«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարիչ Ֆրանսիական «Սաուր» ընկերությունը, համաձայն ՀՀ կառավարության հետ ունեցած կառավարման պայմանագրի՝ իր գործունեությունն ավարտելու է եկող տարի հոկտեմբերին:
Մեր հարցին՝ շարունակելո՞ւ է արդյոք «Սաուրն» իր կառավարման պայմանագիրը, ընկերության տնօրեն Պատրիկ Լորենը պատասխանեց, որ դա Կառավարության որոշելիքն է, թեպետ պայմանագրով երկու տարի էլ երկարաձգելու հնարավորություն ունեն: Պատրիկ Լորենի երեկվա ասուլիսի նպատակը կատարած աշխատանքների փաթեթի ներկայացումն էր: Համաձայն Կառավարության հետ ունեցած պայմանագրի՝ «Սաուրի» պարտավորությունների շարքից է՝ բարձրացնել ջրամատակարարման ծառայությունների սպասարկման որակը: Սա նշանակում է, որ «Հայջրմուղկոյուղու» բաժանորդները 2008-ի վերջին ունենալու են 13-14-ժամյա ջրամատակարարում: Գյուղական վայրերում ծառայություններ մատուցող այս ընկերության տնօրենը նշում է, որ զգալի է կորուստների քանակը` նախկինում մոտ 92 տոկոս կորուստները հաջողվել է նվազեցնել մինչեւ 80 տոկոս: «Մեր կորուստների հիմնական մասը կոմերցիոն բնույթի են: Անգամ ջրաչափ տեղադրած բաժանորդներն ինչ-ինչ կերպ ջուր են գողանում: Գիշերային ժամերին կոյուղու խողովակներով հոսում է այնքան ջուր, որքան ջրամատակարարման համակարգով է անցնում: Իսկ ջրաչափ չտեղադրած բաժանորդներն ընդհանրապես չեն փակում ջրի ծորակները»,- հայտարարեց ֆրանսիացի կառավարիչը: Հետաքրքիր է, որ Կառավարությունը պայմանագրով կորուստների նվազեցման շեմ չի նշել եւ ընդհանուր կարգով ձեւակերպել է` ջրամատակարարման բարելավում: «Սաուր» ընկերությունն էլ իր գործունեությունն ու աշխատանքների ավարտման ժամկետները ձեւակերպում է կառավարման պայմանագրի տառին համապատասխան: ՀԲ-ի 15մլն դոլարի վարկային ծրագիրը ծախսվել է աղբյուրների եւ ներքին ցանցի մասնակի վերանորոգման նպատակով: Իսկ «Հայջրմուղկոյուղին» իր միջոցներից նախորդ տարի ներդրել է 150 մլն դրամ, իսկ այս տարի՝ մոտ 200 մլն դրամ: Սպառողների պարտքը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին անցնում է 10մլրդ դրամից: Ընկերությունն առայժմ կարողանում է ապահովել մոտ 70 տոկոս հավաքագրումներ կամ շուրջ 200 մլն դրամ: «Հայջրմուղկոյուղու» համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 1 խմ ջրի սակագինը սահմանել է 140 դրամ, եւ վերջերս ընկերությունը ջրի սակագնի բարձրացման հայտ էր ներկայացրել հանձնաժողովին: «Մենք կարծում ենք, որ իրական սակագինը պետք է 30 տոկոսով բարձր լինի, սակայն չգիտես ինչու՝ մեր առաջարկը մերժվեց»,- ասում է Պատրիկ Լորենը: