվություն կրելո՞ւ էր: Ուզում եմ ասել, որ կատակ ենք անում, ծիծաղում ենք, բայց մեր վիճակն ահավոր ա: Մեր երկրի նախագահը լավ կանի, որ մեկ-մեկ ավտո քշելով Երեւանի փողոցներում շրջի, թե չէ` ինչքան էլ պատմես, մեկ ա, մինչեւ էդ ամեն ինչի միջով չանցնի` չի պատկերացնի մեր վիճակը: Ես կուզենայի, որ մեր հաջորդ նախագահն ինչ-որ քայլ անելուց առաջ մի քիչ մեր մասին մտածեր, գցեր-բռներ, թե իրա երկրի քաղաքացին դրանից կտուժի՞: Թե չէ` ահավոր վիրավորական ա, թքած ունեն մեր վրա»:

«Սկել եմ, քույրիկ ջան, ահավոր սկել եմ»

Վարորդ Կարենը երկու բարձրագույն կրթություն ստացած մարդ է: Թեեւ մասնագիտությամբ երաժիշտ է` թավջութակահար, այդուհանդերձ, արդեն քանի ամիս է՝ տաքսի է քշում. «Ես սաղի ինադու եմ քշում, որովհետեւ մեջս լիքը բարկություն կա: Ու էդ ջղայնությունը մեքենա քշելով եմ լիցքաթափում: Ես էս մարդը չեմ եղել, բիզնես եմ ունեցել, կարգին փող եմ աշխատել, մի քանի անձնական մեքենա եմ ունեցել, բայց… Սկել եմ, քույրիկ ջան, ահավոր սկել եմ: Մեր տնտեսական դաշտում նենց մոնոպոլիաներ են սահմանել, որ մանր ու միջին բիզնես անողը մեր շուկայում տեղ չունեն: Մտնում ես շուկա, որ քո քրտինքով երկու կոպեկ աշխատես, բայց նենց են ճանապարհներդ փակում, որ սկցնում, խեղդում են: Մեքենաներով բեռները մտցնում ես ստեղ ու լռվում, մնում են, չես կարա շուկա մտնես, որովհետեւ ամեն մեկն իրա օրենքներն ա թելադրում, սաղ ապրանքը մնացել ա վրես, պարտքերի մեջ խրված եմ: Տաքսի քշելով բան չես կարա անես, ամբողջ կյանքս էլ որ քշեմ` էդ պարտքերի տակից դուրս չեմ գա, ուղղակի քշում եմ, որ ջղայնությունս մի ձեւի թափեմ,- ասում է Կարենն ու շարունակում,- Ես՝ Կոնսերվատորիա ավարտած մարդ, բոլոր մտավորականներն ինձ ճանաչում են, ով տեսնի՝ խայտառակ կլինեմ, կասեն՝ էս ի՞նչ օրն ես ընկել: Ֆորշիկն էլ ինձ լավ գիտի, Մուրզիկն էլ, բոլորն էլ գիտեն, բայց ոչ ոք չգիտի, որ ես էնքան եմ սկել, որ տաքսի եմ քշում»: Ինչ վերաբերում է առաջիկա նախագահական ընտրություններին, ապա Կարենը վստահեցնում է, որ որպես ՀՀ քաղաքացի՝ ինքը երբեք էլ չի մասնակցել ընտրություններին եւ չի էլ մասնակցելու, որովհետեւ այդ իրադարձությունը ոչինչ չի փոխում: «Էս կամ էն թեկնածուին օգնել եմ, աջակցել եմ, որ ընտրվի, բայց ես երբեք էլ չեմ քվեարկել: Անցած` խորհրդարանական ընտրություններին Պուրտոյի համար եմ աշխատել, ինքը Կայարանցի տղա ա, ես էլ եմ Կայարանում ծնվել-մեծացել: Կաշառք չեմ բաժանել, բայց նենց եմ արել, որ ընտրեն իրան»:

«Քամելեոնի նման գույները փոխելու են»

Վարորդ Սարգիսին զարմացրել է Դաշնակցության եւ ՀՀՇ-ի բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, ինչի կապակցությամբ իր անհանգստությունն է արտահայտում. «Ինչքան էլ իրանք խաղան, ես չեմ հավատում, որ էդ կնքած «խաղաղությունն» անկեղծ ա: Դաշնակցությունը շատ մութ կուսակցություն ա, ու ամեն մի գործողության մեջ մի թաքնված բան կլինի, իսկ ՀՀՇ-ն՝ հանձինս Լեւոն Տեր-Պետրոսյանի, հենց էնպես մեղայական չէր գա: Էդ նույն ՀՀՇ-ն իրա իշխանության օրոք դաշնակներին համարում էր սադիստական, վտանգավոր կուսակցություն ու հերթով դաշնակներին փակել էր տալիս բանտերում: Էդ ո՞նց եղավ, որ Լեւոնը միավորվում ա վտանգավոր կուսակցության հետ… Է, եթե տենց ա՝ թող կանգնեն-հայտարարեն, թե ո՞ր մեկն էր սխալ, ոչ թե անձայն իրար ներեն: Թող Լեւոնը կանգնի, ասի` ժողովուրդ ջան, ես դաշնակների հանդեպ սխալ եմ գործել ու ներողություն եմ խնդրում, կամ էլ թե չէ` թող դաշնակներն ասեն, թե Լեւոնն ինչի՞ ա փոշմանել իրա վերաբերմունքի մեջ: Մուկ ու կատու են խաղում, բայց ժողովրդին ինչի՞ բացատրություն չեն տալիս: Ես մարդ գիտեմ, որ դաշնակ էր ու հենց էդ ճնշումների տարիներին դուրս եկավ կուսակցությունից, որովհետեւ իրան հալածում էին, ասում էին, որ դաշնակները հանցագործ են, բանտերում են: Լեւոնն իրա քայլերի մասին չի՞ ուզում խոսա: Ճիշտն ասած, ես միշտ մտածել եմ, որ դաշնակները Քոչարյանի համար են աշխատում ու, երբ ասեցին, թե ընդդիմություն են խաղում, ասեցի՝ ուրեմն` սրանք գնացին ուրիշ պոստ, որ քոչարյանական խաղ տանեն: Նայե՛ք, էդ պորտֆելներն իրանց Քոչարյանն ա, չէ՞, տվել, իրանք գնացին ընդդիմության պոստ, բայց նախարարները մնացին նույն պաշտոնում: Այսինքն` նույն Վահան Հարությունյանն ու Արմեն Ռուստամյանն աշխատելու էին Քոչարյանի համար, բայց հիմա, երբ Լեւոնը խառնվեց, իմ ենթադրությունները մի քիչ փոխվեցին: Ասում եմ` կարող ա՞ Լեւոնի հետ ընդդիմություն դառնան ու հետո իրան սատարեն, բայց դժվար»,- երկար մտածելով՝ Սարգիսը փորձում է քննարկել ներկայիս քաղաքական իրադարձությունները, սակայն ավելի է խճճվում: «Էն որ ասում են` քաղաքականությունն անբարոյականություն ա` դրա մեջ ճշմարտություն կա, որովհետեւ մի ժամում մարդիկ իրանց գաղափարները փոխում են: Կտեսնեք, թե էս մի քանի ամսում ոնց են քամելեոնի նման գույներ ու մտածելակերպ փոխելու: Ինչքան մտածում ես` էնքան խճճվում ես, որովհետեւ ոչ մի սկզբունքային մարդ չկա մեր քաղաքականության մեջ, բոլորն էլ գույն փոխող են»:

Մեզ բոլորիս դիտմամբ շեղում են

Վարորդ Տարոնն էլ կարծում է, որ ՀՀ նախագահի հավանական թեկնածուների ցանկը դեռ փոխվելու է. «Էնքան մարդիկ խաղից դուրս կգան ու անսպասելիորեն կմտնեն խաղի մեջ, որ մեր համար էլ շոկ կլինի: Ոչ մեկը Վարդան Օսկանյանի անունը չի տալիս, բայց կտեսնեք, թե վերջին պահին ինքը ոնց ա մտնելու ու ոնց ա հաղթող դուրս գալու: Ով որ նախօրոք բոբիկացել, ընկել ա մեյդան, էն վերջին պահին անցնելու ա ընդհատակ, բայց էն ամենաանհավանական մարդը գալու ա իշխանության: Ամեն ինչ պլանավորված ա, նենց որ դուք էլ եք իզուր էդքան քննարկում անում, որովհետեւ վերջին պահին պարզվելու ա, որ լրիվ ուրիշ ուղղությամբ եք շեղվել: Հիմա ուղղակի թեկնածուներին ռասկրուտկա են անում, որ դրա մասին խոսաք, զբաղվեք, քննադատեք, սեւացնեք, ու կգա բարի դեմքով մի հրեշտակ, Փրկչի կերպարանքով, որի մասին դուք չեք խոսացել, ու կասի` բարեւ ձեզ, ես նրանց նման չեմ, ես եկել եմ ձեր կյանքը թեթեւացնելու: Մենք էլ, ինչպես միշտ, կհավատանք, որովհետեւ մենք նոր բան ենք ուզում, որովհետեւ հներից շատ կուշտ ենք: Չի բացառվում, որ երկնքից մի հատ Սահակաշվիլի ուղարկեն, ու Հայաստանը դառնա վարդերի երկիր, որովհետեւ հիմա աշխարհի օրենքները Բուշն ա թելադրում: Էդքան որ հիմա թեկնածուների անուններ են տալիս` դրանք ուղղակի մեզ զբաղացնում են, որ տպավորություն ստեղծեն, թե քաղաքական դաշտը ակտիվ ա: Ես չեմ զարմանա, որ դուք էլ նույն նպատակն ունենաք: Ասենք` ինչի՞ եք ամբողջ մի էջ մեր մասին գրում, էդ ո՞նց եղավ, որ ձեր կուլտուրայի մեջ վարորդների մասին հոդվածները մոդա դարձան: Օրինակ` կարող ա, դուք էլ եք ուզում տպավորություն ստեղծեք, թե ՀՀ քաղաքացիները շատ հետաքրքրված են երկրի քաղաքականությամբ: Իրականում մենք բոլորս հոգնել ենք էս խաղերից, ու մեզ շատ ազնիվ մարդ ա պետք: Հիմա, երբ ասում են՝ ժողովուրդը վաղվա օրվա հանդեպ հավատը կորցրել ա, ճիշտ են ասում, որովհետեւ, եթե մարդիկ իրանց երկրի ղեկավարին չեն հավատում, ուրեմն` վաղվա օրվան էլ չեն հավատալու»:

Կարո՞ղ ա Լեւոնը Քոչարյանի հետ ա

«Էս ժողովրդի մասին տեղից վեր կացողը դատողություններ ա անում, մեկը ասում ա` ժողովուրդը ոչխար ա, ոչ մի բան չի հասկանում, մեկը, թե` Ժողովուրդն իմաստուն ա, մյուսն էլ քննարկում ա, թե ժողովրդի հիշողությունը կա՞րճ ա, թե՞ երկար ա: Հենց որ ժողովրդի կարիքն ունենում են, ասում են` «ժողովուրդ ջան», հենց որ պետք գալու վախտն անցնում ա` թքած են ունենում: Բայց ժողովուրդը շշի մեջ փակված էն ջինն ա, որը կարա դուրս գա էդ շշից… Սաղ հեռուստատեսություններով մուզիկա են միացնում, ով ասես` երգում ա, բայց ժողովրդին դրանով զբաղացնում-շեղում են: Պարզ չի՞, թե ինչ են անում, մենակ ջահելական շոուներ են ցույց տալիս: Լեւոն Տեր-Պետրոսյանի քնից արթնանալը մի բան նշանակում ա, բայց վստահ եմ, որ նա էլ ա խաղ խաղում: Դաշնակները Քոչարյանի կուսակցությունն են, պարզ չի՞, որ դաշնակները միայն Քոչարյանի դաբրոյով են Լեւոնի հետ հանդիպել: Կարող ա Լեւոնն էլ ա Քոչարյանի հետ խաղեր տալիս, որ Սերժին խանգարեն: Ո՞վ գիտի, մի մասն էլ ասում ա, թե Լեւոնը Սերժի հետ ա բան պայմանավորվել: Իմ կլիենտներից մեկն ասում էր, հըլա շուտ, որ երկուսով հանդիպում են: Ո՞վ գիտի՝ ինչ են անում: Հա, էդ մարդը, որ միշտ մեր ծառայությունից օգտվում ա, ասում էր, որ դաշնակներն ու Լեւոնը պայմանավորվել են իրար կեղտերը չբացել: Քաղաքականություն ա, ինչ ասես` կանեն: Բայց պետք ա ժողովրդի հետ զգույշ լինեն, չկատաղացնեն, մեղք ա էս ժողովուրդը, կաշին ու ոսկորն ա մնացել, կարա ոտքի կանգնի»,- իր ինֆորմացիան ու մեկնաբանություններն է ներկայացնում վարորդ Գագիկը, ով ժամանակին, երբ Կարեն Դեմիրճյանը կրկին քաղաքականություն էր մուտք գործել, եղել է նրա կուսակցության ակտիվիստներից մեկը: Նա մինչ օրս տպավորված է Կարեն Սերոբիչի եւ ժողովրդի հանդիպումներից: Գագիկը միայն ափսոսում է, որ Կարեն Սերոբիչի որդին` Ստեփան Դեմիրճյանը հորը չի քաշել. «Ասում են` պտուղը ծառից էն կողմ չի ընկնում: Փաստորեն, ընկնում ա»: