Մեղավորության կանխավարկած

12/05/2005 Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Մեր խորհրդարանում շատ հազվադեպ են քննարկումներ ընթանում ինչ-որ օրինագծի կամ օրենքի շուրջ: Պատգամավորները խորհրդարանական ամբիոնն ավելի շատ օգտագործում են իրար մեղադրելու, վարչապետ-ԱԺ նախագահ հարաբերությունները պարզելու եւ նման այլ բաների համար: Ոմանք նաեւ երգում են, մյուսներն էլ խոստանում են երգացնել ու պարացնել: Բայց խորհրդարանում որոշակի աշխուժություն, այնուամենայնիվ, նկատվում է, երբ քննարկվում է տնտեսական օրենսդրությանը վերաբերող ինչ-որ նախագիծ, իսկ ավելի կոնկրետ՝ հարկային վարչարարությանն առնչվող օրենք կամ օրինագիծ: Ակտիվանում են հիմնականում գործարար պատգամավորները, քանի որ այդ դեպքում ուղղակիորեն վտանգի տակ է դրվում իրենց անձնական-տնտեսական շահը: Դա միանգամայն բնական ու տրամաբանական է, առավելեւս՝ երբ կառավարությունը հարկային վարչարարության «բարեփոխումների» անվան տակ փորձում է հնարավորինս ընդլայնել տնտեսավարող սուբյեկտներին «քամելու» հնարավորությունների շրջանակը:

Եվ ահա, կառավարությունը հանդես է եկել հերթական օրենսդրական նախաձեռնությամբ, որով տնտեսավարող սուբյեկտներին հեշտությամբ կարելի կլինի «տեղափոխել» քրեական պատասխանատվության դաշտ: Բանն այն է, որ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, որով հարկային պարտավորություններից խուսափելը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն: Առաջարկվող փոփոխությունների համաձայն` հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց խուսափելը, հաշվապահական հաշվառում կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվառում չվարելը, հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելը կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելը, որը կատարվել է խոշոր չափով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ՝ ուղղիչ աշխատանքներով՝ 1-2 տարի ժամկետով, կամ՝ ազատազրկմամբ՝ մինչեւ երեք տարի ժամկետով։ Բացի այդ, ըստ առաջարկվող մեկ այլ փոփոխության, եթե նույն արարքը կատարվել է առանձնապես խոշոր չափերով (որը սահմանված է` նվազագույն աշխատավարձի 10 հազարապատիկը գերազանցող գումարը), ապա այդ արարքը պատժվում է 3-7 տարի ազատազրկմամբ։ Ամենահետաքրքիրն այն է, որ կառավարությունն այս փոփոխությունների նախաձեռնությունը համարել էր հրատապ եւ Ազգային ժողովին առաջարկել էր 1-ին եւ 2-րդ ընթերցումները կազմակերպել 24-ժամյա ռեժիմով: Բնականաբար, գրեթե բոլոր գործարար պատգամավորները դեմ արտահայտվեցին այս փոփոխություններին, եւ երեկ կայացած քվեարկության ժամանակ դրանք չընդունվեցին: Կառավարությունը ստիպված եղավ ետ վերցնել օրենսդրական նախաձեռնությունը՝ այն լրամշակելու եւ առաջիկայում նորից Ազգային ժողով ներկայացնելու համար: Թե ինչ լրամշակումներ է կատարելու կառավարությունը, տվյալ դեպքում, այնքան էլ էական չէ: Փոփոխությունները կարող են կապված լինել պատժաչափերի, ազատազրկման տարիների եւ այլ նման դետալների հետ: Ավելի կարեւոր է այն հարցը, որ կառավարությունն ընդհանրապես նման քայլ է նախաձեռնել, որի իմաստը տնտեսական խախտումներին քրեական բնույթ հաղորդելն է: Այսինքն` լայն իմաստով, փորձ է արվում տնտեսական հարաբերություններում քրեական պատասխանատվության տարր մտցնել, ինչը կարող է միանգամայն կանխատեսելի հետեւանքներ ունենալ: Գործնականում Հայաստանում դժվար կլինի գտնել որեւէ ձեռնարկություն կամ ընկերություն, որի մոտ հաշվապահությունը լինի կատարյալ վիճակում: Այսինքն՝ Հարկային տեսչության աշխատակիցներն «անհրաժեշտության» դեպքում կարող են ցանկացած ընկերությունում հայտնաբերել այնպիսի խախտումներ, որոնց «ընթացք տալու դեպքում»` տվյալ գործարարը կարող է կանգնել քրեական պատասխանատվության առաջ:

Կառավարությունն իր նախաձեռնությունը հիմնավորում է նրանով, որ այս փոփոխությունները հնարավորություն կտան հայտնաբերել անբարեխիղճ տնտեսվարողներին: Սա հիմնավոր է թվում միայն առաջին հայացքից: Քանի որ այս դեպքում անբարեխիղճ տնտեսվարողին դարձնելու են ոչ թե բարեխիղճ տնտեսվարող, այլ պոտենցիալ քրեական հանցագործ: Ընդ որում, այս հեռանկարը սպառնալու է ոչ միայն անբարեխիղճներին, այլ գործնականում բոլոր տնտեսվարողներին, քանի որ, ինչպես նշեցինք, Հայաստանում ցանկացած գործարարի «անբարեխիղճ» դարձնելը մեծ դժվարություն չի ներկայացնում: Իսկ սա հնարավորություն կտա իշխանություններին վերահսկել առանց այդ էլ վերահսկելի գործարար աշխարհը: Քանի որ մի բան է ֆինանսական տույժը, եւ բոլորովին այլ բան է քրեական պատասխանատվության առաջ կանգնելու սպառնալիքը: