Կադրային ջարդ

09/10/2007

Նախորդ շաբաթ «Հայփոստ թրասթ մենեջմենթ» ընկերության մոտ 200 աշխատողներ տնօրինության կողմից ծանուցագիր են ստացել, որում նշված է եղել, որ նրանց հետ չեն շարունակվելու աշխատանքային պայմանագրերը: Հայփոստն ունի մոտ 4000 աշխատող եւ եւս 400 աշխատողի հետ չեն շարունակելու աշխատանքային պայմանագիրը եկող տարվանից: Այս սխեմայով նախատեսվում է կրճատել 2000 աշխատողի: Այս պահին «Հայփոստում» առանց որեւէ բացատրության մարդկանց համատարած ազատում են աշխատանքից: Կոեմերցիոն բաժնում աշխատանքից ազատվել է 13 մարդ եւ մնացել են 2 աշխատող: Աշխատանքը կորցրել են նաեւ Տվյալների փոխանցման վարչության պետ Հենրիկ Գեւորգյանը, Դրամական փոխադրումների վարչության պետ Գայանե Ստեփանյանը, Շենք-շինությունների վարչության պետ Էդվարդ Ալեքսանյանը եւ այլք: Մարզերին էլ է վերաբերում այս կրճատումները: Աշխատանքից ազատվել են Վանաձորի, Աբովյանի եւ Չարենցավանի տեղամասի պետերը: Պարզ է, որ առաջիկայում այս մարդկանց փոխարեն նոր մարդկանց են աշխատանքի տեղավորելու: Թեպետ «Հայփոստ թրասթ մենեջմենթի» գլխավոր տնօրեն Հանս Բոոնը ներկայումս թեթեւացնում է իր աշխատակազմը, ոչ վաղ անցյալում աշխատուժի պակասի բացատրությամբ դրսից աշխատանքի է ընդունել 8 փոխտնօրենների` բավականին բարձր աշխատավարձով: Իսկ ահա փոստատարների աշխատավարձը պետական նվազագույնից էլ ցածր է: Նշենք, որ «Հայփոստի» կառավարումը ստանձնած հոլանդացի կառավարիչը բազմիցս է հայտարարել, որ կրճատումներ չեն լինելու, ինչը նախատեսված չէ նաեւ Կառավարության հետ վավերացրած կառավարման պայմանագրով: Բացի այս էլ, մարդկանց աշխատանքից ազատում են` ՀՀ աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումներով: Այն է իրավունք չունեն աշխատանքից ազատել ընտանիքի միակ կերակրողին կամ կենսաթոշակի տարիքին մի քանի տարի մնացած անձանց: Տնօրենի խորհրդական Գուրգեն Ավետիսյանին կենսաթոշակի անցնելու համար երկու ամիս է մնացել, սակայն վերջինս նույնպես ազատվել է աշխատանքից: «Հայփոստի» մարդկային ռեսուրսների կառավարման երիտասարդ վարչության պետ Արման Խաչատուրյանը չի սիրում աշխատողներին բացատրություններ տալ, թե ո՞ր «մեղքի» համար են ազատվում աշխատանքից: Արման Խաչատուրյանը մեզ էլ պատասխանեց նույն ոճով: «Ես ձեզ բացատրություն տալու կարիք չունեմ»,- վստահ ձայնով հայտարարեց նա: Բայց գոնե Խաչատուրյանն իր կյանքի փորձից պետք է որ ճաշակած լիներ աշխատանքը կորցնելու դառնության պտուղը: Արման Խաչատուրյանն աշխատանքային փորձ ունի նաեւ «ԱրմենՏելում», որտեղից հեռացվել է խայտառակ ձեւով: