Ադրբեջանում արտակարգ դրություն է, խոնարհված են այդ երկրի պետական դրոշները: Փողոցներում գերիշխող գույնը սեւն է, երկրի ղեկավարությունը ցավակցական հեռագրեր է ստանում աշխարհի տարբեր երկրների առաջնորդներից, երկրում հայտարարված է «լռության տարի», սակայն սա չի խանգարում ադրբեջանական ընդդիմությանը՝ խոշոր հանրահավաքներ կազմակերպել. ընդդիմադիրները պահանջում են անհապաղ միավորվել Հայաստանի հետ ու դառնալ այդ երկրի մարզերից մեկը:
Փոխարենը՝ Հայաստանը ցնծության մեջ է. փողոցներում ամենուրեք փող է թափված, բոլոր գյուղերի բոլոր փողոցները լուսավորված են (քաղաքների մասին էլ չեմ խոսում), ամբողջ աշխարհից Հայաստան «խոպան» են գալիս, Հայաստանի դեսպանատների մոտ վիզա ստանալու հսկայական հերթեր են գոյացել, շատերը երազում են ոչ թե դրախտում, այլ Հայաստանում հայտնվելու մասին…: Եթե կարծում եք, թե վերը նկարագրվածն ինչ-որ անիրականանալի ու ֆանտաստիկ պատմություն է, սխալվում եք: Մոտ մեկ տարի հետո մենք հավանաբար այդ ամենի ականատեսը կլինենք: Դարձյալ չեք հավատո՞ւմ: Ձեր պրոբլեմն է: Իսկ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հավատում է: Երեկ «Փաստարկում» նա հայտարարեց, թե Հայաստանը զարգացման այնպիսի տեմպեր է ունենալու, որ ընդամենը մեկ տարի հետո երկրում առկա փողի առատությունից չենք իմանալու՝ ինչ անել: Ու, հավանաբար, դրսից մարդ պետք է բերենք, որ այդ փողը ծախսի: Եթե դեռ կասկածում եք, որ նման բան կարող է լինել, հիշեք, որ դա ասել է անձամբ Գալուստ Սահակյանը: Իսկ եթե, այնուամենայնիվ, չեք հավատում, որ շուտով այնքան փող եք ունենալու, որ չեք իմանալու՝ ինչպես ծախսել, կարդացեք Գ. Սահակյանի հետեւյալ հայտարարությունը (այն ներկայացնում ենք բառացի, առանց խմբագրումների). «Մենք 2008թ. վերջերին ունենալու ենք բավականին առատ փող, բայց որովհետեւ այդ փորձը չունենք, հիմա էլ շատ դժվարությամբ պիտի կարողանանք փորձ ձեռք բերել այդ փողը ծախսելու համար: Այսօր արդեն Հայաստանն աշխատուժի կարիք ունի, առանձին դեպքերում՝ որակյալ աշխատուժի կարիք: Համոզված եմ, որ 2008թ. մենք տարբեր երկրներից մարդիկ ենք հրավիրելու, որպեսզի կարողանանք այն գումարները՝ եւ՛ դոնոր աղբյուրների, եւ՛ մեր բյուջեի, որ ունենք, կարողանանք ծախսել: Մենք կարողանալու ենք աշխատավարձ բարձրացնել: Եթե դա ես եմ ասում, դա պիտի հավատի արժանանա, որովհետեւ նախորդ դեպքերում էլ, ինչ որ ասել եմ, նույնիսկ սուղ ենք ասել երբեմն, կատարվել է»: Ու այս պայծառ հեռանկարի ֆոնին ինչ-որ ընդդիմադիրներ գալիս են ու, Գ. Սահակյանի խոսքերով՝ ասում են՝ «աչքիդ վրա ունք կա, դու պիտի գնաս, որպեսզի իմ աչքը երեւա»: Փոխարենը, ՀՀԿ փոխնախագահի հավաստմամբ, դեպի ՀՀԿ քաղաքացիների շատ մեծ հոսք կա, ու կուսակցությունն ամեն օր հազարից ավելի «տոմս է բաց թողնում»: Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ Գալուստ Գրիգորիչը նշեց, թե այժմ Հայաստանում քաղաքական քաոսի ժամանակաշրջան է, եւ հավանաբար նոյեմբերի երկրորդ կեսին «քաղաքական ուժերը կլրջանան»: Բանախոսի խոսքերով՝ այսօր կոռուպցիայի, թալանի քննադատությամբ զբաղվում են այն մարդիկ, ովքեր ոչ վաղ անցյալում ներգրավված են եղել դրա մեջ: Ինչպես վերջին շրջանի բոլոր ասուլիսներում, այս անգամ եւս բանախոսին ուղղված հարցերի մեծ մասը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվության մասին էր: Լրագրողները նկատեցին, որ մինչ Լ. Տեր-Պետրոսյանի ակտիվանալը, բոլորը, այդ թվում եւ՝ ՀՀԿ-ականները, նրա մասին գովեստով ու հարգանքով էին խոսում, սակայն այսօր արդեն իրենց խոսքերի տոնը խստացրել են ու քննադատում են նրան: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն վախենում է Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձից: Այս հարցին պատասխանելիս՝ Գ. Սահակյանը հարկ համարեց նշել, որ անձամբ ինքը Տեր-Պետրոսյանի մասին վատ բան չի ասել, այնուհետեւ վստահեցրեց, որ «ՀՀԿ-ն վախենալու ոչինչ չունի»: Այնուհետեւ ՀՀԿ փոխնախագահը շարունակեց. «Յուրաքանչյուր մարդ իր կենսագրությունում մի քանի մեծ գործեր չի կարող անել: Չի ծնվել այդպիսի մարդ: Այդ մեծագործությունն արդեն կատարվել է. Հայաստանն անկախ է, եւ դրա մեջ վճռական դերակատարում ունի Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Նա նշեց նաեւ, որ անկախության գինը շատ ծանր է լինում՝ անկախ նրանից՝ հարվածները ներսի՞ց են, թե՞ դրսից: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանը, ՀՀԿ փոխանախագահը վստահ է, որ ՀՀԿ-ն այդ ընտրություններում վճռական դեր է ունենալու, սակայն Գ. Սահակյանը երեկ խուսափեց միանշանակ պնդել, որ Սերժ Սարգսյանն առաջադրվելու է: Համենայնդեպս, ասուլիսում այդ մասին խոսելիս՝ միայն ասաց, որ դա պետք է որոշի Ս. Սարգսյանը եւ ՀՀԿ համագումարը: ՀՀԿ փոխանախագահին երեկ հարց ուղղվեց նաեւ Մոսկվայի «Մետրոպոլ» կազինոյում ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հետ պատահած միջադեպի վերաբերյալ: Լրագրողներից մեկը փորձեց ճշտել, թե դեպքի վայրում եղե՞լ են նաեւ ՀՀ այլ պատգամավորներ կամ պաշտոնյաներ: Գ. Սահակյանը վստահեցրեց, որ նման բան չկա, ու նշեց, թե իրենք քաղաքական դաշտում շատ լավ են խաղում, իսկ կազինոների հետ գործ չունեն: «Բոլորը կռվում են մեկը մյուսի դեմ, երբ հանգստանում են, սլաքն ուղղում են մեզ վրա,- նշեց նա ու հավելեց,- Մենք դա այնքան էլ չենք համարում մեր գործը, որպեսզի պատասխանենք այդ ամեն ինչին»: