Հայաստանի գրողների միությունը նախաձեռնել է Օտարագիր հայ գրողների երկրորդ համաժողովը, որը կկայանա հոկտեմբերի 11-17-ը` Հայաստանում եւ Արցախում:
Առաջին համաժողովը տեղի է ունեցել 2005թ.` «Ցեղասպանությունը եւ օտարագիր հայ գրականությունը» խորագրով: Համաժողովին կմասնակցեն շուրջ երեսուն պատվիրակներ աշխարհի 18 երկրներից` ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Գերմանիայից…: Պատվիրակների մի մասն արդեն երկրորդ անգամն է մասնակցում Օտարագիր հայ գրողների համաժողովին: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ այս անգամ նախաձեռնող խումբը, համաձայնեցնելով օտարագիր գրողների հետ, համաժողովի համար ընտրել է «Ազգային ինքնությունը եւ օտարագիր հայ գրականությունը» թեման: Նա ավելացրեց նաեւ, որ ավանդաբար օտարագիր գրողների համաժողովները համընկնում են «Թարգմանչաց տոնի» հետ, որն էլ այս տարի իրենք կանցկացնեն Օշականում: Մի շարք այցելություններից հետո` հոկտեմբերի 14-16-ը, տեղի կունենա պաշտոնական այց Արցախ, որտեղ մեծ միջոցառում է նախատեսվում Ստեփանակերտի թատրոնի շենքում: Լ. Անանյանը կարեւորեց այն, որ համաժողովն ընդգրկում է նաեւ երիտասարդ հեղինակներին. «Ազգային ինքնության հարցերը չափազանց կարեւոր են, ինչպես նաեւ` սփյուռքի վիճակը, գլոբալացման հարցը: Թեեւ հայերենը տեղի է տալիս, նահանջում է, բայց պետք է արձանագրենք այն փաստը, որ օտարախոս մեր տաղանդավոր հեղինակներն իրենց ստեղծագործություններում շարունակում են արծարծել հայկական թեման»:
Նախաձեռնող հանձնախմբի անդամ, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը նշեց, որ օտարալեզու գրողների եւ գրականության հիմնական բնորոշիչն այն է, որ նրանք ծնվել են որպես մի ազգի ներկայացուցիչ, բայց գրում են ուրիշ ազգի լեզվով եւ զարգացնում են այլ ժողովրդի մշակույթը. «Սակայն նրանք ոչ միայն պետք է այդ ժողովրդի մշակույթի մի մասնիկը լինեն, այլեւ իրենց լուման պետք է դնեն սեփական ժողովրդի մշակույթի զարգացման գործում, որից նրանք անջատվել են ճակատագրի բերումով: Մեզ համար այս խորհրդակցության ընթացքում սա պետք է լինի կարեւոր խնդիրներից մեկը: Մենք պետք է կարողանանք այդ գրողներին` իրենց ստեղծագործություններով, ճակատագրով ու իրենց ուղղակի մասնակցությամբ ներգրավել մեր մշակույթի, մեր գրականության զարգացման մեջ: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ այս գրողները դառնան կամուրջ երկու երկրների մշակույթների միջեւ, տվյալ դեպքում`Հայաստանի եւ այն մշակույթի, որի մեջ նրանք աշխատում են»:
Ամերիկահայ գրող Երվանդ Ազատյանը շեշտեց այն հանգամանքը, որ օտարագիր հայ գրողներից գրեթե բոլորի ստեղծագործությունները այս կամ այն կերպով առնչվում են ցեղասպանությանը: Նույնը վերաբերում է նաեւ այլ ազգերի ներկայացուցիչներին. «Օրինակ, հրեական ծագումով ամերիկացի գրողը նույնպես արծարծում է իրենց ցեղասպանության հարցը, եւ դրա հետեւանքով առաջացած մարդկային, ընտանեկան խնդիրները, որոնց գեղարվեստական լուծման համար գրողը նվիրվում է աշխատանքին: Օրերս գիրք է հրատարակվելու, որում տարբեր խառնվածքի եւ գեղարվեստական տարբեր ըմբռնումներով 17 ամերիկահայ գրողների ստեղծագործություններ կան: Եվ զարմանալի չէ, որ բոլորին էլ ցեղասպանության հարցն այս կամ այն կերպով հուզում է: Ժառանգաբար արյան միջոցով իրենց փոխանցված դառնությունն առկա է նրանց գրականության մեջ: Ընդհանրապես, գրողի համար կարեւորն այն է, որ նա իր նկարագիրը գեղարվեստական շնչով եւ ճաշակով մատուցի: Այսօր մենք մեր ինքնությանը վերադառնալով` մեր խոսքը պետք է ներկայացնենք գեղարվեստական շնչով»:
Ամերիկահայ գրող Օշին Քեշիշյանը, սակայն, համոզված է, որ օտարագիր հայ գրողներն այլեւս չպետք է անդրադառնան ցեղասպանության խնդրին, քանի որ դրանից արդեն երեք սերունդ է անցել: Փոխարենը պետք է հայի նոր կերպար ստեղծել. «Օտար գրականության ու օտարագիր գրողների գործերի մեջ հայի նոր տիպարը պետք է ստեղծենք` վերածնված հայրենիքի վրա հիմնված: Ոչ թե հայը դեռ ցեղասպանության տառապանքով տվայտվող, լեզու չիմացող, ընտանեկան հարցեր ունեցող կերպար պետք է ունենա: Աշխարհում, հատկապես` ԱՄՆ-ում, բազմաթիվ հաջողակ հայեր կան, որոնց կյանքը երբեք գրականության թեմա չի եղել: Մեր ժողովուրդը միջազգային հանրությանը նոր կերպարով պիտի ներկայանա, ոչ թե միշտ տխուր ու լալկան»: