ԵԽ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե ինքը որպես պատվիրակության ղեկավար փոխելու է ԵԽ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանականների գործունեության ոճը: Նրա ասելով, թեեւ պատվիրակության նախկին ղեկավար Տիգրան Թորոսյանը շատ աշխատանքներ է իրականացրել ԵԽ ԽՎ-ում, սակայն ինքը չի շարունակելու նրա իրականացրած ռազմավարությունը եւ գործելու է ավելի «ճկուն»: Ինչ վերաբերում է պատվիրակության կազմում ընդդիմության ներկայացուցիչների գործունեությանը, ապա Դ. Հարությունյանը հայտարարել է, թե իրեն չի մտահոգում այն, որ նրանք էլ նախորդների պես մեր «կեղտոտ լվացքը դուրս կհանեն»: Ավելին, նա գտնում է, որ ընդդիմությունը պետք է բարձրաձայնի այն թերությունները, որոնք ունի Հայաստանը: «Կարծում եմ` թերություններն ընդդիմությունը, շատ ճիշտ է, որ պետք է բարձրացնի: Այստեղ որեւէ գաղտնիք չկա: Ինչքան էլ տհաճ չլինի երբեմն լսել քո գործընկերների կշտամբանքները, այնուամենայնիվ, դա այն դառը դեղամիջոցն է, որն օգնում է երկրին՝ դառնալ ավելի ժողովրդավար, ավելի արագ քայլեր կատարելու առաջ: Այնպես որ, այս առումով ես շատ բարձր եմ գնահատում իրենց քննադատական կեցվածքը: Այլ խնդիր է, որ ես կարող եմ չհամաձայնել նրանց հետ, բայց ընդդիմությունը հենց դրանով է ընդդիմություն, որպեսզի սրի խնդիրները»,- ասել է Դ. Հարությունյանը: