ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կազմում ներառված են ՀՀ նախագահի, Կառավարության, Ֆինանսների եւ էկոնոմիկայի, Արդարադատության, Տրանսպորտի եւ կապի, Կրթության եւ գիտության նախարարությունների, Հարկային պետական ծառայության, Զարգացման հայկական գործակալության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչները: Այս պատկառելի աշխատանքային խումբը մշակում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նոր հայեցակարգը», որը հաստատվելու է մինչեւ տարեվերջ: Ո՞րն է նոր հայեցակարգի անհրաժեշտությունը. այս եւ այլ հարցերի շուրջ էր մեր զրույցը Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ՏՏ զարգացման վարչության պետ Ժենյա Ազիզյանի հետ:
– Ի՞նչ եղավ ՏՏ ոլորտին նվիրված հին հայեցակարգը:
– ՏՏ արդյունաբերության զարգացման առաջին հայեցակարգը գրվել է 2001 թվականին, հենց ՏՏ ոլորտը երկրի տնտեսության գերակա ճյուղ հայտարարելու հաջորդ տարում: Երեխան մեծացել է եւ շապիկը փոքրացել է վրան, այսպես կարելի է բացատրել նոր հայեցակարգի անհրաժեշտությունը: Նոր հայեցակարգում պահպանվելու են հնի որոշ դրույթներ, սակայն այս ծրագիրն ավելի երկարաժամկետ է` առաջիկա 10 տարվա համար:
– Հին հայեցակարգից ո՞ր կետերն են պահպանվել:
– Օրինակ, որակյալ աշխատուժի արտահոսքի կանխումը: Արդեն խնդիր կա կրկին Հայաստան վերադարձնել արտերկրում աշխատող մեր գիտական պոտենցիալը: Մեր նպատակն է գիտահետազոտական աշխատանքի առեւտրայնացումը: Մենք ունենք 160-ից ավելի կազմակերպություններ, որոնք իրենց արտադրանքը հիմնականում արտահանում են: Հայեցակարգը պետք է նշի, թե որն է լինելու 10 տարի հետո Հայաստանի տեղը ՏՏ քարտեզի վրա:
– Ոլորտի կազմակերպությունները բազմիցս են նշել, որ ունեն մասնագետների մեծ պակաս: Անգամ մասնագիտական բուհ ավարտածների միայն 30 տոկոսն է, որ պիտանի է աշխատանքի համար` այն էլ՝ մի քանի վերապատրաստական դասընթացներից հետո:
– Հայեցակարգում գրվում են նպատակները` Հայաստանի տեղը ՏՏ քարտեզի վրա, դիրքավորումը եւ տեղեկատվական հասարակության կայացումը: Հայեցակարգն անդրադառնում է նույն կրթական ոլորտին էլ՝ ունենալ եւ ներսի, եւ դրսի շուկաների պահանջներին համապատասխան ներուժ: Մենք այն ժողովուրդն ենք, որ սիրում եւ կիրառում ենք նորարարությունները, պետք է այս պոտենցիալն օգտագործել: Եթե այս ոլորտի հետ կապված մեր ցուցանիշներն ինչ-որ տեղ ցածր են, հենց չօգտագործելու գործոնով է պայմանավորված:
– ՏՏ ոլորտի զարգացման, կարելի է ասել, առաջին նախապայմաններից է ինտերնետ հասանելիությունը, որ մեր երկրի բնակիչների համար հեռավոր երազանք կարելի է համարել: Ինչպե՞ս է լուծվելու այս խնդիրը:
– Միայն ինտերնետը չէ: Ասենք՝ տարանք, մի գյուղում մի համակարգիչ դրեցինք եւ ինտերնետ միացրինք, դա ո՞ւմ է պետք: Տարբեր ծրագրերով, տարբեր գյուղերին, դպրոցներին համակարգիչներ են հատկացրել: Ի՞նչ են անում այդ համակարգիչը: Այստեղ նախ կրթության հարցը պետք է կարգավորել, ստեղծել էլեկտրոնային գրագիտության հնարավորություն: Քանի դեռ չի կորել այս եղած տեխնիկական բազան, պետք է զարգացնել այն եւ նպատակային օգտագործել: Մենք շատ ամբիցիոզ նպատակներ ենք դրել, որը ձեզ նաեւ կարող է հեքիաթային թվալ: Եթե պետությունն է կանգնել գործի գլխին եւ մասնավոր ներդրողին ինքն է ուղղորդելու, սա արդեն լուրջ գործ է:
– Դա իրագործելու համար որքա՞ն ներդրումներ է անհրաժեշտ, եւ որտեղի՞ց:
– Պետության հետ համագործակցելու գաղափարն արդեն ոգեւորել է մասնավորին: Օտարերկրյա ներդրողը մինչ այս ներդրումներ էր կատարում առաջին իսկ պատահած առաջարկի դիմաց` ասֆալտի, եկեղեցու եւ այլ գործերի համար, որը նույնպես լավ է: Հիմա լինելու են պետության կողմից ուղղորդված ներդրումներ: Նպատակ ենք դրել Հայաստանի տարածքով մատչելի կապուղիների հասանելիություն, ուրեմն, աշխատում ենք այս ուղղությամբ: Այս ոլորտի 160-ից ավելի ընկերություններ պատրաստ են մտնել այս ծրագրի տակ եւ պետության հետ դառնալ ներդրողներ եւ գործընկերներ: Պետությունն էլ որոշակի ներդրումներ կանի` ներգրավելով նաեւ երկարաժամկետ ներդրումներ: Մանր-մունր ծրագրեր չեն լինելու, լինելու են գլոբալ ծրագրեր: Նպատակները ֆիքսելուց հետո կմշակվի գործողությունների ծրագիրը, որն արդեն մեր մտքում է: Պետությունը կրթական ոլորտի զարգացման համար նոր մոտեցում է որդեգրելու, խրախուսելու է կրթական ոլորտում կատարվող ներդրումային ծրագրերը: Սակայն մինչ այդ պետք է վերանայվեն կրթական ծրագրերը:
– ՏՏ ոլորտը որպես գերակա ճյուղ՝ պետք է իր հետեւից տաներ երկրի տնտեսական հատվածը: Հինգ տարի հետո արդյունքներն այնքան էլ տեսանելի չեն: Ինչպիսի՞ն է նոր հայեցակարգի մոտեցումն այս հարցում:
– Պետք է համակարգի կառավարումը փոխել` անցնելով էլեկտրոնային կառավարման: Մենք գնում ենք տեղեկատվական հասարակության զարգացման: Տարբեր երկրներ զարգացման տարբեր ոլորտ են ընտրում, մենք էլ գնում ենք այս ուղղությամբ: Ստեղծվելու են հատուկ տնտեսական գոտիներ` տեխնոպարկեր, որտեղ կհրավիրվեն ոլորտի առաջատարները: Իսկ նրանց շուրջը հեշտ է ստեղծել փոքր միավորները:
– Դրսի հեղինակավոր կազմակերպություններից ո՞ր ընկերությունների մուտքն է հնարավոր:
– Microsoft-ն արդեն Հայաստանում է: Եթե ճիշտ քաղաքականություն վարվի՝ կարելի է համագործակցել IBM-ի, «Ալկատելի» եւ շատ առաջատարների հետ:
– Չե՞ք կարծում, որ հայեցակարգը հսկայածավալ աշխատանք է պահանջում, որը 10 տարում հազիվ թե իրականացվի: Առավել եւս, 10 տարի հետո աշխարհում նոր տեխնոլոգիաներ են լինելու:
– Խնդրում եմ, դուք էլ միացեք մեր հույսերին եւ անհավատորեն մի մոտեցեք: Սա այն դեպքն է, որ գնացքը գնում է, հասցրեցիր նստել` շատ լավ, իսկ եթե ոչ` Աստված քեզ հետ: