«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ հավաստիացրել է, որ ԲՀԿ-ն հավատարիմ է մնալու ՀՀԿ-ի հետ ստորագրած կոալիցիոն հուշագրի սկզբունքներին ու ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ առաջադրելու է միասնական թեկնածու:
Հարցին, թե ընտրական գործընթացներում ի՞նչ կփոխի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը, եւ արդյո՞ք հնարավոր է ընդդիմադիր դաշտի համախմբում առաջին նախագահի շուրջ, Ա. Սաֆարյանը պատասխանել է, թե Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրումը նրա եւ նրա կուսակիցների գործն է, իսկ ինքը չի հավատում, որ ընդդիմադիր ճամբարը կկարողանա մեկ թեկնածուի շուրջ համախմբվել, եթե անգամ այդ թեկնածուն լինի ՀՀ առաջին նախագահը: Լրագրողները ԲՀԿ խմբակցության քարտուղարից նաեւ հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է վերաբերվում վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում արված այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ճանաչելու դիմաց: «Շատ նորմալ եմ վերաբերվում, եւ սա միջազգային իրավունքի ասպարեզում միակ ընդունելի փոխզիջումն է, որը մենք կարող ենք անել Ադրբեջանին»,- ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Սաֆարյանը՝ ավելացնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը վաղուց անուղղակիորեն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քանի որ երկու պետություններն էլ գտնվում են ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, որոնք ճանաչում են միայն միջազգային ճանաչված իրավական սուբյեկտներին: «Իսկ ուղղակի ճանաչումը կարող է լինել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը բանակցություններ սկսի իր նախկին, այժմ անկախացած տարածքի՝ ԼՂՀ-ի հետ, վերջինիս պահանջները բավարարելու ուղղությամբ»,- ասել է Արամ Սաֆարյանն ու հավելել, թե դա կարող է լինել փոխադարձաբար ընդունելի քայլ, երբ «Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, մենք էլ համարյա միաժամանակ կճանաչենք Ադրբեջանի անկախությունը»: ԲՀԿ-ի դիրքորոշումն էլ միանշանակ է՝ ԼՂՀ-ի անկախությունը պետք է ճանաչվի եւ վերջ: Ի դեպ, երեկ լրագրողները պրն Սաֆարյանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ 380 հազար անդամներ ունենալու մասին հայտարարող ԲՀԿ-ն ընտրություններում մոտ 200 հազար ձայն ստացավ: «Ծանր խոսքեր են: Ես պատրաստ եմ լսելու այդ խոսքերը եւ պետք է դրա պատասխանը տամ»,- ասել է Սաֆարյանն ու տվել այդ պատասխանը: Ըստ այդմ, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կուսակցության անդամների վերահաշվառում է անցկացվել: Կուսակցականների թիվը մոտ 80 հազար է: Հարցին, թե ինչպե՞ս է պատահել, որ կուսակցականների թիվը մոտ 5 անգամ կրճատվել է, Ա. Սաֆարյանը պատասխանել է, թե ԲՀԿ-ում հարցը քննարկվել է, պարզվել է, թե դա ում մեղքով է եղել: