Քանաքեռի գերեզմանատան ետնամասի ամայի տարածքով որքան գնում՝ այնքան խճճվում ես, ու ճանապարհի անծայր տեսարանը վախեցնում է: Խուլ գյուղերի ճանապարհներն անգամ այսքան փոշոտ չեն, ու խուլ գյուղերում անգամ ճանապարհիդ հայտնվում են մարդիկ, սակայն այս ճանապարհը միայն սոված շներինն է, որոնք քաղցած գայլերի նման անխնա ոռնում են:
Այս տարածքի անորոշությունն ու սառը լռությունը կտրում է քաղաքի աղմկոտ իրականությունից, ու հեռվից երեւացող ժանգոտ վագոնը կարծես միակ համոզիչ նշանն է, որ սա Երեւանն է, ավելի ճիշտ՝ Երեւանի ծայրամասը: Մոտենում եմ երկաթե վագոնին՝ համոզված լինելով, որ այն հավանաբար գերեզմանատան աշխատակիցների համար ծառայում է ինչ-որ բան ի պահ տալու համար, սակայն… Ապշում եմ, երբ այնտեղից դուրս է գալիս մի փոքրիկ աղջիկ, ում աչքերն այնքան թախծոտ են, որ անծանոթ մեկին պատմում են տեղի թշվառության մասին: Փոքրիկը 6-ամյա Մերին է, արդեն երեք տարի ապրում է այս ժանգոտ տնակի մեջ, որտեղ, հանգրվանելուց ի վեր, էլեկտրականություն չի եղել: Մերին քաղցած է, դրա համար էլ չի արձագանքում հարցերիս, շարժվում է դանդաղկոտ ու հոգնած: Այս տարածքում ապրող փոքրաթիվ բնակիչները` տեսնելով փոքրիկի ընտանիքի անօգնական վիճակը, նրան պարբերաբար սնունդ են տալիս. «Երեկ մի քանի հատիկ խաշած կարտոֆիլ ու մի կտոր հաց եմ տվել, որ երեխան սովամահ չլինի»,- ասում է աննկատ հայտնված մի կին, ով ինձ ու Մերիին ուղեկցում է վագոնի մոտ: Դրսի լույսից հետո վագոնում մութ է, ու խավարի մեջ հազիվ նշմարվում են բնակիչների աչքերը: Այդ անտանելի պայմաններում տեղադրված է օրորոց, որի մեջ քնած 2 տարեկան երեխան՝ Մերիի քույրը, չի էլ պատկերացնում, թե ինչ դժբախտ մանկություն է իրեն սպասվում: Երեխան դեռ փոքր է՝ հասկանալու համար, որ ինքը քնում ու արթնանում է խավարի մեջ, մինչդեռ մարդիկ իրենց շուրջը լուսավորում են էլեկտրականությամբ: Երեխաների մայրը՝ Սոնան, դուրս է գալիս, բակում ենք շփվում, որովհետեւ վագոնի ներսի մթնոլորտն անդուր է: Սոնան ագրեսիվ է, արհամարհանքով է խոսում, որովհետեւ ուզում է իրեն պաշտպանել, ուզում է ամոթն ու կաշկանդվածությունն արհամարհանքով «արդարացնել»: Ամաչում է ասել, որ երեխաները քաղցած են, որովհետեւ այդ խոսքերը ստիպված է ասել իր հասակակցին, որը գուցեեւ իրենից ոչնչով առավել չէ, բայց վագոնի մեջ չի ապրում: Սոնան հմայիչ կին է, բայց իր անօգնական վիճակից կծկվել ու դեմքի արտահայտությանը սառը երանգ է տվել, որ խղճահարություն չառաջացնի: Ամուսինն ու եղբայրը բանտում են, վիճաբանության պատճառով դատապարտվել են, թե ինչ հանգամանքներում՝ չի ցանկանում մանրամասնել: Ասում է՝ քանի գիշեր է չի քնել, որովհետեւ օրեր առաջ եղբորը տեսակցելիս սարսափելի տեսարանի ականատեսն է եղել. «Մարմնի վրա ամբողջը վերքեր էին, չգիտեմ ինչից, բայց ահավոր մեծ, բաց վերքեր էին: Ասել են` երեւի պսորիազ ա: Վիճակը շատ վատ ա, ինձ ասում ա՝ մի ոտքս գերեզմանում ա, օգնեք ինձ: Չգիտեմ ինչից ա, բայց ինքը ոչ մի տեսակի պրոբլեմ չի ունեցել ու շատ մաքրասեր տղա ա եղել: Իրան տեսնելուց հետո ուշքի չեմ գալիս, երեխեքս մեղք էլ են, չգիտեմ գլուխս որ պատին տամ»,- ասում է Սոնան ու ջղաձգված պարանոցը թեքում է, որ արցունքոտ աչքերը չերեւան: Սոնայի դեմքի արհամարհական արտահայտությունը փոխարինվում է տառապանքով, խնդրում է, որ իրեն մի բանով օգնենք:
Զանգահարեցինք Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանին եւ խնդրեցինք օգնել Սոնայի եղբորը տեղափոխել դատապարտյալների հիվանդանոցում բուժվելու: Վերջինս անմիջապես արձագանքեց: Ճշտեց դատապարտյալի անուն-ազգանունը՝ խոստացավ դատապարտյալին անմիջապես ուղարկել բուժման: Սոնայի մայրն ուրախությունից լաց լինելով՝ գնաց Քրեակատարողական վարչություն՝ Ա. Մարտիրոսյանի մոտ:
Սոնայի դեմքին մի քիչ հանգստություն ու մի քիչ էլ շփոթմունք է հայտնվում, հավանաբար չի հավատում, որ եղբորը բուժելու հոգեմաշ իր տառապանքներին լուծում է տրվում: Ասում է՝ «Անընդհատ զանգում, ասում ա` մեռնում եմ, բայց դուք ինձ չեք օգնում: Բանտում կալանավորներն իրանից հեռու են մնում, մտածում են՝ վարակիչ հիվանդություն ա: Վախենում եմ գանգրենա կամ արյան վարակում տա: Էն օրը տաք երկաթը դրել ա մարմնին, որ իրան վնաս տա, չեմ հասկանում հետն ինչ ա կատարվում: Մեզ մեղադրում, ասում ա` ոչ մի բան չեք ձեռնարկում, բայց լավ ա, որ դուք ձեր աչքով տեսնում եք մեր սարսափելի վիճակը»: Սոնան ինքն իրեն մեղադրում է եղբորն օգնել չկարողանալու համար, ու ես չեմ դադարում եղբոր անարդար վերաբերմունքի վրա զարմանալ, որովհետեւ քրոջ վիճակն ազատության մեջ անհուսալի է: Ավելի ուշ տեղեկացանք, որ Սոնայի եղբորն այսօր տեղափոխելու են դատապարտյալների հիվանդանոց:
Հոկտեմբերի 20-ին, այսինքն` մի քանի օր հետո Սոնային երկու երեխաների եւ մոր հետ այս վագոնից դուրս են շպրտելու, ու նրանք հայտնվելու են փողոցում: Երկաթե վագոնի տերը նրանց թույլ է տվել հանգրվանել այդտեղ, որպեսզի հարակից հողամասի ծառերը Սոնան ու մայրը խնամեն: «Ինքը տուն ունի, ու էս տարածքն իրա հողամասն ա, մեզ ասեց` մնացեք ստեղ ու հողամասին տիրություն արեք: Կյանքներս գնում ա էս ծառների վրա, ամբողջ օրը ջրում, մշակում ենք, գալիս, իրա բերքը տանում ա: 3 ամիս ա արդեն, որ գալիս, սկանդալ ա անում, ասում ա՝ դուրս եկեք վագոնից: Չգիտեմ, փողոցներում ենք մնալու, դիմեցինք թաղապետարան, բայց ոչ մի բան: Ասում են՝ միայնակ թոշակառուների ու զոհվածների հարցերով ենք զբաղվում: Գոնե հանրակացարանի մի խղճուկ սենյակ տային, ապրեինք, մինչեւ ամուսինս մի քանի ամսից դուրս գար: Ահավոր անհույս վիճակ ա. երկու կալանավոր, երկու փոքր երեխա, հիվանդ մայր…»,- ասում է Սոնան, ում մայրը թունավոր զոբ (խպիպ) ունի, ինչից ժամանակ առ ժամանակ ուշագնաց է լինում, սակայն ի վիճակի չեն դիմել բժշկի: Փոքրիկ Մերին քիթ-կոկորդի վիրահատության կարիք ունի, խեղդվում, շնչահեղձ է լինում: Օրեր առաջ գիշերը գիտակցությունը կորցրել է, սակայն շտապօգնության մեքենան մոլորվել է, որովհետեւ վագոնի հարակից տարածքի ամայության մթությունից չեն իմացել, որ կանչ տվողները լույս չունեն: Այս ընտանիքը գոյատեւում է «Փարոսից» ստացած 17.000 դրամ նպաստով, իսկ Սոնայի մայրը թունավոր զոբի պատճառով չի կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել: Մոմ գնելու գումար էլ չունեն, դրա համար էլ փոքրիկ Մերին իրեն անընդհատ դուրս է գցում, հոգեբանորեն ճնշվում, վատ է զգում: Մայրն ասում է՝ «Մոլորված վիճակում ենք, ամսի 20-ին մեզ դուրս կգցեն, երկու երեխաներիս հետ ես ո՞ւր գնամ: Վարձով ապրելը մեզ համար անհնար բան ա: Գժվում ենք արդեն»:
Փոքրիկ Մերին ու Անին օգնության կարիք ունեն, նրանք ապրում են անմարդկային պայմաններում եւ մի քանի օրից ստիպված կլինեն գիշերել փողոցներում: Սոնան լավ մայր է, սակայն ծանր կենսապայմաններից շփոթվել եւ չի պատկերացնում, թե ինչ կարելի է անել երեխաներին փրկելու համար: Մերին եւ Անին, բացի Սոնայի երեխաները լինելուց, ինչպես սիրում են մեր բարձրաստիճան պաշտոնյաներն ասել՝ մեր ապագան են: Մինչդեռ մեր ապագան՝ Անին ու Մերին, վաղը հայտնվելու են փողոցում…