Բյուջեն արդեն ԱԺ-ում է

06/10/2007

Երեկ կառավարությունն ԱԺ է ուղարկել «ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի եւ պետական բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերի փաթեթը, որը նախատեսված է ԱԺ-ում քննարկել նոյեմբերի 12-ին: Կառավարությունը 2008թ. պետբյուջեն հաստատել է եկամուտների գծով` 744.7 մլրդ դրամ, ծախսերի գծով` 820.8 մլրդ դրամ, դեֆիցիտը` 76.0 մլրդ դրամ: ԱԺ մեծամասնությունը համոզված է, որ խորհրդարանը հաստատելու է կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը: ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի փոխանցմամբ` այս տարվա բյուջեում ընդհանրապես դոլար-դրամ հարաբերությունը նշված չէ: Նախագծի համաձայն` 2008-ին նվազագույն աշխատավարձը բարձրացվելու է եւս 5000 դրամով` հասցվելով 25 հազար դրամի, կբարձրացվեն նաեւ բժիշկների եւ մանկավարժների միջին աշխատավարձի, դիվանագիտական ծառայողների, քաղծառայողների պաշտոնեական դրույքաչափերը: Իսկ ինչ վերաբերում է կենսաթոշակներին, ապա նախատեսվում է այն բարձրացնել 60 տոկոսի չափով: