Նախորդ շաբաթավերջին Հայաստանում նշվում էր ուսուցչի օրը, իսկ մոտ մեկուկես ամիս առաջ` սեպտեմբերի 1-ին, գիտելիքի օրը: Այս կապակցությամբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բազմաթիվ շնորհավորական ուղերձներ հղվեցին դպրոցականներին, ուսանողներին…
Այդ ուղերձներում գիտելիքի ու գիտության կարեւորության մասին բազում խոսքեր հնչեցին, սակայն խնդիրներն այդ բնագավառում այսօր դեռեւս շատ են: Մեր երկրում գիտության զարգացման ու որակյալ կադրերի պատրաստման ճանապարհին այսօր կան բազմաթիվ, այդ թվում եւ՝ արհեստական խոչընդոտներ: Օրինակ` նման խոչընդոտների առջեւ են կանգնում այլ պետությունների հետ ուսանողների փոխանակման միջպետական ծրագրի շրջանակներում ՀՀ-ից պաշտոնապես տվյալ երկիր ուղարկված ուսանողները (տվյալ դեպքում խոսքն արական սեռի ներկայացուցիչների մասին է): Այսպես, ամեն տարի ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը կազմակերպում է համապատասխան մրցույթ, որի հաղթողների հետ նախարարությունն` ի դեմս նախարարի, կնքում է պայմանագիր, եւ տվյալ անձը ՀՀ-ի կողմից պաշտոնապես ուղարկվում է կոնկրետ երկրի կոնկրետ բուհ: Վերը նշված պայմանագրով օտարերկրյա պետությունում ուսման մեկնողը պարտավորվում է լավ սովորել, չխախտել տվյալ երկրի օրենսդրությունը եւ ուսման ավարտից հետո վերադառնալ Հայաստան, իսկ ՀՀ ԿԳՆ-ն, համաձայն ուսանողի հետ կնքվող պայմանագրի, պարտավորվում է «ապահովել ուսման մեկնած ՀՀ քաղաքացու անխափան ուսումնառության գործընթացը»: Պարզվում է, որ մի շարք դեպքերում նախարարությունն իր այդ պարտավորությունը կատարելիս օրենսդրական խոչընդոտների է հանդիպում, ինչը բնականաբար լրացուցիչ խնդիրների առջեւ է կանգնեցնում տվյալ ուսանողին: Սակայն մտահոգիչն այստեղ այն է, որ այս վիճակը տարիներով շարունակվում է, եւ այն կարգավորելու փորձեր կարծեք թե առանձնապես չեն էլ եղել. բոլորը համակերպվել են ստեղծված վիճակի հետ եւ այդ պայմաններում են աշխատում: Բանն այն է, որ ՀՀ-ի կողմից միջպետական ծրագրի շրջանակներում պաշտոնապես այլ երկրների բուհեր ուղարկված ուսանողների մեջ քիչ չեն լինում մինչեւ 18 տարեկան երիտասարդները: Իսկ այս դեպքում արդեն խնդիրներ են առաջանում զինվորական ծառայությունից տարկետում ձեւակերպելու հարցում: Զինկոմիսարիատը, հղում անելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին, ուսանողին տեղեկացնում է՝ «Ձեզ կտրամադրվի տարկետում իսկական զինվորական ծառայությունից միայն Ձեր 18-ամյակը լրանալուց հետո հերթական զորակոչի ժամանակ»: Այսքանից հետո էլ, բնականաբար, տվյալ անձին ՀՀ Ոստիկանության կողմից ՀՀ-ից ելքի թույլտվություն է տրվում մինչեւ նրա 18 տարին լրանալու օրը: Արդյունքում՝ Հայաստանի կողմից պաշտոնապես միջպետական պայմանագրով արտերկրի կոնկրետ բուհ ուղարկված երիտասարդը ստիպված է լինում ամիսներ շարունակ արտերկրում մնալ առանց օտարերկրյա պետություններում վավերական անձնագրի: Եվ ուսանողը ստիպված է կամ տարի կորցնել, ընդհատել ուսումն ու ՀՀ-ում սպասել մինչ իր 18 տարին լրանալուն հաջորդող հերթական զորակոչը, կամ … Փաստորեն ԿԳՆ-ն որոշ դեպքերում չի կատարում կամ չի կարողանում կատարել պայմանագրով իր ստանձնած պարտավորությունը՝ այն է. «Ապահովել ուսման մեկնած ՀՀ քաղաքացու անխափան ուսումնառության գործընթացը»: Հարցի մասին բարձրաձայնել են բազմաթիվ գիտնականներ, խնդրով մտահոգված այլ անձինք: Զինվորական բարձրաստիճան ղեկավարությունը եւս փաստել է, որ «արտասահմանում միջպետական պայմանագրերի շրջանակներում սովորող ՀՀ քաղաքացիների ուսման հետ կապված պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ օրենքի տառացի կիրառումը կարող է հանգեցնել ուսանողների ուսումնական հաստատությունից հեռացման կամ ելքի թույլտվության ժամկետը լրանալուց հետո արտասահմանում անօրինական գտնվելուն»: Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ Պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնյաների կողմից որոշվել է կիրառել հետեւյալ մոտեցումը. բոլոր դեպքերում արտասահմանում սովորող քաղաքացիների տարկետումները սահմանված կարգով ձեւակերպել 18 տարին լրանալուն համապատասխանող զորակոչի ընթացքում, իսկ ՀՀ-ից ելքի թույլտվություն տալու տարածքային զինկոմիսարիատների համաձայնությունն ուսանողներին տրամադրել առնվազն մեկ տարի ժամկետով (ուսումնական տարվա շրջանակներում)՝ անկախ տարկետում ձեւակերպած լինելու կամ չլինելու հանգամանքից: Խնդրի կապակցությամբ երեկ զրուցեցինք նաեւ ԿԳՆ Արտաքին կապերի վարչության պետ Արթուր Մկրտչյանի հետ: Վերջինս փոխանցեց, որ օրենսդրական լուրջ հակասություններ չկան, պարզապես որոշ զինկոմիսարիատների հետ այդ առումով ինչ-որ խնդիրներ են առաջանում: «Մինչեւ 18 տարեկանին տարկետում չեն կարող տալ, որովհետեւ զորակոչային տարիքը 18-ից է սկսվում: Բայց մյուս կողմից էլ՝ կա միջպետական համաձայնագիրն ու «Զինապարտության մասին» օրենքը, որտեղ հստակ գրված է, որ միջպետական ծրագրի շրջանակներում գործուղված ՀՀ քաղաքացիներն օգտվում են տարկետման իրավունքից»,- նշեց պրն Մկրտչյանը՝ հավելելով, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով, շատ եզակի դեպքերում խնդիրներ առաջանում են: Սակայն նա միաժամանակ վստահեցրեց, որ ուսանողների մոտ 98%-ը՝ նույնիսկ 16-17 տարեկանները, նմանատիպ խնդիր չեն ունենում, եւ տարեկան կարող է լինել 1-2 խնդրահարույց դեպք, որոնք կարգավորվում են «տվյալ զինկոմիսարիատի հետ բանակցություններ վարելով, նամակ ուղարկելով…»: «Մեկ-մեկ զինկոմիսարիատներում ասում են հետեւյալը. մենք ձեզ 2 ամսով ենք տալիս, դուք գնացեք ձեր բուհում հրամանագրվեք, որից հետո բերեք այդ ձեւը, բայց այդ երեխաները գնում են, ենթադրենք, Չեխիա՝ սովորելու, ճանապարհածախս է եւ այլն»,- նշեց Ա. Մկրտչյանը: Նրա խոսքերով՝ այս տարի նմանատիպ ընդամենը մեկ դեպք է արձանագրվել: Նախարարությունում իրավաբաններն այս հարցով զբաղվում են: «Մենք կազմակերպչական առումով, ինչ պետք է եղել՝ արել ենք, կազմակերպել ենք, հիմա իրավաբանները հստակ այդ հարցին կպատասխանեն: Միգուցե նախարարի մոտ ինչ-որ խորհրդակցություն կազմակերպվի, որտեղ ներկա լինեն նաեւ Պաշտպանության նախարարությունից, որպեսզի հետագայում խուսափենք նման իրավիճակներից,- փոխանցեց ԿԳՆ Արտաքին կապերի վարչության պետն ու վստահեցրեց,- Չի եղել դեպք, որ երեխան չգնա սովորելու ա՛յս պատճառով: Նման դեպք չի եղել»: Մեր աղբյուրները, սակայն, փոխանցում են, որ, այնուամենայնիվ, արձանագրվել են դեպքեր, որ ուսանողը նման խնդրի պատճառով տարի է կորցրել, իսկ նմանօրինակ դեպքերն էլ իրականում ոչ թե 1-2-ն են, այլ՝ անհամեմատ ավելի շատ: Նման դեպքերը հազիվ թե 1-2-ը լինեին, դա հակասում է տրամաբանությանը, քանի որ միջպետական պայմանագրերով արտասահման ուղարկվող արական սեռի բոլոր այն ուսանողները, որոնց 18 տարին լրանում է ուսումնական տարվա ընթացքում, ուզեն թե չուզեն, առնչվում են այս խնդրի հետ: Իսկ միջպետական պայմանագրերով արտերկրի բուհեր ուղարկվող ուսանողների զգալի մասը հենց այդ տարիքի է: