«Քաղաքացիական շարժում» է ձեւավորվել

06/10/2007

Հայաստանյան եւ ռուսական ԶԼՄ-ներում օրերս տեղեկատվություն էր տպագրվել այն մասին, որ գիտության, մշակույթի, գործարար աշխարհի եւ հասարակական ավելի քան հարյուր ճանաչված գործիչների նախաձեռնությամբ «Քաղաքացիական շարժում» է ձեւավորվել: Մեր աղբյուրների հավաստմամբ` այդ շարժման նախաձեռնողների շարքում են ռուսական հայտնի «Տրոյկա Դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանը, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը, «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը, «Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը, «ՕԵԿ» քվոտայով մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը, դաշնակցական հայտնի ազատամարտիկ «Մարշալը», մտավորականներից հայտնի գրող, հրապարակախոս Աղասի Այվազյանը, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը, ինչպես նաեւ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը: Թե ի՞նչ ձեւաչափով, որտե՞ղ եւ ինչպիսի՞ պայմաններում են անցնում հանդիպումները եւ ի՞նչ նպատակներ են հետապնդում այդ շարժման նախաձեռնողները, պարզել չհաջողվեց: Սակայն, մեր աղբյուրները պնդում են, որ շարժման նախաձեռնողներին հաջողվել է իրար շուրջ հավաքել այդքան տարբեր քաղաքական-գաղափարական շահեր ունեցող գործիչներին, առավել եւս` Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքից իրենց հեռու դրած հայտնի մտավորականներին: