Հոկտեմբերի 9-13-ը Երեւանում տեղի է ունենալու հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդես: Ցուցահանդեսը նվիրված է նորանկախ Հայաստանի առաջին նամականիշի թողարկման 15-ամյակին եւ փոստի համաշխարհային օրվան: Հայաստանի ֆիլատելիստների միությունը հաղթողների համար սահմանել է 20 ոսկե, 25 արծաթե եւ 15 բրոնզե մեդալներ:
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ՀՖՄ նախագահ Հովիկ Մուսայելյանը նշեց, որ հայկական ֆիլատելիան լավ ավանդույթներ ունի, եւ ֆիլատելիայի հայապատումը սկսվել է դեռեւս Առաջին Հանրապետության ստեղծման տարիներին`1919թ. «Նորանկախ Հայաստանում պետության առաջ կային բավական լուրջ խնդիրներ, այդ թվում նաեւ` պետական զինանշանների, դրոշմանիշների, նամականիշների եւ այլնի ստեղծումը: Կառավարական հատուկ հանձնաժողովներ ստեղծվեցին, որոնց հիմնական առաքելությունը հայկական նամականիշների թողարկումն էր, դրանց էսքիզների դիզայնի ձեւավորումը: 1992թ. հրապարակվեց նորանկախ Հայաստանի առաջին նամականիշը: Իսկ հոկտեմբերի 9-ը` ցուցահանդեսի բացման օրը, համընկնում է Փոստի համաշխարհային օրվա հետ, եւ բացումն ուղղակիորեն կապել ենք այդ երկու իրադարձությունների հետ: Նորանկախ Հայաստանի փոստային պատմագրության մեջ մի քանի ցուցահանդեսներ են եղել` «Երեւան 90»-ը, 1990թ., որը նվիրված էր 88թ. երկրաշարժին: 1993թ. միջազգային ցուցահանդես եղավ, որը նվիրված էր Առաջին Հանրապետության 75-ամյակին, եւ 2001թ. ցուցահանդեսը` նվիրված Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: Վերջին տարիներին ֆիլատելիստական ցուցահանդեսներ այլեւս չեն եղել»,- պատմում է Հ. Մուսայելյանը:
Հանրապետական ցուցահանդեսն ունի կազմակերպչական կոմիտե`15 անդամներից բաղկացած, որը գլխավորում է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Ի դեպ, կազմկոմիտեի անդամներից է նաեւ առաջին նամականիշի ստեղծողը` նկարիչ Հարություն Սամուելյանը:
Ֆիլատելիստական ցուցահանդեսի տնօրեն Յուրի Կուպալյանը նշեց, որ 118 ցուցափեղկերի վրա կներկայացվի 35 ցուցանմուշ, ինչը, ըստ նրա, Հայաստանի համար բավական մեծ ցուցահանդես է. «Ֆիլատելիան ունի իր դասերը, եւ մենք պատրաստ ենք ցուցադրել տարբեր երկրներում տպագրված ցուցանմուշներ`յոթ դասով: Այդ դասերում ցուցադրելու ենք նաեւ ավանդական ցուցանմուշներ, օրինակ, Հայաստանը ներկայացնող: Մեծ Բրիտանիայի նամականիշներ կլինեն, ԽՍՀՄ-ի: Կլինեն նաեւ թեմատիկ ցուցանմուշներ` հոգեւորական, քաղաքական, սպորտին, բնությանը նվիրված եւ այլն: Կներկայացվեն ցուցանմուշներ, որոնք համաշխարհային ցուցահանդեսներում շահել են արծաթե եւ բրոնզե մեդալներ, ինչպես նաեւ՝ մեկ ոսկե մեդալ»,- ասաց Յ. Կուպալյանը:
Հովիկ Մուսայելյանն էլ ավելացրեց, որ ցուցահանդեսի հիմնական թեմատիկան լինելու է հայապատումը, քանի որ Հայաստանի թեմատիկայով կոլեկցիոներները ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում բավական շատ են: Նա ավելացրեց նաեւ, որ նախքան ցուցահանդեսը կազմակերպելն իրենք մտադրություն են ունեցել այն միջազգային մակարդակով անցկացնել: Բայց հետո որոշել են նախ՝ հանրապետական մակարդակով անցկացնել այն, արձագանքներ ստանալ: Իսկ ահա հաջորդ տարվանից Հայաստանում ամեն տարի կանցկացվեն միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսներ:
Մի քանի տարի առաջ Ադրբեջանը թողարկել էր «ադրբեջանական ժողովրդի նկատմամբ Հայաստանի կատարած ցեղասպանության վերաբերյալ» նամականիշ: Անդրադառնալով դրան` Հ. Մուսայելյանը նշեց, որ ֆիլատելիան բավական մեծ քաղաքական դերակատարում ունեցող ոլորտ է, եւ հրատարակված ֆիլատելիստական ցուցանմուշների արձագանքները շատ հաճախ կարող են ավելի մեծ լինել, քան լուրջ քաղաքական տարբեր ակցիաները. «Իրականում այդ բացը մեզ մոտ կա, որ հաճախ մեր ունեցածը պատշաճ ձեւով չենք ներկայացնում միջազգային հանրությանը: Այսինքն, մենք կարող ենք դրա մասին անընդհատ խոսել, իսկ մեր հարեւան երկիրը «հայկական ագրեսիայի ու ցեղասպանության» մասին կարող է մի նամականիշ թողարկել, որը մեծ տպաքանակով տարածվել է ամբողջ աշխարհում, տարբեր միջազգային կազմակերպություններում եւ այլն: Եվ այն բացասական հեղինակությունը, որ կարող է ունենալ Հայաստանը սրանից, երեւի այլ ակցիաներից հնարավոր չէր լինի ստանալ: Այսինքն, սա լուրջ քաղաքական ակցիա է, եւ ես կարծում եմ, որ սրանից հետո պետք է ուշադրություն դարձնենք, որ նոր թողարկվող հայկական նամականիշները քաղաքական լուրջ խնդիրների լուծման առաքելություն ունենան»,- ավելացրեց նա: