«Երբ ճանաչում են, իրականում չեն ճանաչում»

09/10/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ով վերջերս պաշտոնական այցով գտնվում էր Ռուսաստանում, Մոսկվայում հայտարարեց, թե Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանն էլ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Թեեւ Ս. Սարգսյանն առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է անում, ավելին՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից միայն վարչապետը չէ, որ այս կամ այն ժամանակ նման հայտարարություն է արել (այդ մասին խոսել են նաեւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը), սակայն Ս. Սարգսյանի այդ հայտարարությունն այս անգամ Հայաստանում անհամեմատ ավելի մեծ ուշադրության արժանացավ, ինչն էլ թերեւս պայմանավորված է ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններով: Իսկ նմանօրինակ հայտարարություններն իսկապես նորություն չեն, եւ, արդեն 7-8 տարի է՝ հնչում են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Եվ, որպես կանոն, երբ այդ հայտարարության հեղինակներին հարցնում ես, թե փաստորեն՝ ԼՂ-ն, հարցի ցանկացած կարգավորման դեպքում պետք է մնա Ադրբեջանի կազմո՞ւմ, ասում են. «Ոչ: ԼՂ-ն երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԼՂ-ի հետ կապ չունի»: Այս ձեւակերպումը, հիշեցնենք, շրջանառության մեջ դրվեց այն բանից հետո, երբ 1999թ. նոյեմբերին Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց ԵԱՀԿ Ստամբուլի խարտիան, ինչը, փաստորեն, նշանակում էր, թե Հայաստանն ընդունում է, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Իսկ քանի որ 1998-ին ՀՀ-ում իշխանության էին եկել ուժեր, որոնք խոստանում էին 8000 քառակուսի կիլոմետրանոց անկախ Ղարաբաղ, Ստամբուլի խարտիան ստորագրելուց հետո ստեղծված անհեթեթ իրավիճակից դուրս գալու, սեփական ժողովրդի առաջ «պարզերես» լինելու ակնկալիքով շրջանառության մեջ դրվեց «ԼՂ-ն երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել» ձեւակերպումը, ինչից հետո էլ «հանգիստ խղճով» կարելի էր ասել, թե, այո, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եվ թվում է, թե այսկերպ հաջողվում է խուսափել ԼՂ-ի՝ Ադրբեջանի մաս լինելու մասին փաստող փաստաթուղթ ստորագրելու հետեւանքներից, սակայն այստեղ մի «մանրուք» էլ կա. երբ, օրինակ, ՀՀ արտգործնախարարն ասում է, թե ԼՂ-ն երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել, նա ի՞նչ տարածք է հասկանում՝ «Լեռնային Ղարաբաղ» ասելով: Ակնհայտ է, որ տվյալ դեպքում խոսքը նախկին ադրբեջանական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մասին է, որն էլ հռչակեց իր անկախությունը՝ ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ: Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ի՞նչ տարածքներ են նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս, բայց այսօր հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները՝ «օկուպացվա՞ծ», ինչպես ժամանակին նշել էր ՀՀ արտգործնախարար Օսկանյանը: Ինչ վերաբերում է կոնկրետ Ս. Սարգսյանի կողմից վերջերս Մոսկվայում արված հայտարարությանը, ապա «Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» ասելուց հետո վարչապետը տվյալ դեպքում չէր մանրամասնել, թե ինքը դրա տակ կոնկրետ ի՞նչ է հասկանում, այդ դեպքում ինչպե՞ս է պատկերացնում ԼՂ հարցի կարգավորումը եւ այլն: Իսկ ահա քաղաքական ուժերը փորձում են մեկնաբանել Ս. Սարգսյանի այդ հայտարարությունը՝ փորձելով գուշակել, թե ի՞նչ կարող էր նշանակել ՀՀ վարչապետի այդ հայտարարությունը, կամ իրականում ի՞նչ էր ուզում ասել նա: Երեկ «Հայացք» ակումբում նման փորձ արեց նաեւ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերի երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Մեր հասկացողությամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ չի մտնում Արցախը: Մենք գրաված տարածք չունենք, մենք ունենք ազատագրված տարածք: Տարածքներն Արցախ են: Լեռնային Ղարաբաղ, թե Դաշտային Ղարաբաղ, բոլորն էլ Արցախ են: Արցախը մաս չի կազմում Ադրբեջանի տարածքային ամբողջականության: Այսպես, եւ իրավական հիմքն այն է, որ նախ՝ Ադրբեջանի սահմանները ճշտված չեն: Ինչ-որ կայսրության մեջ վարչական սահմանները հիմք չեն, որպեսզի պետության տարածքային ամբողջականություն ճանաչվի: Մեր տեսանկյունից՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս չի կազմում Արցախը: Մնացածի վրա աչք չունենք»,- նշեց Կ. Մանոյանը: Նրա խոսքերով՝ նույնիսկ միջազգային ատյանները, երբ ասում են, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, իրականում չեն ճանաչում, ասելով, որ կա ԼՂ-ի վիճելի հարց: «Եթե իրենք ասեին, որ չեն ճանաչում տարածքային ամբողջականությունը, պետք է նշանակեր, որ իրենք Ղարաբաղի անկախությունն են ճանաչում»,- հայտարարեց պրն Մանոյանը: Նկատենք, որ վերջինս խճճվեց իր խոսքերում ու հակասեց ինքն իրեն: Այսպես, եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելը նշանակում է՝ ճանաչել Ղարաբաղի անկախությունը (ինչպես նշում է Կ. Մանոյանը), ապա ստացվում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ԼՂՀ-ի անկախությունն այնուամենայնիվ իրար հետ կապված հարցեր են, ավելին՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշանակում է՝ չճանաչել ԼՂ անկախությունը: Մինչդեռ Կ. Մանոյանը նաեւ նշում է, թե Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապ չունի: Բանախոսի խոսքերով՝ այն, ինչ այսօր կա հայկական ուժերի վերահսկողության տակ, մերն է: Մերն են նաեւ Մարտակերտի հատվածը, Շահումյանը, Գետաշենը, որոնք այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ են: ՀՅԴ ներկայացուցիչը երեկ հակադրվեց ՀՀԿ-ական վարչապետի հայտնի հայտարարությանը եւ պնդեց, որ Աղդամը եւս Արցախի մաս է: Հայտարարելով, թե իր համար նորություն չեն որոշ տարածքներ հանձնելու հնարավորության մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունները, ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, թե չեն թողնելու, որ որեւէ տարածք հանձնվի: