Վնասել են Մոնեի գլուխգործոցներից մեկը

09/10/2007

Կիրակի գիշերը՝ հոկտեմբերի 7-ին, անհայտ անձինք ներթափանցել են Ֆրանսիայի Օրսեի թանգարան եւ այլանդակել Կլոդ Մոնեի՝ 1874թ. «Կամուրջ Արժանտոյում» նկարը: Ըստ Ֆրանսիայի Մշակույթի նախարարության ներկայացուցիչների՝ «մի խումբ անձինք, հավանաբար, անսթափ վիճակում ներխուժել են Օրսեի թանգարան: Գործել է տագնապի ազդանշանը, եւ, փախչելով, նրանցից մեկը հարվածել է նկարին՝ լուրջ վնաս պատճառելով դրան»: Ինչպես հաղորդել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Քրիստին Ալբանելը՝ «խոսքը վերաբերում Է չորս երիտասարդներից եւ մեկ աղջկանից բաղկացած մի խմբի, որոնք բազմաթիվ հետքեր են թողել»: Այժմ հնարավոր չէ գնահատական տալ Մոնեի կտավի վիճակին: Պատասխանելով նկարի վերականգնման մասին հարցին՝ նախարարը նշել է, որ ոչ մի վերականգնում էլ հեշտ չէ: Սակայն այս նկարի վերականգնումը զգալիորեն բարդ կլիներ, եթե բարբարոսները կտավից մի կտոր կտրեին: