Մինչեւ տարեվերջ փողոցների շինարարությունը կավարտվի

09/10/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ մանրամասն ներկայացրեց քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2007թ. սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրի 9 ամսվա հաշվետվությունը:

Ըստ նրա, թեեւ սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրով 9 ամսվա համար նախատեսված էր իրականացնել 65348.38մլն դրամի աշխատանքներ, այդուհանդերձ, փաստացի կատարվել են 70216.23մլն դրամի աշխատանքներ, կամ նախատեսված աշխատանքների 107.4%-ը: «Այս տարին կարեւորվում է նրանով, որ դեռեւս 2003-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել էր Երեւան քաղաքի զարգացման հիմնադրույթները 2004-2007թթ. համար եւ նաեւ, որ 2007 թվականը զարգացման ծրագրի ժամկետների վերջին տարին է: Պիտի նշեմ, որ բոլոր չորս տարիներին նախատեսված ծրագրերը եւ աշխատանքները ամբողջությամբ կատարվում են»,- ասաց Ե. Զախարյանն՝ ավելացնելով, որ կատարված աշխատանքների մեջ կապիտալ ներդումների հաշվին բավականին մեծ ծրագրեր են իրականացվում քաղաքաշինության ուղղությամբ: Քաղաքաշինության ոլորտում Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանը կարեւորում է գլխավոր հատակագծի հետ կապված մոնիտորինգի եւ այն միջոցառումների ծրագրերը, որոնք ներկայումս կատարվում են, հետեւաբար՝ ապահովելու են մինչեւ 2020թ. գլխավոր հատակագծի կատարման աշխատանքները: «Այդ ուղղությամբ արդեն առաջին եռամսյակում ավարտվել են Կենտրոն համայնքի գոտիավորման նախագծերը, եւ մինչեւ տարվա վերջ կավարտենք նաեւ Աջափնյակ, Դավիթաշեն, Արաբկիր, Նորք-Մարաշ համայնքների գոտիավորման նախագծերը, որոնք մեզ հնարավորություն կտան այսուհետ նաեւ այդ համայնքներում քաղաքաշինական հիմնական աշխատանքներն իրականացնել՝ ծրագրավորված եւ համաձայն գլխավոր հատակագծի, համաձայն գոտիավորման նախագծերի»,- տեղեկացրեց քաղաքապետը: Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված եւ անհետաձգելի համարվող համաքաղաքային կապիտալ ծրագրեր իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ՝ Երեւանի վարչական տարածքում տեղաբաշխված պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից ստացված միջոցներից Երեւանի քաղաքապետարանին է տրամադրվել մինչեւ 5400.0 մլն դրամ: Ե. Զախարյանի հավաստմամբ՝ այդ միջոցներով հաշվետու ժամանակաշրջանում սկսվել են Բաղրամյան պողոտայի եւ Օրբելի փողոցի խաչմերուկում տրանսպորտային հանգույցի կառուցման, Արցախի փողոցի եւ Ազատության պողոտայի վերակառուցման, ինչպես նաեւ՝ Հաղթանակ այգու դիմաց ստորգետնյա անցում կառուցելու աշխատանքները, որոնց երթեւեկելի մասի շինարարությունը նախատեսվում է ավարտել տարեվերջին: 2003 թվականին քաղաքապետ Ե. Զախարյանը խոստացել էր Հյուսիսային պողոտայի եւ հարակից շենքերի հիմնական շինարարական աշխատանքներն ավարտել 2007 թվականին, հետեւաբար, երեկ նա նաեւ անդրադարձավ իր այդ խոստմանը: «Ամենաուշը այս տարվա նոյեմբերի 10-15-ին մենք Հյուսիսային պողոտան ամբողջությամբ կհանձնենք շահագործման: Գլխավոր պողոտայում շարունակվում են շինարարական աշխատանքները, եւ քաղաքի մյուս հատվածներում նույնպես կատարվում են բնակարանային, տարաբնույթ շինարարական աշխատանքներ: Քաղաքաշինական ծրագրերը հիմնականում իրացման գոտիների հետ կապված՝ իրականացվում են համաձայն նախատեսված ժամանակացույցի»,- տեղեկացրեց Ե. Զախարյանը: 2007թ. 9 ամսում սկսվել եւ հաստատված ժամանակացույցին համապատասխան իրականացվում են պետբյուջեով նախատեսված աշխատանքները, մասնավորապես՝ մայրաքաղաքում առկա 3-րդ աստիճանի վնասվածության բազմաբնակարան վթարային 8 շենքի վերականգնման եւ ամրացման, 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին բնակարանային փոխհատուցում տալու նպատակով 3 բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքները: Պրն Զախարյանի հավաստմամբ՝ ըստ ժամանակացույցի կատարվել են 74 փողոցների արտաքին լուսավորության ցանցերի վերակառուցման եւ հիմնանորոգման, Երեւան քաղաքի փողոցների, հենապատերի եւ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքները:

Տրանսպորտային կոմունիկացիաներ

Քաղաքապետը երեկ անդրադարձավ նաեւ մայրաքաղաքում իրականացվող տրանպորտային կոմունիկացիաների հետ կապված հարցերին։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ քաղաքային իշխանությունները մեծ թափով տրանսպորտային կոմունիկացիաների շինարարություն սկսեցին: Ներկայումս իրականացվում են Խանջյան-Տիգրան Մեծ, Խանջյան-Վարդանանց, Նալբանդյան-Իսահակյան, Կիեւյան-Բաղրամյան, Բաղրամյան-Օրբելի խաչմերուկների վերակառուցման աշխատանքները, ինչպես նաեւ՝ 3 ստորգետնյա, մեկ վերգետնյա անցումների կառուցման, Հաղթանակ զբոսայգու մուտքի մոտ անցում կառուցելու եւ Գետառի վերակառուցման աշխատանքները: Տրանսպորտային կոմունիկացիաների հետ կապված՝ մայրաքաղաքում բավականին մեծ ծավալի աշխատանք է իրականացվում եւ նախատեսվում է կառուցել նաեւ շուրջ 7 հետիոտն անցումներ: Նման մեծածավալ աշխատանքներ Երեւանում վաղուց չեն եղել, այսօր դրանց ծավալն աննախադեպ է, ինչի պատճառով էլ մեր համաքաղաքացիների մոտ աշխատանքներն անավարտ թողնելու անհանգստություն կա: «Հաճախակի հարցնում են, թե՝ ինչո՞ւ բոլոր աշխատանքները միասին, կամ ինչո՞ւ են խաչմերուկների վերակառուցման աշխատանքները միասին կատարվում: Ես ուզում եմ այդ հարցին պատասխանել. մենք այսօր իրականացնում ենք Բաղրամյան-Կիեւյան խաչմերուկի շինարարական աշխատանքները եւ ապահովելու ենք առանց կանգառի տրանսպորտային երթեւեկություն Կոմիտաս-Բաղրամյան-Կիեւյան-Քոչար ճանապարհներով: Եթե մենք այդտեղ ապահովելու ենք առանց կանգառի տրանսպորտային երթեւեկություն, ապա պատկերացրեք, թե ինչ կկատարվեր Օրբելի խաչմերուկում, եթե այդ խաչմերուկի հարցը չլուծվեր, եւ լուսացույցն այդտեղից չհանվեր: Բնականաբար, խցանում էր լինելու, Կոմիտասից առանց կանգառի Բաղրամյան էին իջնելու եւ խցանում էր լինելու մինչեւ Կիեւյան-Բաղրամյան խաչմերուկ էստակադայի վրա: Նույն խնդիրը վերաբերում է նաեւ մյուս խաչմերուկներին»,- ասաց Ե. Զախարյանը՝ հավատացնելով, որ տեխնիկապես այդ մոտեցումն արդարացված չէր, իսկ այս դեպքում ապահովվում է առանց կանգառի երթեւեկությունը: Քաղաքապետը երեւանցիներին հորդորեց համբերությամբ զինվել, որովհետեւ ներկայիս դժվարություններն ունենալու են բավականին դրական եւ անսպասելի արդյունք: Ըստ նրա, եթե այսօր մեքենան Կրկեսից Կոմիտաս հասնում է 30 րոպեում, ապա նոր խաչմերուկների շահագործման դեպքում երթեւեկությունը տեւելու է ընդամենը 5-7 րոպե: Ի դեպ, 2006-ին մայրաքաղաքում եղել է լրացուցիչ, թեթեւ մարդատար 18.000 մեքենայի մուտք, ավելին՝ այս տարվա 8 ամիսների ընթացքում այդ թիվը հասել է 22.000-ի: «Պետք է ասեմ, որ այս աշխատանքները մենք մի քիչ էլ ուշացրել ենք»,- նշեց քաղաքապետը՝ վստահեցնելով, որ առաջիկայում ավելանալու են նաեւ տրանսպորտային միջոցների՝ տրոլեյբուսների, ավտոբուսների ծավալներն, ինչի պայմաններում մեր փողոցներում երթեւեկելը գրեթե անհնար էր լինելու: Ինչեւէ, պրն Զախարյանը խոստացավ մայրաքաղաքի երթեւեկելի մասի շինարարությունն ավարտին հասցնել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ Կիեւյան եւ Օրբելի խաչմերուկների աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն եւ շահագործման կհանձնվեն դեկտեմբեր ամսին:

Իրացման գոտիներ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարություն է տրվել, որպեսզի քաղաքային իշխանությունները համապատասխան կառույցների հետ համատեղ կարողանան գրանցել բոլոր այն քաղաքացիների սեփականության իրավունքները, որոնք այդ տարածքներում 10-ից ավելի տարիներ ապրում են եւ ունեն սեփականություններ, որոնք գրանցված չեն: Քաղաքապետն այդ կապակցությամբ նշեց. «Սեփականության իրավունքի գրանցման աշխատանքներ են կատարվում 33 թաղամասում (Ֆիրդուսանոց), որտեղ սեփականության գրանցման վերաբերյալ քաղաքապետի որոշումներն արդեն ամբողջությամբ կայացվել են: Այդ թաղամասում հիմնական աշխատանքներն ավարտված են: Կենտրոն համայնքում Մյասնիկյան պողոտայի աջակողմյան եւ ձախակողմյան հատվածներում աշխատանքները շարունակվում են, եւ թվով 135 չափագրված միավորներ ունենք այդ տարածքում, եւ քաղաքապետի որոշումներն արդեն կայացվել են»: Պրն Զախարյանը վստահեցրեց, որ Նորագյուղ թաղամասում շուրջ 70 միավորի չափագրումներն արդեն արվել են: Սեփականության իրավունքի գրանցման աշխատանքներ կատարվում են նաեւ հին Նորքի 1-ին եւ

2-րդ նրբանցքներում, Նորքի այգիներում, Շիրակի, Մանանդյան փողոցներում, Վերին եւ Ներքին Չարբախ թաղամասերում: 1-2 ամսվա ընթացքում կսկսվեն նաեւ Ներքին Շենգավիթի աշխատանքները: Ի դեպ, նա հայտարարեց, որ այդ աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ բոլոր երեւանցիների սեփականության իրավունքները գրանցվեն: