Ինչո՞ւ է լռում Վահան Հովհաննիսյանը

06/10/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագրի առաջին փուլում՝ 2001-2006թթ., ծախսված 35 մլն դոլարը դեռեւս համարվում է «ջրի տարած»: Այդ գումարը ոչ նպատակային ծախսելու մասին կասկածները սկսվել են ծրագրի սկզբից՝ դեռեւս 2001թ., եւ շարունակվում են մինչեւ հիմա:

Մի քանի օր առաջ էլ «Օբսերվեր» բրիտանական հեղինակավոր պարբերականն էր անդրադարձել այդ խնդրին: Բրիտանացի ինժեներ Բրյուս Թասքերը հայտարարել էր, թե իր երկիրը հորդորում է Համաշխարհային բանկին` հետաքննել Հայաստանում 35 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի հետ կապված կոռուպցիայի եւ չարաշահումների մասին հնչող մեղադրանքները: Թասքերը նաեւ հայտարարել էր, թե ապացույցներ է ներկայացրել ՀԲ-ին, որ Երեւանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրի իրականացման ժամանակ լուրջ խախտումներ են թույլ տրվել, սակայն բանկը լայնածավալ հետաքննություն չի նախաձեռնում: Տեղեկացնենք, որ այդ գումարի մեծ մասը՝ 30 մլն դոլարը ՀԲ-ի հատկացրած վարկն էր, իսկ 5 մլն դոլարը` ՀՀ կառավարության տրամադրած սուբսիդիան: Բրյուս Թասքերը որպես խորհրդատու՝ 2003-2004թթ. հրավիրվել է Հայաստան` Օտարերկրյա դրամաշնորհների, մարդասիրական օգնությունների եւ վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի նախագահը ՀՀ ԱԺ փոխնախագահ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանն էր: Թասքերը հանձնաժողովի հետ միասին ուսումնասիրել է, թե արդյո՞ք նպատակային է ծախսվել ջրամատակարարման բարելավման նպատակով հատկացված այդ 35 մլն դոլարը: Ծրագիրն իրականացնում էր իտալական «Էյ Յութիլիթի» ընկերությունը, որը հաղթել էր ՀԲ-ի հայտարարած մրցույթում:

Այդ ծրագրի ամբողջ ընթացքում հանրության շրջանում կասկածներ կային, թե այդ գումարը նպատակային չի ծախսվում: Պատճառները շատ էին: Կնքված պայմանագրով նախատեսված էր, որ պլանավորած աշխատանքներն ամբողջությամբ եւ գերազանց մակարդակով կատարելու դեպքում «Էյ Յութիլիթին», բացի ֆիքսված գումարից (որը ամբողջ ծրագրի համար կազմում է 2,9 մլն դոլար), յուրաքանչյուր տարի կստանա նաեւ տարեկան մոտ 375.000 դոլար պարգեւատրում: Ընկերությունը պարտավոր էր մինչեւ 2004թ. 50%-ով կրճատել ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցում տեղի ունեցող վթարները: Վթարների քանակը, սակայն, ավելացել էր 30%-ով: Սա նշանակում է, որ ընկերությունը պարգեւատրում չպետք է ստանար: Բայց տրամաբանությանը հակառակ՝ «Էյ Յութիլիթին» ստացել է իր հավելավճարը: Նրա համար նման պայմաններ ստեղծել են ՀՀ կառավարությունը եւ Ջրային պետական կոմիտեն՝ փոխելով կառավարման ծրագիրը: Բացի այդ, ընկերությունը ջրամատակարարման բարելավման ծրագիրը սկսեց ջրաչափեր տեղադրելով: Կարծիք կար, որ այդ գործընթացն առաջին պլան են մղել, որպեսզի մեծ գումարներ աշխատեն: Նաեւ Թասքերն է պնդում, որ ծրագիրն իրականացնողները յուրաքանչյուր ջրաչափի տեղադրումից գրպանել են 10 դոլար: Եվ հիմա այդ ինժեները ՀԲ-ին հորդորում է հետաքննել, թե ինչպես է ծախսվել այդ գումարը: Հիշեցնենք նաեւ, որ 2003-2004թթ. Վահան Հովհաննիսյանը նույնպես հայտարարում էր, թե այդ ծրագրում եղել են շատ լուրջ չարաշահումներ: 2004թ. գարնանը, երբ հանձնաժողովն ավարտեց իր ուսումնասիրությունները, Վ. Հովհաննիսյանը խորհրդարանում հանդես եկավ շատ սուր զեկույցով, ներկայացրեց չարաշահումների բազմաթիվ դեպքեր, էկրանի վրա ցույց տվեց կապույտ գույնով ներկած հին սարքավորումներ եւ ասաց, թե դրանք ներկայացվել են որպես նոր գնված եւ թանկարժեք սարքավորումներ: Բնական է, որ այդ ելույթից հետո, պետք է որ իրավապահ մարմինները, գոնե Համաշխարհային բանկը կամ ՀՀ կառավարությունը, զբաղվեին այդ գործով, պարզեին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում հանձնաժողովի նախագահի հայտարարությունները: Սակայն ելույթից անմիջապես հետո այդ մասին չեն հիշել ոչ միայն ծրագիրը ֆինանսավորող կառույցները, այլեւ ինքը՝ Վահան Հովհաննիսյանը: Եվ հիմա այդ մասին հիշել է Թասքերը: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին խորհրդարանում անդրադարձել էր այդ հարցին: «Այդ ինժեներն աշխատել է իտալացիների հետ, բայց ֆրանսիացիները նրան աշխատանք չտվեցին, հետո այլ պրոցեսներ տեղի ունեցան, նա դիմել է ՀԲ-ին: ՀԲ-ն ստուգեց եւ տեսավ, որ որեւէ լուրջ խախտում չկա»,- ասել է Ս. Սարգսյանը:

Բրիտանական «Օբսերվեր» պարբերականի հրապարակումից հետո, Թասքերի հայտարարության շուրջ «168 Ժամին» պարզաբանումներ տվեց նաեւ ՀԲ Երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: «Հայաստանի համայնքային զարգացման, մասնավորապես՝ Երեւանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագիրը նախագծվել էր 96-97 թթ. եւ արդեն սկզբից պարզ էր, որ հավելյալ բարդություններ ու խնդիրներ կան: Բայց, հակառակ այդ դժվարությունների, մենք համարում ենք համայնքային զարգացման ծրագիրը հաջողությամբ իրականացված»,- ասաց պարոն Վարուդակիսը:

Ա.Վարուդակիսը նաեւ նշեց, թե ՀԲ թիմերը Երեւանում եւ Վաշինգտոնում դեռեւս 2004 թվականին մանրակրկիտ ուսումնասիրել են ծրագրի հետ կապված բոլոր փաստաթղթերը, աուդիտի արդյունքները: «Եվ ելնելով այս ամենից, ուզում եմ վստահեցնել, որ մենք որեւէ վկայություն չունենք խաբեության, կոռուպցիայի կամ ոչ արդյունավետ կառավարման մասին»,- ասաց նա: Իսկ Թասքերը պնդում էր, թե երբ սկսել է խորանալ նախագծի մանրամասների մեջ, պարզ է դարձել, որ «կոռուպցիան այնտեղ սկզբից մինչեւ վերջ է, վերեւից ներքեւ, եւ խոսքը ոչ թե մի քանի հազար դոլարի, այլ տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է»:

Վարուդակիսի ասելով, Համաշխարհային բանկի համար հիմք են հանդիսացել աուդիտորների ուսումնասիրության արդյունքները, որտեղ չարաշահումների մասին խոսք չկա: Վարկային այդ ծրագրի տեխնիկական աուդիտն իրականացրել է դանիական «Ռամբոլ» ընկերությունը, ֆինանսականը՝ «KPMG» ընկերությունը: Ամեն տարի եւ ծրագրի ավարտին կատարված աուդիտների արդյունքները երբեք հանրությանը չեն ներկայացվել: Ժամանակին նույնիսկ կարծիք կար, թե այս ընկերությունները գործարքի մեջ են մտել «Էյ Յութիլիթիի» հետ եւ իրենց ուսումնասիրություններում չարաշահումներին չեն անդրադարձել: Հատկապես «Ռամբոլի» աուդիտի մասին իր ելույթում հեգնանքով էր խոսում Վահան Հովհաննիսյանը: Եվ հիմա բավականին կասկածելի է, թե այդքան մեծ աղմուկ բարձրացնելուց հետո ինչո՞ւ լռեց Վ. Հովհաննիսյանը: Հետո համոզվե՞ց, որ իր հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները այնքան էլ ճիշտ չեն, թե՞ այլ պատճառ կա: Կասկածելի է նաեւ, թե ինչո՞ւ է մինչեւ հիմա լռել Թասքերը: Դժվար է նաեւ միանշանակ համոզվել Համաշխարհային բանկի այն պնդումներում, թե ծրագրում չարաշահումներ չեն եղել, որովհետեւ Երեւանի ջրամատակարարման բարելավման այդ ծրագիրը նախապես խոստացած արդյունքները չապահովեց: Ահա այսպիսի պայմաններում է «բարելավվում» Երեւանի ջրամատակարարումը: