«Որեւէ մեկը» տվյալ պահին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որին ՀՅԴ-ն «անհրաժեշտ» չի համարել նախապես տեղյակ պահել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իրենց հանդիպման մասին:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանից երեկ հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՅԴ ղեկավարությունը նախապես տեղեկացրե՞լ է բոլոր ժամանակներում կոալիցիայի չորրորդ կողմ հանդիսացող Ռոբերտ Քոչարյանին` Տեր-Պետրոսյանի հետ իրենց հանդիպման մասին, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Դրա անհրաժեշտությունը չկար: Եթե նման հանդիպում լիներ գաղտնիության պայմաններում` կարող էր այլ տպավորություն թողնել: Կարող էր տպավորություն թողնել, որ սա ուրիշ մակարդակի, որակի գործարք է: Մենք բաց, բացահայտ հանդիպում ենք արել, եւ լրատվությունն անմիջապես տվել ենք: Իսկ որ նախապես տեղյակ պահվեր որեւէ մեկին, դրա անհրաժեշտությունը չկար»: Սակայն, հիշեցնենք, որ այդ հանդիպման մասին տեղեկատվությունը տարածվել է միայն այն բանից հետո, երբ արդեն այն կայացել էր: Բացի այդ` որեւէ լրատվամիջոց, բացի դաշնակցական «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունից, տեղյակ չի եղել, որ նման հանդիպում է լինելու: Այդ մասին տեղյակ չի եղել նույնիսկ Հանրային հեռուստաընկերությունը: Դա է վկայում հենց այն, որ այդ հանդիպման մասին պատմող ռեպորտաժ հեռարձակվել է միայն «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ: Մեր տեղեկություններով, այդ հանդիպման մասին տեղյակ չեն եղել նաեւ ոչ միայն ՀՅԴ շարքային ընկերները, այլեւ` ՀՅԴ Բյուրոյի մի շարք ներկայացուցիչներ: Ասում են` նրանք իրենց գրասենյակում տեղի ունեցած այդ հանդիպման մասին իմացել են իրենց հեռուստաընկերության ռեպորտաժից:
Երեկ Արտաշես Շահբազյանը նաեւ հայտարարեց, թե երբ ՀՅԴ-ն մայիսի 12-ի ընտրությունից հետո համագործակցության համաձայնագիր է ստորագրել կառավարող կոալիցիայի հետ, այնտեղ ամրագրել է, որ իրենք ինքնուրույն են լինելու քաղաքական գործընթացներում: «Որեւէ մեկին, կարծում եմ, չպիտի զարմացնի, որ մենք որեւէ մեկի հետ կարող ենք հանդիպել: Հանդիպումների շարք ՀՅԴ ղեկավարությունն այս շրջանում ունեցել է եւ պիտի ունենա մի շարք կուսակցությունների հետ, այդ թվում՝ նաեւ բնական էր, որ կարող էր լինել հանդիպում նաեւ ՀՀՇ ղեկավարության, հանրապետության նախկին նախագահի հետ: Գուցե արտառոց էր մի քիչ` նկատի ունենալով անցյալից ինչ-ինչ հարցեր, բայց քաղաքական ուժերի հասունությունը, շրջահայացությունը, ազգային շահերը վեր դասելու սկզբունքը հենց թելադրում են, որ մենք կարողանանք ունենալ այդ քաղաքական հասունությունը, կարողանանք վեր կանգնել մեր, այսպես ասած, ներքին զգացումներից, եթե դա ընդհանրապես անհրաժեշտ եւ շահեկան է երկրի, քաղաքական գործընթացների, մեր ապագայի համար»,- ասաց Արտաշես Շահբազյանը: Վերջինիս հավաստմամբ` ինքը «չի զգացել», որ երկրի առաջին դեմքերը դժկամությամբ եւ բացասաբար են ընդունել ՀՅԴ-Տեր-Պետրոսյան հանդիպումը: «Ես, օրինակ, չեմ զգացել, որ հանրապետության այսօրվա նախագահը կամ գործող վարչապետը դրանից ինչ-որ զարմացել են, անակնկալի են եկել: Ընդհակառակը, զգացել ենք, որ շատ հանգիստ, նորմալ ընդունել են այդ փաստը: Սա է բնականը: Զարմանալին կլինի այն, եթե մենք երբեւէ խախտենք այն համաձայնությունները, որ մենք ունենում ենք քաղաքական մեր գործընկերների հետ»,- հայտարարել է Արտաշես Շահբազյանը: Հետաքրքիր է, թե ինչպես, ասենք, ընկեր Շահբազյանը չի զգացել գոնե, ասենք, Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքը Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթից հետո: Հատկապես, երբ Ռ. Քոչարյանը չի խուսափել հրապարակային գնահատականներից: Ասենք, նա Լեւոն Տեր-Պետրոսյանին անվանել է «շարքային ընդդիմություն»` սպառնալով առաջադրման դեպքում «շատ բաներ հիշեցնել», եւ այլն:
Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի ասելով էլ` Տեր-Պետրոսյանի հետ ունեցած իրենց հանդիպումը չի կարող նաեւ վատ անդրադառնալ իրենց ընտրողների վրա, եւ որ իրենք մտահոգություն չունեն, թե կարող են զրկվել նրանց ձայներից: «Մենք երեխաներ չենք, որ նեղացածության դրսեւորում ցույց տանք: Երկրի ապագայով մտահոգված քաղաքական ուժ ենք եւ մենք պատասխանատվությամբ ենք մոտենում բոլոր քաղաքական շփումներին եւ քաղաքական գործընթացներին եւ այդպես էլ շարունակելու ենք գործել»,- ասաց Հրայր Կարապետյանը: