Գաղտնալսելու են` ում ուզեն եւ երբ ուզեն

06/10/2007

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ ԱԺ ճեպազրույցի ժամանակ` անդրադառնալով «Օպերատիվ հետախուզական գործողությունների մասին» օրենքի նախագծին (այն նախօրեին ԱԺ-ում քննարկվեց երրորդ ընթերցմամբ, իսկ քվեարկությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին գումարվելիք ԱԺ նստաշրջանի ընթացքում), ասաց. «Պատկերացրեք, 48 ժամ, առանց դատարանի թույլտվության, կարող են լսել ձեր հեռախոսազանգերը: Դուք համաձա՞յն եք դրան»: Նա նաեւ նշեց, թե իրենք դեմ չեն նման օրենք ընդունելուն, սակայն դեմ են նման ձեւակերպումներին, քանի որ այն ոտնահարում է մարդու իրավունքները: Իսկ «Ժառանգության» պատգամավոր Վարդան Խաչատրյանի գնահատմամբ` այն մեթոդները, որոնք ամրագրված են օրինագծում, հարիր են ամբողջատիրական երկրների, ինչպիսին էին Օսմանյան Թուրքիան կամ Խորհրդային Միությունը, որոնք կործանվեցին հենց այն պատճառով, որ այդպես ոտնահարում էին իրենց քաղաքացիների քաղաքացիական ազատությունները: ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի հավաստմամբ էլ` նման օրենք ունենալը շատ ավելի լավ է, քան ընդհանրապես չունենալը: «Օրենքի չգոյության պայմաններում շատ ավելի վտանգավոր է դառնում այս ոլորտում իրավապահների գործունեությունը, մարդու իրավունքի խախտման, ազատության սահմանափակման առումով: Համաձայնեք, որ, նույնիսկ այս թերություններով, անկատար օրենքը շատ ավելի լավ է, քան՝ եթե օրենք չկա: Այսօր օրենք չկա, այսօր ինչ ուզում լսում են, գաղտնալսում են եւ ինչպես ուզում կարողանում են օպերատիվ հետախուզական գործողությունը կատարել, որովհետեւ օրենք չկա»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը եւ առիթից օգտվելով՝ ասաց, թեեւ շատ ավելի լավ կլիներ, եթե նման օրենք ունենայինք նաեւ այն տարիներին, երբ ձերբակալվում էին ՀՅԴ անդամները: «Եթե օրենք լիներ, ապա դաշնակցականների բնակարանների դռները չէին կոտրի, այլ կներկայացնեին դատարանի որոշում, որը գոնե մի քանի օր ժամանակ կպահանջեր, ու իրենք անակնկալի չէին գա, այլ պատրաստ կլինեին»,- անցյալը հիշեց Հ. Կարապետյանը: Հետաքրքիր է, սակայն, մեկ այլ հանգամանք. ինչո՞ւ են իշխանությունները որոշել նման օրենք ընդունել հենց այս փուլում` նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ: