Հայաստանի «Գիտության ոլորտի բարեփոխումների նոր հայեցակարգը» գրվել է ՀՀ նախագահի ակտիվ միջամտության պայմաններում: Բնական է, որ գիտական աշխարհի մի հատվածը չի ընդունում այս հայեցակարգը, իսկ մի մասն էլ ընդհանրապես տեղյակ չէ այս փաստաթղթից:
Հայեցակարգն արդեն ներկայացվել է Կառավարության հաստատմանը, որը գիտնականների գնահատմամբ խորհրդային ժամանակների ժառանգություն է հիշեցնում եւ չի համապատասխանում արդի շուկայական պայմաններին: Սակայն մինչ այս հայեցակարգը դեռ 1991-ին է «Համահայկական գիտական խորհուրդ» հ/կ-ն սփյուռքի եւ տեղի առաջատար գիտնականների միասնական ջանքերով մշակել եւ շրջանառության մեջ դրել գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգը, իսկ հետագայում՝ նաեւ օրենքի նախագիծը, որ ժամանակին արժանացել է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԳԱԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանի հավանությանը: «Այս հայեցակարգը ժամանակին մշակվել էր ազատ տնտեսական հարաբերություններ եւ զարգացման հեռանկար ունեցող երկրի չափանիշներով: Սրանով գիտությունը մտնում էր մրցակցային դաշտ, որտեղ բացառվում էին որեւէ ակադեմիկոսի կամ չինովնիկի միջնորդ-կոռումպացված դրսեւորումները: Լեւոն Տեր-Պետրոսյանն ակադեմիական աշխարհի մարդ էր, եւ նրան շատ հեշտ էր բացատրել, եւ ինքն էլ լավ տեղյակ էր գիտության ոլորտի խնդիրներին: Սկզբնական փաստաթուղթն անցել էր հատուկ քննարկումների եւ ԱԺ լսումների փուլը»,- ասում է «Համահայկական գիտական խորհուրդ» հ/կ նախագահ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը: Պրոֆեսոր Հայրապետյանը ասում է, որ 2000-ին ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը, ԳԱԱ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանը եւ ԿԳ նախկին նախարար Էդվարդ Ղազարյանը «Գիտության եւ գիտատեխնիկական քաղաքականության մասին» նոր հայեցակարգ են հեղինակել, որը մշակվել է՝ հաշվի առնելով խմբակային շահն ու կոռուպցիոն հնարավորությունները: Ահա այս հայեցակարգն էլ արդեն ներկայացվել է Կառավարության հաստատմանը: Հայեցակարգի մասին մենք լսեցինք նաեւ ԿԳ նախկին նախարար, ակադեմիկոս Էդվարդ Ղազարյանի կարծիքը: Մեզ հետ զրույցում պրն Ղազարյանը նշեց, որ 2004-2005-ին Կառավարության հետ աշխատել են այս փաստաթղթի վրա եւ սկզբնական ծրագիրը դեռ զարգացման կարիք ուներ: 2005-ին Կառավարությանը 3 առաջարկություն էր արվել, որը չի քննարկվել համահեղինակների հետ եւ ի վերջո ստեղծվել է աշխատանքային խումբ: «Ես չգիտեմ, թե որքանով են հաշվի առել մեր առաջարկությունները: Ես ծանոթ չեմ փաստաթղթի վերջնական տարբերակին: ՀՀ նախագահի հրամանագրով՝ ԿԳ նախարարության կազմում ստեղծվել է «Գիտության կառավարման պետական կոմիտե»: Սա էլ է անհասկանալի, թե ինչու է կոմիտեն ստեղծվել նախարարության կազմում: Կոմիտեները սովորաբար լինում են Կառավարությանն առընթեր: Ինչպե՞ս են ընտրելու, թե ո՞վ է լինելու Կոմիտեի նախագահը, սա էլ պարզ չէ: Ամենայն հավանականությամբ, նախագահի պաշտոնը կստանձնի Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր Սամվել Հարությունյանը: Պարզ չէ, թե ինչպիսին են լինելու ԳԱԱ-ի եւ «Գիտության կառավարման պետական կոմիտեի» հարաբերությունները»,- ասում է Էդվարդ Ղազարյանը: Ակադեմիկոս Ղազարյանն ասում է, որ հայեցակարգի աշխատանքային խմբում հիմնականում ներառվել են Պետհամալսարանից Սամվել Հարությունյանը, ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, ԳԱԱ-ից Հրանտ Մաթեւոսյանը (վերջինս ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանի ամուսինն է): Մեր զրուցակիցները չժխտեցին, որ գիտության ոլորտի բարեփոխումներին նվիրված հայեցակարգն ընդամենն ընդլայնել է չինովնիկների «աշխատանքային» դաշտը` պետական պաշտոնյաները կարող են համատեղությամբ աշխատել գիտության եւ կրթության ոլորտներում եւ իրենք իրենց գիտական աստիճաններ ու տիտղոսներ շնորհել: Հայեցակարգն անընդունելի են համարում նաեւ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչինչ չի ասվում ԳԱԱ բարեփոխումների մասին: Սիներիկ Հայրապետյանը բավականին կոշտ է արտահայտվում իր գործընկերների հասցեին, նշելով, որ մեր գիտության մասին կարելի է դատել, ելնելով ԿԳ նախարարության կողմից տարիներ շարունակ իրականացվող գիտական թեմաների ֆինանսավորման, ասպիրանտական տեղերի բաշխման, գիտնականների ատեստավորման խմբակային միջնորդավորված գործելաոճից: «Պարզ է, որ գիտնականին 28 հազար դրամ աշխատավարձ տվող Կառավարությունն ընդամենը ծաղրում է իր գիտնականին»,- ասում է պրոֆեսոր Հայրապետյանը: Ի տարբերություն Ս. Հայրապետյանի, Էդվարդ Ղազարյանը կարծում է, որ «Բարձրագույն որակավորման հանձնաժողովը» վատ չի աշխատում` հաշվի առնելով վերեւի ճնշումներն ու միջնորդությունները: «ԲՈՀ-ը գիտնականների որակավորման հարցում 15 տոկոսը մերժել է: Դա քիչ չէ ստեղծված իրավիճակում»,- ասում է Է. Ղազարյանը: Մեր գիտնականներն անխնա են իրար նկատմամբ: Անգամ իրար չեն խնայում, եթե երբեւէ խնդրել են իրար աջակցել` իր ծանոթին կամ բարեկամին: Ու երբ սկսում են անուններ տալ, ակնհայտ է դառնում, որ մեր ասպիրանտների շարքում շատ քիչ պատահական մարդիկ կան: Նրանք հիմնականում կամ փողատերերի, կամ էլ պաշտոնյաների ազգականներն են: