Դեռ անցյալ դարի կեսերից, երբ խորհրդային քարոզչամեքենան կիբեռնետիկան անվանեց բուրժուական կեղծ գիտություն, չգիտես ինչպես, բայց Հայաստանում այդ գիտությունը սկսեց զարգանալ: Այս հարցի պատասխանը թողնելով պատմաբաններին, փորձենք հասկանալ, թե ինչպես են զարգանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաները Հայաստանում այսօր, երբ ողջ աշխարհը հասկացել է, որ առանց այդ ոլորտի դժվար է 21-րդ դարում առաջ գնալ:
Սկսենք նրանից, որ չնայած մեր իշխանությունները արդեն մի քանի տարի է, ինչ բարձր տեխնոլոգիաները հռչակել են տնտեսության գերակայող ոլորտ, մեզ մոտ առայժմ «բարձր տեխնոլոգիա» արտահայտությունը շատերի մոտ նույնացվում է միայն համակարգչի եւ բջջային հեռախոսի հետ: Ընդ որում, եթե բջջային հեռախոսը, անկախ տիրոջ երաժշտական ճաշակից (սպիտակցի Հայկոյից մինչեւ Մոցարտի 40-րդ սիմֆոնիա) օգտագործվում է բուն նշանակությամբ, ապա, համակարգիչը կամ ինչպես ավելի հաճախ ընդունված է ասել` «կոմպը», ավելի հաճախ օգտագործվում է որպես «Play station»: Բարձրաստիճան չինովնիկները պարտադիր իրենց հիմնարկներում ունենում են մի քանի «կամպյուտերչիկ» եւ, իհարկե, «ծրագրամիստ»: Ու երբ շեֆերի մեծ մասը` դեմքի պետականամետ արտահայտությամբ, բայց գրպանի սեփականամետ պարունակությամբ իրենց կաբինետներում «Պենտիում 4» համակարգչով եւ «LCD» մոնիտորով «շարիկ են գլորում» ու հանկարծ, չգիտես ինչու, «կոմպը կախվում է», օգնության է գալիս վերոհիշյալ «ծրագրամիստը», որի գործունեությունը սահմանափակվում է համակարգչի վերագործարկելով` Restart-ով: Ամեն անգամ այս գործողությունը կատարելուց հետո շեֆը հիանում է առաջին հերթին իրենով, որ կարողացել է այսպիսի խելացի մասնագետ ընդունել գործի, իսկ հետո իր մասնագետով, որը, ի տարբերություն իրեն, կարողանում է, ոչ միայն վերագործարկել համակարգիչը, այլեւ ինտերնետից օգտվել գիտի:
Իսկ ընդհանուր առմամբ` «բարձր տեխնոլոգիաները» Հայաստանում շատ զարգացած են այն պարզ պատճառով, որ Հայաստանը գտնվում է ծովի մակերեւույթից շատ բարձր, այն դեպքում` երբ Վրաստանի մեծ մասը ծովին հավասար է, իսկ Բաքուն, ընդհանրապես, ծովի մակերեւույթից 8 մետր ցածր է գտնվում: Չմոռանանք հիշատակել, որ մեզ մոտ բոլոր տեխնոլոգիաներն են բարձր մակարդակի վրա: Օրինակ, կաշառակերության տեխնոլոգիան այն աստիճանի է զարգացած, որ մեր իշխանությունների բոլոր օղակներին կից ստեղծված բազմաթիվ հակակոռուպցիոն մարմինների երեք տարվա գործունեության արդյունքում վերջապես այս տարի կարողացան «գործի վրա» երկու պետավտոտեսուչ բռնել: Իսկ, ասենք, արտասահմանյան մեքենաները «գեղեցկացնելու» տեխնոլոգիան միայն Հայաստանում է գործում: Որովհետեւ դժվար է պատկերացնել, որ Ֆիլիպիններում կամ Կոլումբիայում «գուբկավատ» անեն Մերսեդեսը, իսկ «Տոյոտայի» վրա կպցնեն «Մերսեդեսի» տարբերանշան, որը հարեւանի երեխաները պոկել են պատահաբար բակ մտած ավտոմեքենայի վրայից: Միայն տիրապետելով բարձր տեխնոլոգիաներին` քաղաքապետարանի վերջին տարիների բոլոր ղեկավարներն իրենց անձնական օգտագործման ճարտարապետների հետ միասին, կարող էին քաղաքը սարքել «Windows» ծրագրի խոտան պատճեն, որտեղ իրենք քայլում են «Մարիոյի պես եւ ուրիշի կյանք ուտելով մեծանում, իսկ քաղաքամերձ հանգստյան գոտիներում Excel-ով իրենց կոմպյուտերշչիկներին հաշվել են տալիս իրենց սեփականաշնորհած քառակուսի մետրերը»: Իհարկե, ամենաբարձրը նախարարությունների եւ վարչությունների տարեկան հաշվետվությունների տեխնոլոգիան է, երբ «Ֆելիքսով» կամ լավագույն դեպքում 1982թ. արտադրության «Casio» «կալկուլյատորով» հաշված թվերը (որովհետեւ համակարգիչը խաղալու համար է, այլ ոչ թե` այդպիսի բարդ հաշվարկներ անելու) ներկայացնում են որպես տնտեսական աննախադեպ աճի ապացույց:
Վերադառնանք բարձր տեխնոլոգիաներին: Առայժմ տեղակատվական տեխնոլոգիաներից մենք առավել տեղեկացած ենք միայն «պոռնո» կայքերի մասին, սակայն քանի որ ես, վերջ ի վերջո, լավատես եմ, ապա հավատացած եմ, որ այն ոլորտում, որտեղ մենք ժամանակին իրոք առաջատար տեղ ենք գրավել, կունենանք նոր Մերգելյաններ:
Բարձր տեխնոլոգիաներին ցածրից եւ լավատեսորեն նայող` Ա. Ք.