Պահպանվում են պետության կողմից

06/10/2007

Երեւանում երեկ բացվել է ՀՀ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) վարչական նոր շենքը: Կարմիր ժապավենը կտրել են ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ու ՊՊԾ պետ Գրիգորի Սարգսյանը: Արարողությանը ներկա էին եւ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ շենքում շրջեցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ՖԷ նախարար Վարդան Խաչատրյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, Երվանդ Զախարյանը եւ այլք: «Հանրապետության նախագահի աջակցությամբ ստեղծել ենք բազա, որը նախկինում չունեինք, հենց այստեղ էլ տեղի կունենան մշտական պատրաստվածության մարզումները»,- ասել է Գ. Սարգսյանը: Ծառայությունն ունի առանձին բաժին, որը սպասարկում է նաեւ օտարերկրյա այն հյուրերին, ովքեր իրենց երկրում էլ են պահպանվում: Ծառայությունը գործում է ԱԱԾ համակարգում: Ծառայության ստեղծման իրավական հիմք է հանդիսանում 2004թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը, որը սահմանում է, որ պետական պահպանություն տրամադրվում է ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, նաեւ պաշտոնաթող նախագահին: Այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել ՀՀ նախագահի սահմանած կարգով եւ ժամկետներում։ Ներկայումս ՀՀ նախագահի կարգադրությամբ պահպանություն է տրամադրվում նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, տարածքային կառավարման եւ պաշտպանության նախարարներին ու Երեւանի քաղաքապետին: